կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-29 17:14
Քաղաքական

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը

Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրախորհրադարանի պատվիրակությանը՝ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Արցախի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությանը՝ ուղղված հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի Հանրապետության հետ Եվրախորհրդարանի համագործակցությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ ցուցադրելով Արցախի մեկուսացումը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոց օգտագործելու Ադրբեջանի քաղաքականության անընդունելիությունը։

Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ ընդգծելով Արցախի միջազգային ճանաչումն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի վրա։

Անդրադառնալով հանրապետությունում պետականաշինության գործընթացին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հավատարմությունը անկախ պետականության ամրապնդմանը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման այցերի կարևորությունն Արցախի Հանրապետության և եվրոպական կառույցների միջև համագործակցության զարգացման և ընդլայնման գործում։

Հանդիպմանը մասնակցում էին նաև «Հայ Դատի» Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը և «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։

ԼՂՀ Արտաքին գործերի նախարարություն