կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-07 10:00
Տնտեսական

Գյուղատնտեսական քաղաքականության նոր հրամայականները. Արմեն Գրիգորյան

Գյուղատնտեսական քաղաքականության նոր հրամայականները. Արմեն Գրիգորյան

Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ ավելի քան 41.0 հազար քառ. կմ ընդհանուր մակերես ունեցող, դեպի ծով ելք չունեցող լեռնային երկիր է, որը գտնվում է Արևմտյան Ասիայում` Կովկասյան լեռներից դեպի հարավ-արևմուտք: Հայաստանի Հանրապետության միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1800 մետր, ընդ որում, ընդհանուր տարածքի շուրջ 76 տոկոսը գտնվում է ծովի մակարդակից 1000-2500 մետր բարձրության վրա:

ՀՀ Սահմանադրության համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալական պետություն լինելն արդեն իսկ ենթադրում է պատասխանատվություն սեփական քաղաքացիների սոցիալական բարեկեցության, կյանքի որակի, աղքատության հաղթահարման, սոցիալական ծրագրերի իրականացման, երկրում գեներացվող եկամուտների և դրանց արդար բաշխման համար: Ունենալ սոցիալական պետություն նշանակում է ունենալ արժանապատիվ կյանքի նվազագույն պայմաններ, հավասար հնարավորություններ, ներառական տնտեսական համակարգ և հաստատված սոցիալական արդարություն:

20-րդ դարի 90-ականներից Հայաստանն առաջիններից էր, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո իրականացրեց զանգվածային մասնավորեցում, այդ թվում` գյուղատնտեսության ոլորտում: Մասնավորեցվեց գրեթե ամեն ինչ՝ մշակովի հողատարածքները, ընտանի կենդանիներն ու գյուղատնտեսական տեխնիկան: Հայաստանի մշակովի հողատարածքների սեփականաշնորհումը հանգեցրեց մանր տնտեսությունների առաջացմանը: Հողը հանձնվեց գյուղացուն, իսկ գյուղացին հողի հետ մնաց մենակ՝ պետությունից ստանալով նվազագույն օժանդակություն:

Գյուղատնտեսությունը` որպես տնտեսության առանձին ճյուղ, գտնվում է բազմաթիվ մարտահրավերների առջև: Այս ոլորտը հնարավորություն է տալիս լուծելու սոցիալական լրջագույն խնդիրներ, ապահովելու մարդկանց զբաղվածությունը, լինելու կայուն եկամտի աղբյուր: Գյուղատնտեսությամբ զբաղվելը էականորեն տարբերվում է տնտեսության մյուս ճյուղերում զբաղվածությունից. այն որոշակի ապրելակերպ է, կյանքի բնագավառ: Գյուղատնտեսությունը միայն ագրոբիզնեսը չէ, և այն չպետք է դիտարկել որպես գործարարության տեսակ, որտեղ գործում են շուկայական մրցակցության օրենքները՝ ուժեղը հաղթում է թույլին և զբաղեցնում նրա տեղը։

Անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությանը տրամադրվող օժանդակության գերակշռող չափաբաժինը հասել է խոշոր գյուղատնտեսական բիզնեսներին՝ այն հիմնավորմամբ, որ միայն նրանք կկարողանան գյուղատնտեսության զարգացման շարժիչ ուժը դառնալ։ Այսպիսի լուծումները բավարար չեն, քանի որ գյուղատնտեսական արտադրանքի մեծ բաժինը արտադրվում է տնային տնտեսությունների կողմից, և վերջիններիս տնտեսական կայուն զարգացումը երկրի տնտեսության ներառական աճի ապահովման հիմնական գործոններից է։

Անկախ այն հանգամանքից, թե զարգացածության ինչպիսի աստիճան ունի, գյուղատնտեսությունը յուրաքանչյուր երկրում, բացի գյուղատնտեսական հումքի բազայի վրա աշխատող արդյունաբերական ձեռնարկություններին մատակարար հանդիսանալուց, առաջին հերթին համարվում է քաղաքացիներին պարենամթերքով ապահովող առաջնային ճյուղ:
Ոլորտում իրականացվող քաղաքականության առանցքային հարցերը պետք է ստանան կոնկրետ ձևակերպումներ: Պետության պարենային անվտանգության ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների եկամուտների դինամիկ ավելացման, գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման, բնակչության աճի համար անհրաժեշտ է, որ մեր երկրի ագրարային քաղաքականությունը մշակված լինի այնպիսի բաղադրիչների հիման վրա, որոնք կարող են արդյունքներ տալ:

Ոլորտի քաղաքականությունը պետք է հիմնված լինի հավակնոտ ծրագրերի վրա՝ նվազագույնի հասցնելով Հայաստանի Հանրապետության կախվածությունը հացահատիկի, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումից: Պետք է ներդնել նոր գործիքակազմ, ինչը հնարավորություն կտա ավելացնելու գյուղատնտեսական մթերքների իրացման ծավալները ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: Բնական աղետներից պետական ապահովագրման համակարգի ներդրումն այլևս այլընտրանք չունի: Գյուղացին իր դժվարությունների հետ մնացել է միայնակ, կարկտահարումից և ցրտահարությունից վնասվելու դեպքում կրկին հայտնվում է խեղճացած խնդրողի դերում, ինչին ի պատասխան` հաճախ չի ստանում անհրաժեշտ փոխհատուցում, որը կբավարարի նրա պահանջները:

Անհրաժեշտ է բարելավել ոռոգման համակարգը, անցնել ջրի խնայողության նոր տեխնոլոգիական լուծումների, առավելագույնս բարձրացնել ջրօգտագործման արդյունավետությունը: Քանի որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությամբ զբաղվում է ոչ միայն Արարատյան դաշտավայրի բնակչությունը, այլ նաև լեռնային և բարձրլեռնային գոտիներում ապրող մեր համաքաղաքացիները, ապա անհրաժեշտ է, որ ոռոգման ջրի բարձր ծախսեր ունեցող համակարգերը ստանան բյուջետային այնքան սուբսիդիաներ, որպեսզի սոցիալական աջակցությունն էական ազդեցություն ունենա, լինի թիրախային: Առանց գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորման ծավալների ավելացման, վարկավորման համակարգի կատարելագործման, տոկոսադրույքների և մարման ժամկետների վերանայման` որևէ տեսանելի փոփոխություն հնարավոր չէ կատարել: Գյուղական վայրերում գտնվող` գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունների և գյուղացիական տնտեսությունների գործունեության անխափան աշխատանքն անհրաժեշտ է դիտարկել գյուղական բնակավայրերում զբաղվածության մակարդակի բարձրացման տեսանկյունից: Պետք է խրախուսել մանր գյուղացիական տնտեսությունների միջև գործընկերային միավորների ստեղծումը` կոոպերացիաների կամ ակումբների տեսքով: Նման օրինակներ առկա են եվրոպական բազմաթիվ զարգացած երկրներում, որտեղ դրանք կիրառվում են արդեն ավելի քանի 100 տարի:

Վերոնշյալ քաղաքականության գործադրման համար անհրաժեշտ է կայուն եկամտաստեղծ և ինտենսիվ գյուղատնտեսական զբաղվածության պայմանների ու խթանների լիարժեք ձևավորում՝ «անապահովությունից կայուն զբաղվածություն» հիմնական սկզբունքով, իրականացնելով հետևյալ միջոցառումները.

-ներդնել գյուղատնտեսության ոլորտում լիարժեք հաշվառման համակարգ և ըստ այդմ ձևավորվող առարկայական -հնարավորությամբ գյուղատնտեսական գործունեության պետական սուբսիդավորում, գյուղատնտեսական գործունեությունը -ներառել կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մեջ,
-պլանավորել գյուղատնտեսությունը, որոշել ներքին սպառման շեմը յուրաքանչյուր առաջնային օգտագործման արտադրատեսակի համար,
-պետական մասնակցությամբ, փուլերով ներդնել գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն կամ բնական աղետների վնասների փոխհատուցման այլընտրանքային գործուն համակարգ,
-բարելավել գյուղատնտեսական ենթակառուցվածքները, ներառյալ ոռոգման համակարգերի արդիականացումը, մատչելիության և ծածկույթի ընդլայնումը, գյուղատնտեսության մեքենայացման աստիճանի բարձրացումը,
-ապահովել գյուղատնտեսական մթերքի՝ գյուղացու համար արդյունավետ իրացման ժամանակակից նոր գործիքներ,
-խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների կամ ակումբների ձևավորումը և արդյունավետ զարգացումը,
բարելավել գյուղատնտեսական կրթության և խորհրդատվության համակարգը,
-հստակ նույնականացնել Հայաստանի բնակլիմայական պայմաններին և ներկա ու կանխատեսվող շուկայական (ներքին և արտաքին) պահանջարկին համապատասխան բուսաբուծության ուղղությունները, որոնք կապահովեն գյուղատնտեսության առավելագույն արդյունավետություն,
-ձեռնարկել գործուն միջոցառումներ գյուղմթերքի և արտադրամիջոցների կորուստների կանխարգելման ուղղությամբ,
գյուղատնտեսությամբ զբաղվողների համար ապահովել ֆինանսավորման տարբերակված ու մատչելի պայմաններ և ժամանակակից գործիքներ,
-կիրառել բավարար հովանավորչական գործիքներ Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման նկատմամբ,
-ստեղծել հնարավորություններ, որպեսզի թարմացվեն մեքենասարքավորումները, աստիճանաբար ազատվել բարոյապես և ֆիզիկապես մաշված գույքից,
-ստեղծել պայմաններ` ապահովելու համար անհրաժեշտ պարարտանյութերի, սերմացուների, բուժանյութերի մատչելի ձեռքբերման հնարավորությունը,
-ավելացնել մշակվող հողատարածքները, հիմնել նոր ցանքատարածքներ և այգիներ:

Գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը կարող է նոր դուռ բացել գյուղատնտեսության առաջանցիկ զարգացման համար: Այս կոոպերատիվներին պետք է վերաբերվել ինչպես համատեղ խնդիրներ լուծողների, այնպես էլ ստացվելիք արդյունքներ ավելացնողների: Կոոպերատիվների ստեղծումը կնպաստի արտադրանքի ծախսերի կրճատմանը, իրացման կազմակերպմանը, ժամանակակից տեխնոլոգիաների և էժան միջոցների ներդրմանը, գյուղական համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը, գնային ճկուն քաղաքականությանը և այլն: Այս կոոպերատիվները կարող են և պետք է դառնան գյուղատնտեսության լոկոմոտիվը: Կոոպերատիվների ստեղծումը կարող է իր հետ բերել մի շարք առավելություններ` համատեղ մեծածախ գնումներ, հետևաբար ցածր գներով նյութերի ձեռքբերում, կայուն շուկաների ձեռքբերում, ավելացված եկամուտներ, ռիսկերի նվազեցում մեկ մասնակցի հաշվով և այլն: Այս ամենն ունենալու համար անհրաժեշտ է համապատասխան պետական քաղաքականություն, ինչը ենթադրում է ուսումնասիրել հաջողված փորձերը, մշակել դրանք, տեղայնացնել Հայաստանի պայմաններին և լծվել աշխատանքի: Պետությունը պետք է մշակի ձևերն ու մեխանիզմները, սովորեցնի, ներդնի, գործադրի համակարգը և հետևի վերջինիս անխափան աշխատանքին: Իսկ սա նշանակում է ոչ միայն ոլորտի քաղաքականության մշակում, այլ նաև դրա իրագործում, ինչն ամենօրյա աշխատանք է:

Անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունում վարվող նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը սպառել է իրեն: Ինչ խոսք, կարևոր է բարձր տեխնոլոգիաներին անհրաժեշտ ուշադրություն դարձնելը, կարևոր են համաշխարհային տնտեսության մեջ տեղ ու դիրք ունենալու Հայաստանի ձգտումները: Կարևոր է, որ նոր տեխնոլոգիաները գործնական կիրառություն ունենան նաև սոցիալ-տնտեսական և հանրային կյանքում: Անհրաժեշտ է, որ որոշակի խիստ ստանդարտներ ներդրվեն ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ գյուղատնտեսության մեջ: Գյուղատնտեսությունը պետության ողնաշարն է, բնակչության պահպանման և աճի երաշխիքը:

Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մեր երկրում գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները կազմում են բնակչության շուրջ մեկ երրորդը, իսկ բյուջետային հատկացումներն այս ոլորտին եղել են ցածր: Հարկ է նշել, որ գյուղատնտեսությունը չի արժանացել բավարար ուշադրության և չի դիտարկվել որպես սոցիալ-ժողովրդագրական խնդիրներ լուծող գործոն: Դատողություններն այս ոլորտի վերաբերյալ արմատապես վերանայման կարիք ունեն: Պատահական չէ, որ ՀՀ-ում աղքատության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է գյուղական բնակավայրերում: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հատկացումները, ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության վերաբերյալ հոդվածներով կազմել են 2015 թվականին՝ 29,093,692.0 հազար դրամ, 2016 թվականին՝ 29,658,642.0 հազար դրամ, 2017 թվականին՝ 25,261,745.1 հազար դրամ, 2018 թվականին՝ 40,309,812.0 հազար դրամ, որին հաջորդել է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների ժողովրդական շարժումը, ինչի հետևանքով Հայաստանում փոխվեց իշխանությունը: Եկան նոր մարդիկ, բայց շարունակվեց հին նեոլիբերալ քաղաքական մոտեցումը: Երբ քաղաքական իշխանությունները լուծումներ չեն ունենում, փորձում են ազատվել խնդիրներից: Այդպես եղավ, երբ որոշվեց փակել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` այն միավորելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Ունենալ ընդարձակ ոլորտ, բայց չունենալ ոլորտի քաղաքականությունն իրականացնող պատասխանատու գերատեսչություն անթույլատրելի է: Մինչդեռ նախանշված գործառույթներով գյուղատնտեսության նախարարություն ունենալու մասին նշված էր թե՛ իշխող քաղաքական ուժի նախընտրական ծրագրում, թե՛ Կառավարության` 2019-2023 թվականների համար մշակված գործունեության և միջոցառումների ծրագրում:
Այնուամենայնիվ, Գյուղատնտեսության նախարարությունը միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը Կառավարության գործունեության ծրագրի հաստատումից հետո` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 01.06.2019 թվականին:

Համաձայն պաշտոնական հրապարակումների` 2019 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը, ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի, տարեկան կազմել է 852.8 մլրդ դրամ. Որից ընդամենը 4 մարզի տեսակարար կշիռն է այս արժեքի մեջ բարձր 10 տոկոսից, իսկ մյուս մարզերը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, ունեն համեմատաբար ցածր մասնակցություն: Դրանցից Վայոց Ձորի և Տավուշի մարզերի տեսակարար կշիռը ցածր է 5 տոկոսից՝ կազմելով համապատասխանաբար՝ 2.5 և 4.4 տոկոս: Սա արդեն ցուցիչ է, որ տարածքների հավասար զարգացման սկզբունքի կիրառման տեսանկյունից պետք է միջոցներ ձեռնարկել և առավել ուշադրություն դարձնել համեմատաբար թույլ մարզերին: 2019 թվականին, 2018 թվականի համեմատությամբ, գյուղատնտեսության ոլորտը անկում է գրանցել շուրջ 4.2 տոկոսով, փոխարենը աճել է ձկնարտադրության ցուցանիշը շուրջ 7.3 տոկոսով:

Այս օրերին ինչպես ամբողջ աշխարը, այնպես էլ Հայաստանը անցնում է դժվարությունների միջով՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ: Համավարակի տարածումը ևս մեկ անգամ փաստեց, որ պետք է ապավինենք մեր ուժերին և լուծենք մեզ համար կարևորագույն խնդիրները: 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, երբ կար 45 վարակակիր, իսկ այսօր արդեն բավականին զոհեր կան: Համավարակը ուժգին հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը, փոխվեցին և դեռ շատ կփոխվեն մեր երկրի միջազգային տնտեսական հարաբերությունները:
Իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման համար կյանքի են կոչել և գյուղատնտեսությանն ուղղված միջոցառումների ծրագիր, որը սահմանափակվում է ոլորտին տրամադրվող զրո տոկոսով վարկերով, բայց պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի ՀՀ դրամով 13-14 տոկոսը, իսկ արտարժույթով՝ 9.0 տոկոսը: Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե նշեմ, որ մեր քաղաքացիների մի զգալի մասն արդեն իսկ ծանրաբեռնված է վարկերով: Հանրությանը թողնել միայնա՞կ բանկերի դեմ, ինչ է թե վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվում են:

Կան պարենային ապրանքների տեսակներ, որոնց մի զգալի մասը ներմուծվել է, իսկ վաղը կարող է դրա հնարավորությունը չլինել: Ուստի Հայաստանի իշխանությունները պետք է կարողանան ապահովել երկրի պարենային պաշարները: Այդ իսկ պատճառով նորից պետք է վերադառնալ գյուղատնտեսությանը և միջոցների մի զգալի մասն ուղղել այս ոլորտ: Հարկավոր է փոփոխություն կատարել երկրի կառավարման ծրագրերում, կառուցվածքում և վերանայել կադրային քաղաքականությունը:
Պատահական չէ, որ մարտի 23-ին ՀՀ կառավարությանը համավարակի պայմաններում հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ ՀՅԴ ներկայացրած առաջարկություններում հատուկ անդրադարձ է կատարվել ռազմավարական պաշարների և պարենային անվտանգության խնդիրներին։

Սակայն այսօր իշխանությունն ունի՞ արդյոք այս խնդիրների լուծման գիտակցումը։ Դատելով այն հանգամանքից, որ Կառավարության որդեգրած շուրջ երկու տասնյակ հակաճգնաժամային միջոցառումներից ոչ մեկը ուղղակիորեն ուղղված չէ գյուղատնտեսության ոլորտին, այլ դրանք հանդիսանում են ֆինանսավարկային միջոցներից օգտվելու խրախուսիչ գործիք կամ քաղաքացիների առանձին խմբերին ուղղված հասցեական աջակցություն, ապա գյուղատնտեսության զարգացման նոր ռազմավարության որդեգրումն ու իրականացումը շարունակում է մնալ հրատապ և արդիական խնդիր։

Արմեն Գրիգորյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ֆինանսների և էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ

«Դրօշակ», թիվ 6 (1640), հունիս, 2020 թ.