կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-03 14:42
Քաղաքական

Պատասխանատվությունից խուսափելու հռետորաբանություն է. Մարուքյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Կանոնները խախտած մարդկանց լուսանկարներով պիտի զբաղվեր ՀԿ սեկտորը և տեղյակ պահեր պարետատանը, որ վերջինս կարգավորեր խնդիրը: Բայց վարչապետը ինքն է դա անում՝ պատասխանատվության բեռից խուսափելու համար: Կարծում եմ, մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, եթե սկսենք մեղավորներ փնտրել ակնհայտ է, որ առաջին հերթին իշխանությունն է մեղավոր լինելու, քանի որ անլրջացրել է ամեն ինչ: Հետևաբար՝ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, հիմա ժամանակն է կորոնավիրուսի դեմ պայքարելու, տարբերակներ գտնելու իրավիճակը շտկելու: Այս հարցերի մասին է պետք մտածել և մարդկանց բերել այն կարգավիճակին, որ բոլորը սկսեն ավելի լուրջ վերաբերվել այն ամեն ինչին, ինչ տեղի է ունենում երկրում: Մեղավորներ փնտրելու ժամանակը կգա, խորհրդարանում կստեղծվի քննիչ հանձնաժողով և կպարզենք ինչպես համավարակը մտավ Հայաստան, ինչպես դրա դեմը չառնվեց և ինչպես այն սկսկեց տարածվել և դուրս գալ վերահսկողությունից:

Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետի սկսած ֆլեշմոբին: Ինչ վերաբերվում է Փաշինյանի արած հայտարարությանը, որ եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը, Մարուքյանի խոսքով վարչապետը երևի առաջնորդվում է այն կարգախոսով, որ ամեն ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որին ընտրել է:

«Առաջնորդության մասին մի բան գիտեմ՝ առաջնորդը պիտի պատասխանատվություն վերցնի իր վրա և առաջնորդի, ժողովրդին հանի այդ վիճակից: Սա սխալ շեշտադրում է, բնականաբար բոլորս մեր մեղքի բաժինն ունենք, ,բայց առաջնորդի տարբերությունն այն է սովորական քաղաքացուց, որ պիտի տանի քաղաքացուն դեպի ավելի լավ իրավիճակ»:

Դիտարկմանը, որ վարչապետը նշել էր, որ կառավարություն-ժողովուրդ մի ամբողջություն է, հնարավոր չէ տարանջատել, ասել՝ սա կառավարություն է, սա ժողովուրդն է, Էդմոն Մարուքյանն ասաց. «Դա պատասխանատվության բեռի խուսափելու հռետորաբանություն է, դրա միջոցով փորձ է արվում խուսափել պատասխանատվության բեռից»:

Մանրամասները՝ տեսանյութում.