կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 12:55
Տարածաշրջան

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքն առաջարկում է բացել Սբ Սոֆիայի տաճարի դռները քրիստոնյա և մահմեդական հավատացյալների համար

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքն առաջարկում է բացել Սբ Սոֆիայի տաճարի դռները քրիստոնյա և մահմեդական հավատացյալների համար

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը սատարում է Սբ Սոֆիայի՝ որպես աղոթավայրի, կարգավիճակի վերականգնման գաղափարը, որն այսօր ծառայում է որպես թանգարան: Վերջին շաբաթների ընթացքում ակտիվորեն քննարկվում է 6-15-րդ դարերում քրիստոնեական տաճար հանդիսացած, այնուհետև մզկիթի վերածված և 1934 թ. թանգարան դարձած կոթողը դարձյալ որպես մզկիթ ծառայեցնելու գաղափարը։ Քննարկումները հատկապես ակտիվացան այն բանից հետո, երբ մայիսի 27-ին՝ Կ. Պոլսի գրավման տարելիցի օրը Ռեջեփ Թայիփ Էրդողանը տաճարում մուսուլմանական աղոթք կարդաց։

Ժամանակակից Թուրքիայի ամենամեծ քրիստոնեական համայնքի ղեկավար Մաշալյանն իր թվիթերյան գրառման մեջ նշել է. «Հաջիա Սոֆիան կառուցվել է 10,000 աշխատողների կողմից: Այն անցել է բազմաթիվ վերակառուցումների միջով, և այդ բոլոր ջանքերն ուղղված էին այն պահպանելու՝ որպես երկրպագության վայր, և ոչ թե որպես թանգարան: Ես ենթադրում եմ, որ հավատացյալների աղոթքն ավելի լավ է համապատասխանում տաճարի ոգուն, քան շրջապատող հետաքրքրասեր զբոսաշրջիկները»:

Ելնելով այս նկատառումներից՝ պատրիարքը հույս ունի, որ նախկին տաճարը կվերաբացվի ինչպես մուսուլմանական, այնպես էլ քրիստոնեական աղոթքների համար, ինչը կլինի իսլամի և քրիստոնեության միջև հնարավոր միության նշան: Սահակ Մաշալյանը հիշեցնում է, որ տաճարը «բավականաչափ մեծ է քրիստոնյաների համար տեղ ստեղծելու համար»:

Պատրիարքը նաև հավելեց. «Նույնիսկ եթե մեր հավատքը տարբեր է, մի՞թե մենք նույն Աստծուն չենք հավատում»: