կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 18:02
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով․ դատավոր Ազարյան

Ես ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով՝ ըստ Yerkir.am-ի ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ ԲԴԽ նիստում, որը քննում էր իր նկատմամբ արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը։

Նախարարությունը վարույթը հարուցել է՝ բավարարելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջնորդությունը և համարելով, որ դատավորը նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել և վիրավորական արտահայտություններ արել:

Ազարյանն ասաց, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք հանդիսացած՝ ՀՔԾ պետի բազմածավալ՝ 10 էջից բաղկացած հաղորդումից ընդամենը 2 նախադասությունից բաղկացած մեկ պարբերություն է տեղ գտել կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ:

«Դատավորը 05.03.2020թ. հրապարակել է քննիչի ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, որից հետո սկսել է մեկնաբանել որոշումը, մասնավորապես՝ նախ նշել է, որ նախկինում 8 դատական ակտեր է կայացրել ՀՔԾ-ին հակառակ, ինչն արդյունք է քննչական ծառայության վատ աշխատանքի, այնուհետեւ դատավորը սկսել է վիրավորական արտահայտություններ անել պաշտոնատար անձանց հասցեին՝ նշելով, որ դատարանը հույս ուներ, որ քննիչը չէր իջնի քննչական ծառայության պետի մակարդակին՝ վիճարկելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը»,-խոսքն այս պարբերության մասին է:

Ալեքսանդր Ազարյանը վստահեցրեց, որ այն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում:

Ուսումնասիրելով ՀՔԾ պետի միջնորդությունը, Ազարյանի համոզմամբ, կարելի է նկատել, որ դրանում բացակայում է հիշյալ պարբերությունը և 2020թ. մարտի 5-ի նիստի իրադարձությունները ներկայացված են իրականությանը համապատասխան. «Պարոն նախարարն ասաց, որ իմ նկատմամբ վարույթ հարուցելու օրվա դրությամբ ծանոթ է եղել դատական նիստի արձանագրությանը, ինձ մոտ հարց առաջացավ, որն ուղղեցի պարոն նախարարին, եւ որը մնաց անպատասխան. ինչո՞ւ ձեռքի տակ ունենալով ՀՔԾ պետի հաղորդումը եւ 2020թ. մարտի 5-ի ձայնագրությունը, իմ նկատմամբ վարույթ հարուցելու որոշմամբ նախապատվությունը տվել է պետի հաղորդման մեջ եւ իրականությանը չհամապատասխանող տվյալների»:

Ըստ նրա՝ միայն դրանից հետո ԲԴԽ-ին ուղղված իր միջնորդությամբ է նախարարը նշել  իրականությունը. «Սա վկայում է այն մասին, որ վարույթ հարուցելու դրությամբ, այնուամենայնիվ, նախարարը դատական նիստին ծանոթ չի եղել եւ վստահել է ՀՔԾ պետին, իսկ այն, որ պետը իմ նկատմամբ հաղորդում ներկայացնելու պահի դրությամբ  և մարտի 5-ի դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել, կասկած չի հարուցում. համոզվելու համար բավական է ունկնդրել նիստի ձայնագրությունը»:

Ազարյանի տեսանկյունից հատկանշական է, որ այդ պարբերությունը, որը իրականությանը չի համապատասխանում և տեղ է գտել ՀՔԾ հաղորդման մեջ, բառացի եւ տառացի արտատպված է իրեն ինքնաբացարկ հայտնելու մասին դատախազի միջնորդությունից. «Ստացվում է, որ ՀՔԾ պետը վստահել է դատախազին, իսկ պարոն նախարարը՝ ՀՔԾ պետին»:

Ազարյանն ասաց, որ ինքն ասել է՝ հույս ունի, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չի վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը:

Նա պատմեց, թե Սասուն Խաչատրյանը կոնկրետ երբ եւ ինչպես է վիճարկել իր կողմից կայացված և ուժի մեջ մտած որոշումները. «ՀՔԾ պետն իր հրապարակային ելույթի ժամանակ՝ 2018թ. օգոստոսի 13-ին, իրեն թույլ է տվել գնահատական տալ իմ կողմից կայացված եւ իր կողմից դեռեւս անծանոթ դատական ակտին՝ այն անվանելով ապօրինի, ինչը, իմ կարծիքով, անթույլատրելի է, բացի այդ, իր մեկ այլ հրապարակային ելույթի ժամանակ՝ օգոստոսի 16-ին, ասել է, որ դատավոր Ազարյանը Մարտի 1-ի գործերով կայացված մի շարք դատական ակտերով խաղաղ ցուցարարների անվանել է ամբոխ, նշեմ, որ այդ չակերտավոր խաղաղ ցուցարարները նրանք էին, որոնք հրկիզում, ոչնչացնում եւ վնասում էին պետական եւ մասնավոր գույքը՝ մարմնական վնասվածքներ հասցնելով ոստիկաններին»:

Դատավոր Ազարյանը պնդեց, որ ինքը մեղադրական դատավճիռներ է կայացրել հենց ամբոխի մեջ ներառված անձանց նկատմամբ, որոնք կատարել են նշված գործողությունները, այլ ոչ թե խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչպես արտահայտվել է ՀՔԾ պետը. «Սակայն խոսքն այն մասին է, որ պետը, լինելով իրավաբան, պաշտոնյա, փաստացի կասկածի տակ է դրել եւ վիճարկել իմ կողմից կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը, որը, իմ կարծիքով, դարձյալ անթույլատրելի է»:

ԲԴԽ գիտնական անդամներին նա հարցրեց՝ ինչպե՞ս կգնահատեին այն ուսանողին, որը կասեր, որ բարձրաստիճան պաշտոնյան, իրավաբանը կարող է, իրավունք ունի հրապարակային գնահատական հնչեցնել դատական ակտերի վերաբերյալ և կասկածի տակ դնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը: Ազարյանի համոզմամբ՝ պատասխանը մեկն է՝ անբավարար. «Իսկ անբավարարը, իմ կարծիքով, համապատասխան մակարդակին չհամապատասխանելն է, տվյալ դեպքում՝ իրավաբանական մակարդակին չհամապատասխանելը, ինչի մասին ես արտահայտվել եմ դատական նիստի ժամանակ»:

Մանրամասն՝ տեսանյութում․