կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-13 16:44
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հետաձգվեց «Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» առաջին դատական նիստը

«Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» առաջին դատական նիստը հետաձգվեց, քանի որ հայցվոր կողմը չէր ներկայացել՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այն անցկացվում էր Երևանի ընդհանուր իրավասության՝ «Էրեբունի-Նուբարաշենի» նստավայրում՝ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ։

Նշվեց, որ հայցվոր կողմը չէր ներկայացել երկրում ստեղծված համավարակով պայմանավորված։

Դատարանը նշեց, որ հայցվորի ներկայությունը կարևոր է, քանի որ այսօր նախնական դատական նիստն է և ներկայացուցիչը պետք է ներկայացներ իրավական եւ փաստական հանգամանքները։

«Արդյունավետ է, որ 2 կողմերը ներկա լինեն դատական նիստին»,-ասաց դատավորը։

Պատասխանողի ներկայացուցիչն առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ դատական նիստն անիմաստ է հետաձգվում։ Ըստ նրա՝ նիստը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդությանն ինքը ծանոթ չէ և միջնորդությունը պետք է ուղարկվեր նաև իրեն։

Դատարանի որոշմամբ նիստը հետաձգվեց և հաջորդը նշանակվեց հունիսի 19-ին, ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական առաջին նիստը: Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին դատի է տվել վարչապետի այն հայտարարության համար, որ Թովմասյանը «ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս իրեն ինչ-որ ծառայություններ է առաջարկել»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ էր հայտարարել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին: Այս հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ եթե Փաշինյանը արժանահավատ փաստ չներկայացնի, ապա զրպարտության համար դիմելու է դատարան: Այնուհետ, Նիկոլ Փաշինյանը հրապարկեց մի գրիչի նկար և ասաց, որ այն իրեն նվիրել է Հրայր Թովմասյանը։ Պարզվեց՝ դա տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:

Մանրամասն՝ տեսանյութում․