Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կրկին մեկ շաբաթով հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ին դատարանը ստացել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ իր պաշտպանյալը դեռևս հիվանդանոցում է և չի կարող մասնակցել այսօրվա նիստին։
Նիստին ներկա չի եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ, տեղեկանալով ՍԵյրան Օհանյանի՝ դեռևս հիվանդանոցում լինելու մասին և հաշվի առնելով, որ դատավարության մասնակիցներից մեկի բացակայության պայմաններում լսումները չեն կարող կայանալ, խորհուրդ է տվել Ռոբերտ Քոչարյանին՝ այս նիստին չներկայանալ։
Հաջորդ դատական նիստը նշանակելուց առաջ Վարդևանյանը դատավորին խնդրեց հաշվի առնել այն հանգամանքը, որ հաջորդ երեքշաբթի՝ մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Սակայն Դանիբեկյանը համարեց, որ այդ հանգամանքը չի կարող խոչընդոտել իր աշխատանքին և հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 23-ին՝ ժամը 13։00-ին։