Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից հիմնադրված «Շիրակ» հիմնադրամի՝ այս տարվա մրցանակը շնորհվել է «Հրանտ Դինք» հիմնադրամին:
Ըստ «Ակօս»-ի՝ մրցանակը Փարիզում կայացած միջոցառման ժամանակ ստացել է Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը: Ելույթ ունենալով` նա հիշեցրել է ամուսնու սպանության պատճառ դարձած ատելության մտածողությունը՝ նշելով, որ այսօր այդ երևույթը գնալով ընդլայնվում է ոչ միայն Թուրքիայում, այլև աշխարհում:
«Այս աշխարհում շատ վշտեր են եղել, բավարար չէ՞: Բավարար չէ՞ այսքան արյուն, արցունք: Արդյոք պետք չէ՞ գոյություն ունեցող վշտերը վերացնելու ճանապարհներ որոնել՝ նորերը շատացնելու փոխարեն: Պետությունների նպատակը պետք է լինի ոչ թե սպանելը, այլ ապրեցնելը»,- ասել է Դինքի կինը:
Նա անդրադարձել է նաև մարդու իրավունքներին: Ըստ Ռաքել Դինքի` մարդու իրավունքների պաշտպանների ձայնն այսօր ավելի է հնչում ամբողջ աշխարհում:
«Մեր հիմնադրամի նպատակն է պայքարել խտրականության դեմ՝ հենց մեր ապրած երկրից՝ Թուրքիայից սկսած, երկխոսության լեզու ստեղծել, զանազան ինքնությունների հարաբերությունը սերտացնել, մշակութային ժառանգությունները պաշտպանել, թուրք-եվրոպական հարաբերությունները զարգացնել, խոչընդոտներով լի ժամանակահատվածում սահմաններ բացել, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հարցում ներդրում ունենալ, և, ամենակարևորը` մարդկանց մտքում առկա սահմանները վերացնել: Մենք այս բոլորի համար Թուրքիայում աշխատում ենք` հայ, թուրք, քուրդ, մուսուլման, քրիստոնյա` բոլորս միասին: Մեզ համար հուսադրող է իմանալ, որ միայնակ չենք ո'չ Թուրքիայում, ո'չ աշխարհում»,- նշել է Ռաքելը՝ շնորհակալություն հայտնելով «Հրանտ Դինք» հիմնադրամին շնորհված մրցանակի համար:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ընդգծելով «Հրանտ Դինք» հիմնադրամի զգալի դերակատարությունը Թուրքիայում՝ նա նշել է, որ այն հատկապես «հստակ աշխատանքներ է տանում Թուրքիայի-Ադրբեջան և Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում»:
«Ես անձամբ գիտեմ՝ որքան դժվար է այդ երեք երկրների միջև հաշտեցումը: Սակայն, չնայած այդ ամենին, դուք շարունակում եք այդ հարցում պայքարել՝ ժողովուրդներին մերձեցնելով»,- ասել է Մակրոնը, ապա, շրջվելով Ռաքել Դինքի ուղղությամբ, ասել. «Տիկին Ռաքել, մենք շնորհակալ ենք Ձեզ»:
Ֆրանսիայի նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև Թուրքիայում լրագրողների և ակադեմիկոսների ձերբակալություններին ու նրանց աշխատանքի խոչընդոտմանը: «Ես շարունակելու եմ հետևել մամուլի ազատության հարցում սահմանափակումների դեմ պայքարող` ձեզ նման մարդկանց, ովքեր, առանց հոգնելու, վճռականորեն շարունակում են իրենց գործը: Ֆրանսիան հարգում է այս երևույթը: Ես էլ մշտական կապի մեջ եմ Թուրքիայի նախագահի հետ՝ Թուրքիայում կալանքի տակ պահվող ֆրանսիացի լրագրողների և եվրոպացի այլ լրագրողների ու իրավապաշտպանների ազատ արձակման հարցով համոզելու համար»,- ասել է Մակրոնը: