կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-24 10:21
Իրավական

Մուրազները փորն է մնալու․ իրավական լուրջ պատասխանատվությունից չի խուսափելու հանցագործը և առնվազն պիտի զրկվի գյուղապետի պաշտոնից․ Նաիրի Հոխիկյան

Մուրազները փորն է մնալու․ իրավական լուրջ պատասխանատվությունից չի խուսափելու հանցագործը և առնվազն պիտի զրկվի գյուղապետի պաշտոնից․ Նաիրի Հոխիկյան

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Գեղարքունիքի դատարանը շուտով կհրապարակի վերդիկտը եղբորս նկատմամբ հարձակում գործած Լիճքի գյուղապետ ՔՊ-ական Սիրական Սիրականյանի պատժի առումով։

Գրեթե համոզված եմ, որ կլինի 171 հոդվածով նախատեսված նվազագույն պատիժ, ինչը առերևույթ պլանավորել էին նաև քննչական կոմիտեում, որպեսզի խուլիգանական դրդումներով հարձակում գործած չինովնիկը ջրից հնարավորինս չոր դուրս գա։

Բայց ինչպես ժողովուրդն է ասում' մուրազները փորն է մնալու։ Իրավական լուրջ պատասխանատվությունից չի խուսափելու հանցագործը և առնվազն պիտի զրկվի գյուղապետի պաշտոնից' որպես պաշտոնական դիրքի կոպիտ չարաշահող։ Պիտի գործի նաև 210 հոդվածը, ինչի շրջանակում է եղել հանցանքը։

Մենք հասկանում ենք, որ նախկին ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանն է գյուղապետ Սիրականի հովանավորն ու թևեր տվողը, ինչը չի թաքցնում նաև այդ հանցագործը, բայց Գնել Սանոսյանը չունի անսահման հնարավորություններ։

Նույնիսկ Մարտունու ՔՊ-ական համայնքապետը հաշվի չի նստում Գնելի ցանկությունների հետ ու լուրջ չի վերաբերվում նրան, էլ ուր մնաց իրավապահ ու դատական մարմիններում նրա հովանավորությունը գործի, երբ նույնիսկ ՔՊ -ականները չեն կարողանում հասկանալ, ուղեղում չի տեղավորվում, թե ոնց կարելի առերևույթ հարձակում հովանավորել հորաքրոջ որդու դեմ»։

Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանի եղբոր՝ Լևոն Հոխիկյանի վրա հարձակումը տեղի էր ունեցել հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների օրը, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Լևոն Հոխիկյանը, որը ներկայացվում էր որպես «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ, ընտրական գործընթացի ընթացքում նկատողություն էր արել ենթադրյալ ընտրախախտումների կապակցությամբ, ինչից հետո նրա նկատմամբ բռնություն էր կիրառվել։ Նա տեղափոխվել էր Մարտունու հիվանդանոց։

Միջադեպի առնչությամբ քրեական հետապնդում էր հարուցվել Լիճքի վարչական ղեկավար Սիրական Սիրականյանի և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժ Սիրակ Սիրականյանի նկատմամբ։ Հետագայում, ըստ հրապարակված տեղեկությունների, որոշում էր կայացվել վերացնել նրանց նկատմամբ մեղադրանքները և հանրային քրեական հետապնդումը, ինչի առնչությամբ Նաիրի Հոխիկյանը հայտնել էր բողոքարկելու մտադրության մասին։