Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ հունիսի 10-ին Եվրախորհրդարանի կողմից արված՝ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր մայրուղու կառուցման վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հունիսի 10-ին Եվրախորհրդարանում Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողները եւ պատվիրակության ղեկավարը համատեղ հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր մայրուղու կառուցման վերաբերյալ:
Մենք մեծապես կարեւորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող քայլերը եւ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր ճանապարհի կառուցումով, նորից վերահաստատում մեր աջակցությունը նմանօրինակ ջանքերին:
Վերհաստատում ենք նաեւ Արցախի Հանրապետության հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ կարեւորում բանակցային գործընթացի բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը:
Միեւնույն ժամանակ փաստում ենք, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների վերոհիշյալ հայտարարությունը խիստ սուբյեկտիվ եւ կողմնակալ է իր բնույթով, իսկ նման մոտեցումները, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ էլ բացասական ազդեցություն են թողել մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված ջանքերին, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ իրենց գործունեությունն են իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները:
Վերոհիշյալ պատգամավորների սուբյեկտիվ մոտեցման մասին վկայում է նաեւ այն, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը նրանց կողմից երբեւիցե չի արժանացել ոչ մի արձագանքի:
Կոչ ենք անում խորհրդարանական կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին դատապարտել ցանկացած նմանօրինակ քայլ՝ խստիվ հետեւելով միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին:
«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
Արցախի «Արդարություն» խմբակցություն
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։