կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 19:25
Տնտեսական

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են աշխատանքը խրախուսող կրթական ծրագրերի իրականացման հարցեր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են  աշխատանքը խրախուսող կրթական ծրագրերի իրականացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական օժանդակության միջոցառումների ընթացքը։ Արծարծվել են ծրագրերի հասցեականության շարունակական բարելավմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկման արդյունքներով ներկայացնել կոնկրետ նախագծեր։

Խորհրդակցությանը ներկայացվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմման միջոցառումների նոր գաղափարներ, որոնք վերաբերում էին աշխատանքի խրախուսման բաղադրիչ ունեցող կրթական ծրագրերի իրականացմանը, սոցիալական ու տնտեսական օժանդակության շրջանակի ու գործիքակազմի ընդլայնմանը և այլն։ Դրանց առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ և առաջարկներ։

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է աշխատանքի խրախուսման, զարգացման տրամաբանությամբ ծրագրերի նախաձեռնումը և հանձնարարել ներկայացված առաջարկները բերել նախագծային տեսքի։