Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որոշել էի մի տևական ժամանակ մեր հանրային-պետական կյանքի մասին ոչինչ չգրել, քանզի այն գրելացավը, որ վերջին 2,5 տարում և հատկապես հետպատերազմյան շրջանում պատել է մեր ժողովրդի զգալի մասին, արդեն նողկանք է առաջացնում: Ինչպես ասում են՝ ամեն հասկացող-չհասկացող, որ կարող է լայվ մտնել, իր սեփական «խմբագրությունն» է բացել և սրբազան պարտքն է համարում արձագանքել ամեն ինչի: Ընդ որում, որպես կանոն՝ հայհոյախառը բառապաշարով, և ոչ միայն վատ չզգալով այդպիսի վարքագծի համար, այլև՝ մի տեսակ հերոսական կեցվածք ընդունելով: Սակայն ստիպված եմ որոշումս խախտել, երբ հարցը վերաբերում է ազգային արժեքների ոտնահարմանը, որովհետև այլևս ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե սովորական չիմացության կամ տգիտության հետ, այլ հետևողականորեն իրականացվող քաղաքականության: Ազգադա՛վ քաղաքականության:
Մեր հանրային խևը (նրա մասին հնարավոր չէ այլևս այլ կերպ արտահայտվել), Շուշին «դժբախտ, դժգույն քաղաք» հռչակելուց հետո, հիմա էլ անվերապահորեն հռչակեց ադրբեջանական՝ հերթական հաճույքը պատճառելով մեր թշնամուն, հավանաբար՝ նաև իր թիմակիցներին ու երդվյալ կողմնակիցներին: Եթե վերջինների մասով կարծիքս ճիշտ չլիներ, իրենց անհամաձայնությունը կհայտնեին: Այսօր երրորդ օրն է և նիկոլականներից ոչ ոք հակառակը չի ասել: Ուրեմն նրանց կարծիքով նույնպես Շուշին ադրբեջանական քաղաք է, հետևաբար Արցախն էլ ադրբեջանական հող է, այնինչ՝ առնվազն մեկուկես հարյուրամյակ Շուշին եղել է Արցախի մշակութային և հոգևոր կենտրոնը: Այստեղից բխում է այն տրամաբանական հետևությունը, որ հանուն Շուշիի և առհասարակ՝ հանուն Արցախի մարտնչողները ոչ թե ազատարարներ էին, այլ զավթիչներ: Հետևաբար հաջորդ տրամաբանական հարցը. պրն Նիկո՛լ և նիկոլիկնե՛ր, հանուն ինչի՞ մեր շուրջ հինգ հազար որդիների ու եղբայրների արյան տակ մտաք, շուրջ տասը հազարին խեղանդամ դարձրիք և նույնքան ընտանիքներ դժբախտացրիք: Հանուն ուրիշի հողերը զավթելո՞ւ: Բայց չէ՞ որ հայ ժողովուրդը Տիգրան Մեծից հետո նվաճողական պատերազմներ չի վարել: Ի՞նչ է, Նիկո՛լ, դու քեզ Տիգրան Մեծի՞ տեղն էիր դրել:
Այն ամենից հետո, ինչը հատկապես հետպատերազմյան շրջանում բոլորիս հայտնի է դարձել Նիկոլի և նրա թիմակիցների մասին, լիուլի բավարար էր, որպեսզի նրանք վաղուց իշխանություն չլինեին: Բավարար հիմքեր կան մտածելու, որ նմանօրինակ շատ բաներ էլ, օր. կրկնակի գործակալների նոր անուններ, որոնք, ըստ վերջին հրապարակման հեղինակի, կառավարությունում և ԱԺ-ում շարունակում են տնօրինել հայոց պետականության, ըստ էության՝ ողջ հայ ժողովրդի ճակատագիրը, դեռևս բացահայտված չեն, սրտատրոփ սպասում են իրենց հերթին: Էլ չեմ ասում այն մասին, որ նրանց մի մասն արդեն իսկ դատարաններում պիտի փորձեր պաշտպանել «իր բարի անունն ու գործարար համբավը», այսինքն՝ պաշտպանվեր հայրենադավության ու կոռուպցիայի մեղադրանքներից, բայց առերևույթ իրենց այնպես են պահում, կարծես այդ մեղադրանքները վերաբերում են ինչ-որ այլմոլորակայինների: Որքան էլ չուզեն գիտակցել, կստիպեն հանգամանքները, որովհետև հատկապես առաջին մեղադրանքով դատվելու դեպքում դա կլինի մի խարան, որը ոչ միայն իրենց, այլև իրենց մի քանի սերունդների կուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում, կդառնա նրանց հայրենալքման պատճառ: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետությունը գոնե առերևույթ դեռևս գտնվում է նրանց լծի տակ, իրավունք ունեմ ասելու, որ մենք ոչ թե արժանապատիվ ազգ ենք, այլ պատմության պոչից քարշ եկող ժողովուրդ: Մեր պետական ատյանները վերածվել են ավգյան ախոռների, սակայն դեռ չի նշմարվում այն հերոսը, որը կստանձնի դրանք մաքրելու առաքելությունը: Տրամաբանորեն այդ հերոսը պիտի լիներ ազգության համահավաք կամքը, որը ուժ կտար իր առաջնորդին, բայց կարծես թե դեռ վաղ է այդպիսի կամքի առկայության մասին խոսելը: Հավանաբար դեռևս պիտի շարունակենք կորուստներ ունենալ, որովհետև շարունակում ենք շփոթված մնալ պատերազմի պատճառած ցավի, Նիկոլի մանիպուլյատիվ վարքագծի և «թուղթուգիր» արված խորհրդարանական մեծամասնության միջև: Մենք ազգովի գտնվում ենք մի վիճակում, որին շատ է պատշաճում հայտնի ասացվածքը. «Մի գիժ քարը գցեց փոսը, հազար խելոք հավաքվեցին՝ չկարողացան հանել»: Իսկ չենք կարողանում, որովհետև իրենց խելոք երևակայող որոշ արվեստաբան, քաղաքագետ և այլ համքարությունների պատկանող նմանօրինակ տիտղոսակիրներ, հայտնի ու անհայտ շարժառիթներից ելնելով, շարունակում են գժին օվսաննաներ երգել և իրենց հերթին մոլորեցնել ժողովրդի մի մասին: Շարունակում են հայրենադավին մեծագործ ու իմաստուն հռչակել, ինչպես հայտնի հեքիաթի հերոսին, և նա էլ, ըստ երևույթին, հավատում է, որ ինքն իսկապես փրկիչ է: Այնինչ՝ «փրկիչը», գիշերվա հերթական վատ երազից հետո նոր անակնկալներ է մատուցում՝ այս անգամ արդեն ադրբեջանական հայտարարելով Շուշին: Մտածում ես՝ հետը գլուխ չդնես, բայց փորձը ցույց է տալիս, որ, չհանդիպելով հակազդեցության, նա ոչ միայն սկսում է հավատալ իր «մարգարեություններին», այլև փորձում դրանց «ճշմարտացիության մեջ» հավատացնել նաև ուրիշներին: Եվ տպավորություն կա, որ ո՛չ Շուշին ազատագրողներ են եղել, ո՛չ արցախյան պատերազմի հերոսներ և ո՛չ էլ առհասարակ ազգային-ազատագրական պայքար: Այդ ամենը պարզապես մի հաճելի երազ էր, որը քնից արթնանալուն պես ցնդել է:
Այս նողկալի իրականության հենքին չեմ կարող չդիմել պետական համակարգի աշխատակիցներին, մասնավորապես այն պաշտոնյաներին ու հերոս գեներալներին, որոնց պարտքն է պաշտպանել պետականության կործանվող նավը. «Դուք վատ չե՞ք զգում, որ դարձել եք Նիկոլի կամակատարները»: Առավել ևս ճղճիմ են նրանք, որոնք գարշահոտությամբ բուրող այս իրականության մեջ հորթային հրճվանքով նետվում են դեպի իրենց առաջարկվող պաշտոնները:
Վարդան Պետրոսյան
22. 01. 2021 թ.