Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անցյալ տարվա ավերիչ պատերազմից հետո հայկական երկու հանրապետություններում սեպտեմբերի 2-ի և սեպտեմբերի 21-ի պետական տոները լավագույն առիթ էին մեր ժողովրդին ու աշխարհին փոխանցելու հանրությանը հուզող հիմնախնդիրների լուծման հնարավորությունների և Արցախի ու Հայաստանի միջև կապերի անխախտելիության մասին սպասված ուղերձները:
Բայց, ինչպես կանխատեսելի էր Հայաստանի ու Արցախի գործող իշխանություններից, ամեն ինչ կատարվել է ի վնաս հոգեբանական բարդ վիճակում գտնվող հանրությանը ճգնաճամից դուրս բերելու համար: Երևանի կենտրոնական հրապարակում սեպտեմբերի 21-ի երեկոյան կազմակերպած, իրենց իսկ բնորոշմամբ «գունագեղ միջոցառման» իրականացումն այն դեպքում, երբ առկա էր հանրային հիմնավորված դժգոհություն, խոսում է այն մասին, որ օրվա իշխանությունների համար «ասածից հետ չկանգնելու» տղայական մոտեցումն ավելի նախապատվելի տեղ ունի, քան պետականամետ վարքագիծը:
Հանրության համար զարմանալի էր այն դիրքորոշումը, որ նա արտահայտվեց սեպտեմբերի 2-ին, երբ համապատասխան հրավերների առկայության պարագայում այդպես էլ Հայաստանի բարձրագույն ղեկավար կազմից որևէ պաշտոնյա ներկա չգտնվեց համահայկական նշանակություն ունեցող Արցախի Հանրապետության օրվա միջոցառումներին, և Ստեփանակերտ ժամանեց միայն խորհրդարանական պատվիրակությունը: Սպասելի էր, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, ինչպես նախորդ տարիներին, հրավեր ուղարկվեր Արցախի խորհրդարանական պատվիրակությանը, սակայն այս պարագայում ևս արհամարհվել են արարողակարգային պահանջները:
Պետականության ավանդույթներն ամրապնդելու ընձեռնված հնարավորությունները մերժելով՝ ՀՀ գործող իշխանությունները կասկածի տակ են դնում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը:
Նման վերաբերմունքը, մինչ այդ նկատված թերացումների հետ մեկտեղ, հղի է լուրջ վտանգներով և, անկախ դրդապատճառներից, էապես վնասում է միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության վարկանիշին, ինչպես նաև բացասական ազդակներ հաղորդում կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային կառույցներին:
ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցություն
ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
ք. Ստեփանակերտ
23 սեպտեմբերի, 2021թ.