Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տոնը մթագնում է, որովհետև ունենք մոլեգնող համավարակ, ոչ կոմպետենտ կառավարություն, անհասկանալի սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքականություն և այլ խնդիրներ…
Անկախ-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը:
-Պարոն Խաչատրյան, այսօր տոն է, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տարեդարձը: Ձեր տրամադրությունը տոնակա՞ն է:
-Իհարկե տոնական է, որովհետև դարերի ընդմիջումից հետո հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը: 1918 թվականին Հայաստան աշխարհագրական անունը դարձավ քաղաքական անուն, և աշխարհը սկսեց խոսել հայկական պետականության մասին: Եթե չլիներ Հայաստանի առաջին հանրապետությունը, ապա այսօր հայ ազգն ուղղակի գոյություն չէր ունենա, որովհետև ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդը հանգրվանելու տեղ չէր ունենա, չէր լինի մի ուժ, որը կդիմագրավեր քեմալական շարժմանը: Եթե չլիներ Առաջին Հանրապետությունը, չէր լինի նաև այսօրվա Հայաստանը: Ավելին, չէր լինի սփյուռքահայությունը, որովհետև սփյուռքահայությունն ապրում էր Հայաստանով, անկախությունը վերակերտելու հույսով ու երազանքով: Իսկ եթե չլիներ այդ հույսը, հայ մնալու իմաստ էլ չէր լինի: Այնպես որ, մենք մեր գոյությամբ այսօր պարտական ենք Հայաստանի առաջին հանրապետությանը:
Իսկ այն, որ տոնը մթագնում է, դա փաստ է, որովհետև ունենք մոլեգնող համավարակ, ոչ կոմպետենտ կառավարություն, անհասկանալի սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքականություն և այլ խնդիրներ:
-Իշխանափոխությունից անցել է երկու տարի: Կարո՞ղ ենք արձանագրել, որ ժողովրդի սպասումները չեն արդարացել, խոստումները չեն կատարվել, ավելին, շատ ոլորտներում ունենք հետընթաց ու փլուզումներ, որի հետևանքն օրեցօր խորացող հիասթափությունն ու անվաստահությունն է իշխանության նկատմամբ: Եթե այս ամենին գումարենք նաև համավարակի հետ կապված ճգնաժամը, ապա ի՞նչ է մեզ սպասվում:
-Այո, իշխանություններն այսօր չեն վայելում այն հարգանքը, որ ունեին երկու տարի առաջ: Մարդիկ ակնկալիքներ ու հույսեր ունեին, բայց այդ ակնկալիքները չեն իրականանում: Մարդիկ արդեն հոգնել են լսել, որ ամեն ինչում նախկիններն են մեղավոր: Ժողովուրդն ակնկալում էր, որ նոր իշխանությունը կսրբագրի նախորդների սխալները, բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, ցույց է տալիս, որ այս իշխանությունները որևէ բան փոխելու ունակ չեն: Երբ ասում ես՝ կա այսինչ խնդիրը, ասում են՝ նախկիններն են պատասխանատու: Գազի գինը բարձրացել է, ասում են՝ նախկինների օրոք է եղել: Կամ ասում են՝ Ղարաբաղի հարցում ստացել ենք վատ ժառանգություն: Լավ, դուք ինչի՞ համար եկաք, եթե պիտի չշտկեիք նախկինների սխալներն ու բացթողումները և որևէ բնագավառում առաջընթաց չպիտի ապահովեիք: Եկաք բարձր պարգևավճարներ ստանալու՞: Նախկինում գոնե արտաքին հարաբերություններում որոշակի հավասարակշռութուն կար, սակայն այսօր ակհնայտ է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները սրված են: Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացրեցին, բայց փոխարենը ԱՄՆ-ի հետ չկարողացան որևէ դրական հարաբերություն ստեղծել: Այսօր Արևմուտքի սիրելին համարվում է Վրաստանը, և մենք տեսանք, որ Վրաստանն ավելի մեծ աջակցություն ստացավ համավարակի հետ կապված, քան Հայաստանը:
Այս ամենին գումարվում է նաև Հայաստանի ներսում փոխադարձ ատելության մակարդակը, որը երբեք այս խորը չի եղել: Հանրային համերաշխությունը գտնվում է երբևէ եղած ամենացածր վիճակում: Այս համավարակի պայմաններում գոնե պետք է համերաշխություն լինի, բայց չկա: Այսօր մայիսի 28-ն է, իսկ իշխանությունը նույնիսկ քաղաքական պարկեշտություն չունեցավ հրավիրելու այն քաղաքական ուժին, որը կերտել է Մայիսի 28-ը: Այն քաղաքական ուժը, որը կերտել է Մայիսի 28-ը, այսօր զրկված էր Սարդարապատ գնալու հնարավորությունից:
-ՀՅԴ Գերագույն մարմինը արտակարգ դրության պայմաներում միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ էր ներկայացրել կառավարություն: Այդ առաջարկներին որևէ արձագանք եղա՞վ: Առհասարակ, իշխանությունը հակվա՞ծ է որևէ առաջարկ, թեկուզ օբյեկտիվ քննադատություն ընդունելու:
-Երբ հայտարարվեց արտակարգ դրություն, ՀՅԴ-ն հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ պատրաստ է աջակցել կառավարությանը համավարակի դեմ պայքարում (շեշտելով` համավարակի դեմ պայքարում, որպեսզի քաղաքական շահարկումներ չլինեն): ՀՅԴ-ն նույնիսկ հայտարարեց, որ պատրաստ է ի սպաս դնել իր համահայկական կարողությունը: Մենք կառավարությանը ոչ թե մեկ կամ մի քանի առաջարկներ ենք ներկայացրել, այլ առաջարկների մի ամբողջական փաթեթ: Այո, մենք գտնում ենք, որ երբ ազգը կանգնած է աղետի շեմին, պետք է մի կողմ դնել քաղաքական խնդիրները և համատեղ ուժերով պայքարել:
Ցավոք, կառավարությունից բացարձակապես որևէ արձագանք չեղավ: Դա ուղղակի իշխանության կողմից փոքրոգության դրսևորում էր:
-Կարո՞ղ ենք փաստել, որ համավարակը վերահսկելու, առողջապահական, սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող միջոցառումներն արդյունավետ չեն, հատկապես, եթե հաշվի առնենք համավարակի վերջին ցուցանիշները:
-Վարակը չի վերահսկվում: Եթե հատկապես համեմատվենք մեր երկրի համար համեմատելի երկրների հետ, ապա ակնհայտ է, որ մենք ունենք վատագույն ցւոցանիշները: Մյուս կողմից ունենք տնտեսական անկում, որը 17 տոկոսից ավելի է: Այսինքն, կառավարության միջոցառումների արդունքում ո՛չ վարակը կանխվեց, ո՛չ տնտեսական անկումը: Կառավարությունն ի սկզբանե սխալ գնահատեց վարակի ռիսկը, ստորադասեց այն իր քաղաքական նպատակներին, սխալ գործողություններ ձեռնարկեց և սխալ ուղերձներ հղեց հասարակությանը: Հիմա, երբ ջինը շշից դուրս է եկել, փորձում են արդեն հակառակն անել, բայց արդեն ուշ է: Ինչ որոշում կառավարությունը կայացրեց արտակարգ դրության ժամանակ վարակը նվազեցնելու ու կանխելու նպատակով, փառավորապես տապալեց: Հետո էլ սկսեցին արդարանալ, թե ռեսուրսներ չունեն: Բա եթե ռեսուրս չունեք, ապա ինչու՞ եք այդ որոշումներն ընդունում: Ի դեպ, մեր առաջարկած միջոցառումները կանխարգելիչ բնույթ ունեին: Լինելով ընդդիմություն՝ մենք ոչ պոպուլյար առաջարկներ էինք ներկայացրել: Բայց, ցավոք, իշխանությունը կայացրեց որոշումներ, որոնք ոչ միայն չկարողացավ իրականացել, դեռ մի բան էլ փորձում է պատասխանատվությունից խուսափել՝ մեղադրելով հասարակությանը:
-Առողջապահության նախարարը հայտարարեց, որ մեր առողջապահական համակարգը երբեք այսքան կայացած չի եղել: Մյուս կողմից նույն նախարարը դիվանագիտական սկանդալ հասունացրեց հարևան Վրաստանի հետ՝ կասկածի տակ դնելով համավարակի դեմ պայքարում մեր հարևանների արդյունքները: Նորմա՞լ է, որ այսքանից հետո Թորոսյանը շարունակում է պաշտոնավարել:
-Ընդհանրապես, Առողջապահության նախարարության արձագանքն այս համավարակին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հորդորներն ու այդ ֆոնին նախարարի անլուրջ մոտեցումները պետք է լուրջ քննարկան առարկա դառնան՝ ընդհուպ անձնական պատասխանատվության մակարդակով:
-Պարոն Խաչատրյան, վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են հնչում հայտարարություններ, որ գործող իշխանությունը պետք է հրաժարական տա կամ ներսից վարչապետի նոր թեկնածու առաջադրի, հնչում են նաև հակաճգնաժամային կառավարություն կամ խորհուրդ ձևավորելու կոչեր: Այդ ամենը իրատեսական համարու՞մ եք, և արդյո՞ք դա է ելքը:
-Անկեղծ ասած, ես ներքին փոփոխության տարբերակին չեմ հավատում, որովհետև մեր խնդիրը անձերի հետ չէ, այլ վարվող քաղաքականության: Եթե գա մեկը, որը նույն քաղաքականության կրողն է, ապա ոչինչ չի փոխվի: Այս կառավարությունը պետք է գիտակցի, որ չունի բավարար կարողություն ու հեղինակություն, և քաղաքական ուժերը միասնաբար պետք է պարտադրեն նոր որակի իշխանություն: Իսկ նոր որակի իշխանության ձևավորման ճանապարհը նոր խորհրդարանական ընտրություններն են: Չմոռանանք, որ այսօրվա Ազգային ժողովը ձևավորվեց հեղափոխական էյֆորիայի պայմաններում և այն այլևս չի արտահայտում այսօրվա հասարակության սպասումներն ու պահանջները: Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ ծաղկեփունջ է այնտեղ հավաքված: Պառլամենտարիզմի առումով միայն հետընթաց ու ձախողում ենք արձանագրում: Պառլամենտն ուղղակի ճգնաժամի մեջ է:
-Վերադառնալով օրվա խորհրդին՝ ուզում եմ հիշեցնել, որ վերջերս ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն դիմել էր քաղաքապետարան Արամ Մանուկյանի արձանի մոտ տեղեկատվական ցուցանակ տեղադրելու նպատակով, սակայն Երևանի գլխավոր ճարտարապետը պատասխանել էր, որ առաջարկն անընդունելի է: Փոխարենը, սակայն, Երևանի ավագանին հաստատեց Գանդիի արձանը տեղադրելու նախագիծը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս երկու իրողությունները:
-Չմոռանանք, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման համար էլ այս իշխանությունների օրոք բավականին մեծ ջանքեր պահանջվեցին, որովհետև իշխանության մեջ կային մարդիկ, ուժեր, որոնք դեմ էին այդ արձանի տեղադրմանը: Այո, այսօր իշխանության են եկել կոսմոպոլիտիզմի հետևորդներ, և իրենց համար ազգային առաջնորդի արձանը կարևոր չէ: Այսօր Հայաստանում գլոբալիստ, կոսմոպոլիստ իշխանություն է, որի համար ազգայինն առաջին տեղում չէ: Հետևաբար նրանց համար ավելի նախընտրելի է կանգնեցնել Գանդիի արձանը, իսկ Արամ Մանուկյանի արձանի մոտ տեղեկատվական ցուցանակի տեղադրումը համարել անընդունելի:
Անի Գասպարյան