կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-30 10:10
Սփյուռք

Հայ հեղափոխական Վանա Սարգիսի ծոռնուհին՝ Ստրասբուրգի քաղաքապետ

Հայ հեղափոխական Վանա Սարգիսի ծոռնուհին՝ Ստրասբուրգի քաղաքապետ

Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժանն Բարսեղյանը հեղափոխական գործիչ, ՀՅԴ անդամ Սարգիս Բարսեղյանի և Հայաստանի Առաջին հանրապետության խորհրդարանի կին պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյանի ծոռնուհին է. այս մասին գրում է Arevelk.am-ը։  

Սարգիս Բարսեղյանը (իսկակակ անունով Սարգիս Օզաբաշյան) կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև Ժնևի համալսարանում։ Քրիստափորի հրահանգով թողել է ուսումը և վերջինիս հետ ժամանել Բաքու, որտեղ կազմակերպել է տեղեկատվական թերթոնների տարածումը հայազգի աշխատավորների շրջանում։

Բարսեղյանը Շուշիում մասնակցել է «Փոթորիկ» ռազմագործողությանը և ձերբակալվել։ Բանտ տեղափոխվելու ճանապարհին նրա զինակիցները հարձակվել են բանտարկյալներին ուղեկցող ժամապահների վրա և ազատ արձակել Բարսեղյանին՝ իրենց հետ տանելով նաև զենք, զինամթերք։

Բարսեղյանը մասնակցել է հայ-թուրքական կռիվներին, Վանում եղել է կուսակցական գործիչ, ընտրվել է Կարինի բյուրոյի անդամ։ Հայտնի է եղել Վանա Սարգիս, Շամիլ և այլ անուններով: 

Նրա կինը՝ Պերճուհի Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը նույնպես ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ունեցել: Ծնվել  1886 թվականին՝ Էդիրնեում: Միջնակարգ դպրոցն ավարտել է Ֆիլպեում (այժմ՝ Պլովդիվ): 16 տարեկանում հանդիպել է ապագա ամուսնուն՝ հեղափոխական Սարգիս Բարսեղյանին, վերջինիս խորհրդով օրիորդների խմբակ է ստեղծել, որի նպատակն էր լուսավորություն և հեղափոխական գաղափարներ տարածելը: Մեկնել է Ժնև, ուսանել գրականություն և մանկավարժություն: Ստեղծագործել է Էտնա կեղծանունով: Պարտիզպանյանի պատմվածքները ամփոփված են «Փոթորիկեն վերջ» ժողովածուում, իսկ կյանքի մանրամասները և հեղափոխական գործունեության մասին հուշերը  հայերենով լույս են տեսել 2016 թ.-ին՝  «Խանձուած օրեր»  խորագրով, Բեյրութում: Գրքի բնօրինակը ֆրանսերեն է, որը Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը գրել է Ֆրանսիայում ապրած ժամանակ, որտեղ ղեկավարել է Նանսենյան գրասենյակը: Հարուստ կենսագրություն ունեցող այս կինը մահացել է 1940-ին:

Գրքի շապիկին Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետի պապի` Արմեն Բարսեղյանի լուսանկարն է, որ եղել է իրավաբան: Պապի օրինակով իրավաբան է դարձել նաև թոռնուհին՝ Ժանն Բարսեղյանը, որ ծնվելով Փարիզում, հետագայում տեղափոխվել է Ստրասբուրգ, զբաղվել նաև բնապահպանական հարցերով: