Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որտեղ առաջարկում է սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկել, վիրավորանքի դեպքում մեկ միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:
Խոսքը մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում` պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգում փոփոխություններ կատարելու մասին է:
Հոդվածը սահմանում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.
• Հրապարակայնորեն ներողություն խնդրել:
• Եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը:
• Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.
.Եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:
• Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Նախագծի հիմնավորումներում հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումներից մեկին, ըստ որի քաղաքացիական ծառայողները, որոնք նշանակված են պաշտոնում, ինչպես եւ քաղաքական գործիչները, ենթարկվում են առավել լայն քննադատության, քան մասնավոր անձինք:
Եւ որպես հիմնավորում նշվում է այն, որ նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել` խստացնել, խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները:
«Նման կարգավորումը միտված է պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը, կեղծ զրպարտչական եւ (կամ) վիրավորական արտահայտություններից: Խոսքի արտահայտությունն ընդունելով որպես բարձրագույն արժեք ժողովրդավարական հասարակությունում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փաստել, որ այն բացարձակ իրավունք չէ, եւ կարող է սահմանափակվել այլոց իրավունքների պաշտպանության նպատակով»,-ասված է նախագծում:
Ըստ ԱԺ փոխխոսնակի` խոսքի ազատության սահմանափակումը կարող է լինել իրավաչափ, եթե այդ սահմանափակումը պաշտպանում է որեւէ անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, եթե այդ սահմանափակումը սահմանված է օրենքով, եւ եթե այդ սահամանափակման դեպքում նախատեսված պատասխանատվությունը համաչափ է ժողովրդավարական հասարակության չափանիշների տեսանկյունից:
Նշվում է նաեւ, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:
Ըստ նախագծի հեղինակի` ներկայում բավականին լայն տարածում է գտել համացանցի միջոցով անձանց կարծիքն ազատ արտահայտելու համար անհիմն վիրավորելը, բացառություն չէ նաեւ անձանց հրապարակային զրպարտելու ինստիտուտը:
Ըստ հիմնավորման` լրագրողը պարտավոր է հրաժարվել այնպիսի տեղեկատվության հրապարակումից, որը չի համապատասխանում իրականությանը, սպեկուլյատիվ բնույթ ունի, լրիվ չէ ու ունի առեւտրային ուղղվածություն:
Նախագծի համաձայն` առաջարկվող փոփոխությունները կապահովեն լրացուցիչ երաշխիքներ անձանց արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլեւ զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար: