Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ ճգնաժամերն ունենում են մեծ հետևանքներ, սովորաբար` անկանխատեսելի: Մեծ դեպրեսիան ծնեց մեկուսացում, ազգայնականություն, ֆաշիզմ և Երկրորդ աշխարհամարտ, սակայն նաև նպաստեց Ռուզվելտի Նոր ուղեգծին, ԱՄՆ-ի` որպես համաշխարհային գերտերության դերի մեծացմանը և, որպես վերջնարդյունք, գաղութների վերացմանը: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը հանգեցրեց ամերիկյան երկու անհաջող ինտերվենցիաների, Իրանի դերի մեծացմանը և իսլամական արմատականության նոր ձևերի: 2008-ի ֆինանսական ճգնաժամը հակաիսթեբլիշմենթական պոպուլիզմի ալիք բարձրացրեց, որը դարձավ առաջնորդների փոխման պատճառ ամբողջ աշխարհում. ըստ yerkir.am-ի` Foreign Affairs ամսագրում տպագրած «Համավարակը և քաղաքական կարգը» հոդվածում նշում է քաղաքագետ, տնտեսագետ, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման:
«Ապագայի պատմաբանները կարող են վերլուծել նոր կորոնավիրուսի համավարակի բոլոր հետևանքները, ներկայումս խնդիրն այն է, որ կանխատեսենք դրանք: Արդեն պարզ է, թե ինչու որոշ երկրների հաջողվում է հաղթահարել համավարակի ճգնաժամն ավելի մեծ հաջողությամբ, քան մյուսներին, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ միտումները կպահպանվեն: Դա քաղաքական ռեժիմի ձևի խնդիր չէ: Որոշ ժողովրդավարություններ ցուցադրել են լավ արդյունքներ, որոշները` ոչ, նույնը կարելի է ասել ավտոկրատիաների մասին»,- գրում է Ֆուկույաման և թվարկում գործոնները, որոնց շնորհիվ համավարակին արձագանքելը հաջող է ստացվել` պետության պոտենցիալը, սոցիալական վստահությունը և առաջնորդները:
Ըստ նրա` այս երեք բաղադրիչով երկրները` կոմպետենտ պետական ապարատ, կառավարություն, որին քաղաքացիները վստահում և ականջալուր են լինում, և արդյունավետ առաջնորդներ, հասել են տպավորիչ արդյունքների` կարողանալով սահմանափակել վնասը: Անգործունակ պետական ապարատով, բևեռացված հասարակությամբ կամ վատ ղեկավարներով երկրներն իրենց քաղաքացիներին ու տնտեսությունը խոցելի են դարձրել:
Սթենֆորդի համալսարանաի պրոֆեսորը նշում է, որ ինչքան շատ ենք իմանում COVID-19-ի մասին, այնքան ավելի է թվում, որ ճգնաժամը երկարատև է լինելու, ձգվելու է տարիներ, այլ ոչ թե եռամսյակներ: Վիրուսը կանխատեսվածից քիչ մահաբեր է, սակայն` շատ վարակիչ և հաճախ փոխանցվում է առանց ախտանշանների: Էբոլան չափազանց մահաբեր է, սակայն դրանով քիչ են վարակվում. զոհերն արագ են մահանում` մինչև վարակը փոխանցելը: COVID-19-ի պարագայում հակառակն է, համապատասխանաբար` մարդիկ հակված չեն այն լուրջ ընկալել, այդ պատճառով այն լայնորեն տարածվել է և շարունակելու է տարածվել աշխարհում` մեծ թվով մահերի պատճառ դառնալով:
«Թվում է` պահը, երբ երկրները կարող են հայտարարել հիվանդության նկատմամբ լիակատար հաղթանակի մասին չի գա, ավելի ճիշտ` տնտեսությունը կվերսկսի գործել դանդաղ ու զգույշ, իսկ ճգնաժամից դուրս գալու առաջընթացը կդանդաղի վարակի հետագա նոր ալիքներով:
Վերականգնման V-աձև սխեմայի հույսը չափազանցված լավատեսական է: Ավելի հավանական է L-աձև վերականգնումը` վերևում թեքված երկար պոչով, կամ W-աձև զիգզագների սերիան: Մոտ ապագայում համաշխարհային տնտեսությունը չի վերադառնա վիճակին, որը գոնե քիչ հիշեցնում է մինչ համավարակը եղած վիճակը»,- գրում է Ֆուկույաման:
Ըստ նրա` երկարաձգվող ճգնաժամը տնտեսական տեսանկյունից նշանակում է ընկերությունների սնանկացում, նաև զբոսաշրջային ինդուստրիայի, առևտրի կենտոնների, մանրածախ ցանցերի համար կործանարար հետևանքներ:
«ԱՄՆ տնտեսության մեջ շուկայական կոնցենտրացման մակարդակը տասնամյակներ շարունակ անընդմեջ աճում էր, և համավարակը միայն կխորացնի այդ միտումը: Միայն խոշոր ընկերությունները` խոր գրպաններով, կկարողանան դիմանալ փոթորկին, ընդ որում` ամենաշատը կշահեն տեխնոլոգիական հսկաները, քանի որ թվային փոխգործակցությունը դառնում է ավելի ու ավելի կարևոր»,- նշում է Ֆուկույաման և անդրադառնում նաև համավարակի քաղաքական հետևանքներին, որոնք կարող են լինի ավելի զգալի:
Ըստ նրա` բնակչությանը, ամենայն հավանականությամբ, հավաքական զոհաբերության հերոսական գործողությունների կոչ կանեն` որոշ ժամանակով, ոչ ընդմիշտ: Երկարատև համաճարակը, աշխատատեղերի կրճատման, երկարատև ռեցեսիայի ու աննախադեպ հարկային բեռի համադրությամբ, լարվածություն կստեղծի, որը կվերածվի քաղաքական արձագանքի, սակայն դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ում դեմ:
Ֆրենսիս Ֆուկույաման համոզված է` իշխանության համաշխարհային բաշխումը տեղափոխվում է Արևելք, քանի որ Արևելյան Ասիան ավելի լավ է այս իրավիճակից գլուխ հանել, քան Եվրոպան կամ ԱՄՆ-ը: Թեև համավարակը սկիզբ է առել Չինաստանում, և Պեկինը նախնական շրջանում թաքցնում էր դա ու թույլ տվեց տարածվել, Չինաստանը, ըստ նրա, կշահի այս ճգնաժամից: Դա կապված է այն բանի հետ, որի մյուս կառավարությունները սկզբում նույնպես իրավիճակին համարժեք չէին արձագանքում, նույնպես փորձում էին թաքցնել փաստը` իրենց քաղաքացիների համար մահաբեր հետևանքներով, բայց Պեկինը, համենայն դեպս, կարողացավ վերահսկելի դարձնել իրավիճակը և արդեն անցել է տնտեսության արագ ու կայուն վերականգնմանը:
ԱՄՆ-ը, ընդհակառակը, հիմնականում տապալել է ճգնաժամին արդյունավետ արձագանքելու առաքելությունը, ինչի հետևանքը նրա վարկանիշի կտրուկ անկումն է: «ԱՄՆ-ը հսկայական հնարավորությունների տեր է և նախկին համավարակներով պայմանավորված ճգնաժամերի հաղթահարման մեծ փորձ ունի, սակայն խիստ բևեռացված ամերիկյան հասարակությունը, նաև պետության ղեկավարի ոչ կոմպետենտությունը պետությունը զրկել են կարգավորված ու արդյունավետ գործելու հնարավորությունից: Նախագահը ազգային միասնականությանը նպաստելու փոխարեն հասարակության պառակտման կրակին յուղ էր լցնում` քաղաքականացնելով օգնության բաշխման հարցը, կարևոր որոշումների կայացման պատասխանատվությունը գցելով նահանգապետերի վրա, իսկ հետո խրախուսում էր հենց այդ` հասարակական առողջությունը պաշտպանել փորձող նահանգապետերի դեմ բողոքները` միաժամանակ հարձակվելով նաև միջազգային ինստիտուտների վրա` դրանք վերակենդանացնելու փոխարեն: Աշխարհին մնում է զարմացած նայել այդ ամենին, իսկ Չինաստանը չի կորցնի ընդգծելու հնարավորությունը, թե ում օգտին է համեմատությունը»,- գրում է Ֆուկույաման:
Առաջիկա տարիներին, նրա կարծիքով, համավարակը սպառնում է դառնալ ԱՄՆ-ի հարաբերական անկման, լիբերալ միջազգային կարգի շարունակվող էրոզիայի, նաև համաշխարհային ֆաշիզմի վերելքի պատճառ: Սակայն այն կարող է նաև հանգեցնել լիբերալ ժողովրդավարության վերածնմանը, համակարգ, որը բազմիցս փակուղի է տարել թերահավատներին` ցուցադրելով կայունության և նորացման բացառիկ կարողություններ:
«Այդ հակաբևեռ տեսլականների տարրերն ի հայտ կգան տարբեր վայրերում: Ցավոք, եթե ներկայիս միտումները արմատապես չփոխվեն, ընդհանուր կանխատեսումը մռայլ կլինի»,- ընդգծում է Ֆրենսիս Ֆուկույաման:
Շարունակելի