կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 14:26
Քաղաքական

ԵԽ-ն մտահոգություն է հայտնել ՀՀ-Արցախ նոր մայրուղու կառուցման վերաբերյալ

ԵԽ-ն մտահոգություն է հայտնել ՀՀ-Արցախ նոր մայրուղու կառուցման վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-ԵՄ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի մշատական զեկուցող Տրայան Բասեսկուն և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման առնչությամբ. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ԵԽ պաշտոնական կայքից։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող երրորդ մայրուղու շինարարությունը, որի մասին հայտարարվել էր դեռևս նախորդ տարի. «Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը կապելու է Կապանը՝ Հայաստանում, Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Կուբաթլուի և Ջաբրայիլի շրջաններով, որոնք նույնպես «օկուպացված են»:

Որպես սկզբունք, մենք աջակցում ենք այն ծրագրերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, փոխկապակցվածությանը և մարդկանց միջև շփումներին Արևելյան հարևանության տարածքում:

Այլ կերպ ասած, այս մայրուղու կառուցման մասին որոշումն ընդունվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության, այն է՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, նման որոշումը կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և նրա հարակից շրջանների ապօրինի օկուպացիան. հենց այս պատճառով էլ մենք շատ մտահոգված ենք այս նախաձեռնությամբ, քանի որ այն չի օգնում վստահության, խաղաղության, ինչպես նաև հաշտեցման պայմանների ստեղծմանը։

Մենք դարձյալ վերահաստատում ենք մեր շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաև դրանց 2009 թվականի հիմնական սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք հորդորում ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ բարեխղճորեն ակտիվացնել իրենց հանձնառությունը բանակցություններին և հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի սահմանների շրջանակներում»,- նշված է փաստաթղթում։ 

Հիշեցնենք՝ օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեցին ՀՀ-ն ԱՀ-ին կապող երրորդ ճանապարհի կառուցման մեկնարկի մասին, որը պետք է հայկական երկու հանրապետությունները կապի Կապանի և Հադրութի միջոցով: