Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի դատախազությունը հայտարարություն է տարածել Հրանտ Դինքի կնոջը եւ Հրանտ Դինքի հիմնադրամին մահվան սպառնալիքներով նամակ ուղարկելու մեջ կասկածվողին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, դատախազության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Դինքի կնոջը եւ Դինքի հիմնադրամին սպառնալիքներով նամակ ուղարկողը ձերբակալվել է Կոնիա քաղաքում։ Նա նախկինում «դիտավորյալ վնասվածքներ հասցնելու, վիրավորելու եւ սպառնալու» մեղադրանքով դատվածություն է ունեցել։
Նշենք, որ մայիսի 29–ին Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, որ անհայտ անձը մահվան սպառնալիքներով նամակ է ուղարկել հիմնադրամի անդամներին, Հրանտ Դինքի կնոջ եւ Դինքի փաստաբանին ուղղված։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Մենք ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ ս.թ. մայիսի 27-ին և 28-ին Հրանդ Տինք հիմնադրամը ստացել է գրավոր՝ էլեկտրոնային փոստով ուղարկված, մահվան սպառնալիք: Մենք այս մասին, ըստ ընթացակարգի, գրավոր կերպով հաղորդել ենք Շիշլիի տարածաշրջանի կենտրոնական ոստիկանությանը և Ստամբուլի մարզային վարչությանը: Սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակում նշված էր հետևյալ արտահայտությունը. «Մենք կարող ենք հայտնվել մի էնպիսի գիշեր, որ չեք էլ սպասում»: Սա մի լոզունգ է, որ հպարտությամբ կիրառվում է որոշակի շրջանակներում, և հենց այն նույն լոզունգն է, որ մեզ համար արդեն սովորական էր դարձել լսելը մինչև 2007թ.-ի հունվարի 19-ը, երբ Հրանդ Տինքին այդպես հանրայնորեն սպանեցին, մինչդեռ պետական մարմինները տեղեկացված էին դրա մասին: Այդ սպառնալիքով նրանք մեղադրում են Հրանդ Տինք հիմնադրամին «եղբայրության հեքիաթներ» պատմելու մեջ, պահանջում են, որ մենք լքենք երկիրը և մահով սպառնում են Ռաքել Տինքին և հիմնադրամի իրավաբանին:
Վերջերս մեծ թափ առած անթաքույց ատելության խոսքը և ռասիզմը, խտրական խոսույթը միայն խթանում են, խրախուսում և բորբոքում նման վերաբերմունքը:
Թուքիայում քաղաքականության մեջ ներգրավված բոլոր դերակատարների պարտքն ու պատասխանատվությունն է աշխատել ապահովել հավասարություն, ազատություն և արդարություն բոլոր քաղաքացիների համար: Ուստի մենք կարծում ենք, որ մեր պարտքն է հանրության հետ կիսել այս հայտարությունը՝ իշխանություններին հիշեցնելու համար իրենց պատասխանատվության մասին, ինչպես նաև շեշտելու ստեղծված մթնոլորտի բնույթի լրջությունը:
Հրանդ Տինք հիմնադրամը հիմնվել է 2007թ.-ին՝ արդար, ազատ և հավասար Թուրքիա ստեղծելու մեջ իր ներդրումն ունենալու նպատակով: Այդ ժամանակից ի վեր՝ մենք հնարավոր ամեն բան արել ենք՝ այդ նպատակին հասնելու համար: Մենք՝ Հրանդ Տինք հիմնադրամը, ցանկանում ենք հանրայնորեն հաստատել, որ մենք շարունակելու ենք պայքարել խտրականության դեմ՝ հետևելով մեր այն երազանքին, որ մեր երկիրը տարբերություններ ընդունող երկիր լինի, որտեղ բոլորը միասին կարող են համերաշխ ապրել, որտեղ խոսքի ազատությունը կիշխի:
Հրանդ Տինք հիմնադրամ»: