Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատմաբան Մհեր Հակոբյանը գրում է.
«Բարեկամ հույն ժողովրդի համար, Norayr forever...
1453 թ-ի մայիսի 29-ին ընկավ Կոստանդնուպոլիսը...
«Սուրբ Սոֆիայի գմբեթի բարձրաբերձ խաչը, որ մի ամբողջ հազարամյակ շարունակ թևերը կարկառել էր այս աշխարհի բովանդակ տառապանքն ընդգրկելու համար, խլաձայն գետին տապալվեց։ Եվ այդ ձայնն ուժգին արձագանք տվեց ոչ միայն տաճարում, այլև նրա պատերից շատ ու շատ հեռու, քանի որ խաչի անկումից ողջ Արևմուտքը ցնցվեց։ Դառնագին բոթը, երկյուղ հարուցելով, հնչեց Հռոմում, Ջենովայում, Վենետիկում, իբրև նախազգուշացնող որոտ` թավագլոր հասավ Ֆրանսիա և Գերմանիա...։ Եվ ահա Եվրոպան միայն հիմա սարսուռով գիտակցեց, որ իր բութ անտարբերության հետևանքով մոռացության մատնված դռնով ներխուժեց, ասես ճակատագիր, մի ավերիչ զորություն, որը դարեր շարունակ պետք է կապի ու կաշկանդի իր ուժերը»,- արդեն մեր ժամանակներում այսպես կբնորոշի տեղի ունեցածը Ստեֆան Ցվայգը, մի բնորոշում, որի հետ և կարելի է համաձայնել, և այն կարելի է վիճարկել, ընդ որում հենց այդ հակասության մեջ է նույն այս բնորոշման յուրօրինակ հմայքն ու ուժը:
Մի կողմից, իրոք, այո, Բյուզանդական կայսրությունը, ըստ էության, հենց այն պատվարն էր, որն իրենով փակում էր Եվրոպայի բալկանյան ճակատի հարավայի նեղ անցումը և փաստորեն զերծ էր պահում նույն այդ Եվրոպային մահմեդական առաջխաղացումից: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում, սակայն, Բյուզանդական կայսրությունն իր դասական տեսքով վաղուց արդեն չկար և այն մնացել էր ներկայացված միայն նույնիսկ իր հինավուրց չափերն ու հզորությունը կորցրած ընդամենը մի քաղաքով, իսկ մահմեդական առաջխաղացումն էլ վաղուց արդեն ողողել էր նույնիսկ Բալկանյան թերակղզու կենտրոնական մասը՝ մոտենալով նույն թերակղզու հյուսիսին: Եվ այսպես, վերջին տեսանկյունից երևույթը դիտարկելիս պարզ է դառնում, որ Կոստանդնուպոլսի անկումն ամենևին էլ չունեցավ և չէր էլ կարող ունենալ այն ռազմաքաղաքական նշանակությունը, որը փորձ է կատարվում վերագրել վերջինիս, սա իր բնույթով ընդամենը միայն, ըստ էության, խոշոր մի քաղաքի անկում էր, ոչ ավելին: Այս առումով ամենևին էլ պատահական չէ, օրինակ, իր ժամանակի հայ մտավորականների արձագանքը տեղի ունեցածին, երբ, քանի որ Բյուզանդական կայսրությունը հայերի համար վաղուց արդեն դարձել էր հեռավոր և օտար մի երևույթ էր, նրանք ընդամենը միայն ամրագրում են տեղի ունեցածը՝ մեծ հաշվով առանց ավելորդ զգացմունքայնության ու ողբի: Իրոք, երբեմնի արևելքի հզոր Բյուզանդական կայսրությունը արևելքի նույն հայերի համար ռազմաքաղաքական իմաստով, ըստ էության, վաղուց արդեն չկար:
Ընդհանրացնելով ողջ վերոգրյալը կարծում եմ, որ Կոստանդնուպոլսի անկման նշանակությունն ավելի շատ վերջինիս հենց խորհրդանշական, ինչպես նաև քաղաքակրթական բովանդակության մեջ էր, երբ սրանով ամենից առաջ կարծես թե իր ավարտուն տեսքը ստացավ արևելյան մահմեդական աշխարհի բուռն առաջխաղացումը դեպի Արևելյան Եվրոպա, իսկ եվրոպական հզոր քաղաքակրթության սիրտն էլ Արևելյան Եվրոպայից վերջնականապես տեղափոխվեց Արևմտյան Եվրոպա՝ ըստ էության ավարտին հասցնելով նույն այդ քաղաքակրթության կենտրոնի արևելքից արևմուտք տեղափոխման այն գործընթացը, որը սկիզբ էր առել սրանից դեռևս կես հազարամյակ առաջ: Վերջ, այսուհետ իր արմատներով դեպի հունա-հռոմեական աշխարհը գնացող եվրոպական հինավուրց քաղաքականության կենտրոնը Եվրոպայի կենտրոնական և արևմտյան հատվածներն էին, իսկ Եվրոպայի արևելյան հատվածին էլ ասիականության և մահմեդական մոլեռանդության դեմ համառ պայքարում այդուհետ, ըստ էության, վիճակված էր լինելու ընդամենը միայն մաքառել սեփական գոյության տարրական պահպանման համար»։