Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երանի իմանայի ու տուն չգնայի: Բայց ես` մեղսունակս, աշխարհի բան ու գործից անտեղյակ, օրվա վերջում սովորականի պեսշտապեցի իմ տաքուկ բնակարանը: Մտա թե չէ` տեսնեմ` կինս մռթոշ, թեւերը կանթած, կանգնած: Զգում եմ` տրամադրությունը տեղը չէ:
-Ի՞նչ կա, - հարցնում եմ:
-Էլ ի՞նչ էիր ուզում, որ լիներ,- ասում է:- Ուրեմն էս երկրում 140 000 դրամով աշխատատեղեր կան, իսկ դու, ողջ օրը քո ֆայլա բազարում վեր ընկած, շախմատ ես խաղո՞ւմ:
-Որտե՞ղ, ի՞նչ գործ, այ կնիկ,- զարմանում եմ:
-Ջհանդամը, որտեղ,- զայրացած պատասխանում է կինս եւ ավելացնում,- եթե 140 չի` գոնե 130 000-ով կա ու կա: Դու, ողջ ամիս էդ պատի տակ վեր ընկած, սկի 50 000 էլ տուն չես բերում ու հետո էլ նեղվում ես, թե գործ չկա: Անկյալացել եք, չեք ուզում աշխատել:
Չեմ հասկանում լեզվի տակ ինչ կա, բայց փորձում եմ կռահել: «Էս էլի հարեւան Վերգուշի հետ սուրճ ա խմել, մենակ էդ սրիկան կարող էր նման դեզինֆորմացիա տալ կնոջս»,- մտածում եմ եւ համարյա բղավում.
-Մյուս անգամ ես էդ լրբի ոտը էս տանը չտեսնեմ: Դու էլ իրենց տուն չգնաս: Ես դրա գեղն ու գերանդին…,- ասում եմ ու զգում, որ ինչ-որ բան ասացի` ոչ իմ բառապաշարից:
-Թուուու,- ձեռքս թափ եմ տալիս, - մարդ էս կյանքից կգժվի, գժանոց կնկնի:
-Ի՞նչ լիրբ, դու լրիվ գժվել ե՞ս,- զարմանում է կինս ու ավելացնում,- էդ էլ մորս լավությունը, որ փող ա ուղարկում, ստամոքսդ լցնում եմ, հա՞: Մերս որ չլինի, սովից կմեռնես, տո այ սուտի շախմատիստ:
-Մորդ ո՞վ բան ասեց, է,- զարմանալու հերթը իմն է:
-Բա ո՞ւմ ես լիրբ ասում,- հարցնում է կինս:
-Ում հետ սուրճ ես խմել, - ասում եմ ու ավելացնում,- ով որ ականջդ նման բաներ է լցրել:
-Մեծ կարծիք ունես իմ մասին, - ասում է կինս, - եթե ես նրա հետ սուրճ խմեի, քեզ հետ խի՞ պիտի ամուսնանայի:
Հայացքս ձգվում է, գլուխս անկանոն թափ եմ տալիս, ուզում եմ հասկանալ` ինչ է ուզում ասել` «եթե ես նրա հետ սուրճ խմեի, քեզ հետ խի՞ պիտի ամուսնանայի» ասելով:
-Կնիկ, դու ցնդել ես, - հաստատակամ ասում եմ ու նայում աչքերի մեջ:
-Ես եմ ցնդել հա՞, դե հել ու գնա փող ճարի, հեսա երեխեքը սոված գալու են, դու էլ կկերակրես քո շախմատի կրած փողերով:
- Ես էլ եմ սոված, - ասում եմ,- հեսա, էսօր երկու հազար աշխատել եմ, վերցրու:
Կինս նայում է դեմքիս ու.
-Գնա առեւտորը արա, բեր, ես էլ ճաշը կպատրաստեմ:
Շրջվում եմ, որ դուրս գամ, դուռը բացում է աղջիկս եւ ջղայնացած` համարյա գոռում է.
-Դու հլը դրանց նայի, էշի պես աշխատեցնում են, ամիսը 65 000 հազիվ են տալիս, ըստեղ-ընդեղ էլ գլուխ են գովում, թե 140 000-ով աշխատատեղեր կան, աշխատող չկա: Դուրս եմ գալու դրանց քամբախ նախարարությունից ու գնալու եմ: Դեմս չկանգնեք, էլ Ձեզ չեմ լսելու:
-Դո՞ւ ում հետ ես սուրճ խմել, - զարմանում եմ:- Կարող ա՞ էսօր ձեն ձենի եք տվել, ու ինչ թույն տվել են` կուլ եք տվել: Ի՞նչ 140 000, ի՞նչ բան…: Հո չե՞ք գժվել:
-Մենք հաստատ չենք գժվել, բայց դու տես, թե մեզ ո~նց են գժի տեղ դնում: Էդքանից հետո էլ, հավաքել, ասում են` պիտի հանուն ապահով Հայաստանի, գնաք քվեարկեք:
-Հա, էսօր մեզ մոտ էր մեկն եկել, ասում էր` որպեսզի թողնենք հետագայում էլ ըստեղ կանգնեք ու հարկ չտաք, պիտի գնաք եւ խղճի մտոք քվեարկեք` հանուն ապահով Հայաստանի: Անձնագրերն էլ հավաքեց: Բայց չեմ հասկանում էդ 140000-ը մեր ու աղջիկ որտեղից ե՞ք հնարել:
-Տվեցի՞ր,- հարցրեց աղջիկս:
-Ոնց չտայի, էս երկու հազարը դրա դիմաց են տվել:
- Դե դու էլ կգնաս կքվեարկես, ես վաղը ազատման դիմում կգրեմ ու ռադս կքաշեմ տատիկի մոտ:
- Հա, բայց չասացիք էդ 140000-ը մեր ու աղջիկ որտեղից ե՞ք հնարել:
Կինս, կակղած, փոշմանած ձայնով առաջարկեց.
– Նստիր, հեռուստացուց նայիր, լուրերով կասեն կիմանաս: Ես ի՞նչ մեղք ունեմ… Տենց ասացին:
Նստել եմ հեռուստացույցի առաջ եւ սպասում եմ, բոլոր ալիքները` դես ու դեն անում, լուրը չկա ու չկա: Ամեն ինչի մասին խոսում են, բացի 140000 դրամանոց աշխատատեղերի: Էլ ապահով Հայաստան, էլ ներգաղթ, էլ արտագաղթի կասեցում, էլ թոշակների կրկնապատկում, էլ…, բայց 140 000-ի մասին ոչ մի բան: Շրջվեցի կնոջս եւ աղջկաս կողմը, ու թե.
-Ինձ ձեռ եք առնո՞ւմ, չկա տենց բան: Որտեղից ե՞ք հորինել…
Աղջիկս թե.
-Բոլոր կայքերը գրել էին: Ես իմ աչքով եմ կարդացել: Նախարարությունում էլ բոլորը դրա մասին էին խոսում:
-Բա որ գրել էին, էս անտեր տելեվիզորով խի՞ չեն ասում:
- Երեւի փոշմանել են,- մեջ ընկավ կինս:
-Ես էլ փոշմանե՞մ, որ կյանքս քո պես միամիտի հետ կապեցի,- հարձակման եմ անցնում:
-Փոշման ես, հա՞,- նորից ձեռքերն է կանթում կինս,- տո, որ ես չլինեի հիմա սկի էդ ֆայլաբազարում էլ քեզ չէին թողնի կանգնես, ու քո հույսին որ մնայի, էս երեխեն էլ չէր լինի: Դե գնա մտածի…
- Էդ ո՞նց… Ի՞նչ ես ուզում դրանով ասել:
- Էն, որ անընդատ ասում էիր` սպասի երկիրը դզվի, գործ ունենանք, նոր հղիացի, հիշում ե՞ս,- ասաց ու շարունակեց,- ինչ լավ էր, որ քեզ չլսեցի: Երկիրը դզվի, չդզվի, դու էլի էն անճարն ես մնալու:
Ձեռքս թափ տվեցի, հագա վերակուս ու էն է` ուզում էի դուրս գալ` մաքուր օդ շնչելու, մեկ էլ լսում եմ աղջկաս ձայնը:
-Հայրիկյանին են խփել…
Ետ եմ դառնում: Տեսնեմ` «Շանթ»-ով հաղորդում են Պարույր Հայրիկյանի վրա մահափորձի լուրը: Լռություն: Մտահոգ գամվում ենք աթոռներին եւ սպասում …
Ապահով Հայաստանն էլ չստացվեց: Չեն թողնո՞ւմ, թե՞ չեն ուզում: Իսկ գուցե էն 140 000 դրամանոց աշխատատեղերի պես փոշմանեցի՞ն:
Լեռկամսարավարի` Yerkir.am-ից