Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագիրն իրականացնելու նպատակով 2020 թվականի պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 21, 6 մլրդ դրամ: Արդյունքում, հանրապետության մարզերում շուրջ 251,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված և թվով 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանք կիրականացվի: Ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայում իրականացման փուլում են գտնվում փոխանցիկ համարվող ծրագրերը, որոնք չեն ավարտվել 2019-ին: Այդ ծրագրերով շուրջ 31 կմ ճանապարհատվածի շինարարություն է ընթանում:
«Այս տարվա համար նախատեսված շինարարական աշխատանքների մասով գրեթե ամբողջությամբ ավարտել ենք մրցութային գործընթացները, կնքել ենք պայմանագրերն, ամբողջ ծավալով անցել ենք շինարարական մեկնարկի փուլ: Մոբիլիզացվել են շինարարական ընկերությունները, և առջևում մեզ սպասում են մեծածավալ շինարարական աշխատանքներ»,-ասաց Քրիստինե Ղալեչյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի սպասվում է նաև շուրջ 87 կմ միջին նորոգման աշխատանքներ, որոնք ևս մեկնարկային փուլում են: Նախարարի տեղակալը նշեց, որ սա բարձր ցուցանիշ է, սակայն հույս հայտնեց, որ պլանավորված ամբողջ հատվածի աշխատանքը կիրականացվեն: Աշխատանքներում ներգրավված են այնպիսի ճանապարհներ, որոնք տասնամյականեր շարունակ չեն հիմնանորոգվել: Մասնավորապես, ճանապարհաշինություն է կատարվում Այգեպարում, Բերդավանում, Բերքաբերում և այլ համայնքներում:
«Առհասարակ խնդիր է դրված՝ սահմանամերձ շրջաններում ճանապարհների որակի մակարդակը պետք է որևէ ձևով չզիջի քաղաքներին: Ասեմ, որ ընդհանրապես ճանապարհների որակի հարցը այս տարի ևս հստակ է դրված: Այս ընթացքում եղել են խնդիրներ կապալառուների հետ կապված, երբ աշխատանքը չի ընդունվել, որից հետո թերություններն արագ շտկվել են: Մի բան հստակ է, թերի աշխատանք չի ընդունվելու»,-ասաց նա:
Նախարարի տեղակալը նկատեց, որ այս ընթացքում հնարավորություններ են ստեղծվել, որ համայնքներում, մարզերում արտագնա աշխատանքից վերադարձած մեր քաղաքացիները առավելագույն ձևով ներգրավված լինեն ճանապարհաշինարարական աշխատանքներում: Այժմ հետազոտություններ են արվում, որպեսզի հասկանան, թե որքան մարդ ներգրավվեց, և առհասարակ շինարական կազմակերպությունները կորոնավիրուսի պայմաններում ինչ սոցիալական խնդիր լուծեցին: