Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014-ի հոկտեմբերի 23-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ճանաչվեց սնանկ: Դրանից հետո կառավարիչ Արսեն Չիտչյանը վերոհիշյալ դատարան սնանկության գործով միջնորդություն ներկայացրեց ՓԲԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:
Yerkir.am-ի հետ զրույցում Չիտչյանը հայտնեց, որ ընկերության գույքը վաճառվում է մեկ լոտով` աճուրդի միջոցով: Ըստ նրա` այս պահին աճուրդի է հանվել երկու լոտ` գույքը և Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող սրճարանը /այն գտնվում է Մարզահամերգային համալիրի հյուսիսարևմտյան կողմում/:
«Երկու լոտերի համար էլ արդեն եղել են աճուրդներ, բայց դեռ գնորդ չունենք: Չեմ կարող ասել` ինչն է պատճառը: Համենայն դեպս, գնորդը պետք է գնահատի իր ռիսկերը, թե որքան տարածքում կաշխատի սրճարան, կամ որքան շահույթ կբերի այն իրեն: Սպասենք հաջորդ աճուրդին»,- ասաց Չիտչյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` աճուրդի հանված լոտերի գինն այս անգամ գրեթե կիսով չափ նվազել է, բայց, միևնույն է, գնորդներ չկան: Ավելին` սրճարանն /264,5քմ մակերեսով/ այժմ աճուրդի է հանվել նախնական` 15.957.000 ՀՀ դրամով: Հունիսի 2-ին նշանակված էր սրճարանի աճուրդը, սակայն այն չի կայացել հայտ չլինելու պատճառով: Հաջորդ աճուրդը կլինի հունիսի 23-ին:
Իսկ համալիրի գույքը հունիսի 3-ին կրկնաճուրդի էր հանվել, որը, սակայն, նույնպես չի կայացել գնորդ չլինելու պատճառով: Գույքը կրկին աճուրդի է հանվելու հունիսի 23-ին. լոտի մեկնարկային գինն է 1.265.362.687 ՀՀ դրամ /նախորդ անգամ մեկնարկային գինը մոտ 2,5 մլրդ դրամ էր/:
Ի դեպ, մեկ լոտով աճուրդի հանված գույքի մեջ են մտնում` «սեղաններ /փայտե, գրասեղան, կաշվե ծածկով, ամսագրերի սեղան/, աթոռներ /տարբեր տեսակի/, գրապահարաններ, յուղանկարներ, գորգեր, կախիչներ, ջրի ապարատ, դրոշներ, ճնշումը կարգավորող սարքավորում, հին կարի մեքենա, վարագույր, ֆոտոնկարներ, բոքսի տանձիկներ, հայելիներ, սառնարան, գլոբուս, ՀՀ դրոշ, ՀՀ գերբ, լվացարաններ, դաշնամուր, գրիլի ապարատ, չժանգոտվող ծխնելույզներ, ծաղկամաններ, խոտհնձիչ մեքենա, ջրի վենտիլ, տրայնիկ, ջրի փական, սալիկ, անվադող, բիլիարդի սեղան և շառեր, աղբաման, օղու, շամպայնի բաժակներ, գրաֆինկա, չարազի աման /4 տեղանոց/»:
Տեղեկացնենք նաև, որ ընթացիկ տարվա փետրվար 18-ի կառավարության նիստում որոշվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը փոխանցել պետգույքի կառավարման վարչությանը: Իսկ թե ի՞նչ հեռանկարներ ունի պետգույքը` Մարզահամերգային համալիրի հետ կապված, և ինչ աշխատանքներ են տարվել` Համալիրի կյանքն աշխուժացնելու համար, կներկայացնենք ավելի ուշ:
Կ. Հ.