Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 1-ից ուժի մեջ է մտել «Երեխաների կրծքով սնուցման կարգավորման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, «Վստահություն» առողջապահական ՀԿ-ի նախագահ Սուսաննա Հարությունյանը նշեց, որ օրենքը կնպաստի կրծքով սնուցմանը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի երեխաների մոտ հիվանդությունների և մահացության դեպքերի նվազմանը:
«Գիտենք, որ ծննդատներում չի խրախուսվում նորածիններին կրծքով կերակրելը, քանի որ բուժաշխատողներին կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները խրախուսում են, որպեսզի նրանք մայրերին նորածինների կերեր բաժանեն անվճար: Օրենքն իր հերթին կպայքարի այս երևույթի դեմ, քանի որ երբ հայտնաբերվեն նման դեպքեր` նախ պատժամիջոցներ կկիրառվեն` գումարային տուգանքի տեսքով, իսկ հետո արդեն երկուստեք կարող են զրկվել նաև լիցենզիայից»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ իրենք հստակ գիտեն, թե որ հիվանդանոցը կաթնախառնուրդ արտադրող որ ընկերության հետ է համագործակցում, բայց քանի որ փաստեր չունեն, դեռ չեն կարող պատասխանատվության ենթարկել:
Նոր օրենքն ամրագրում է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի կրծքով կերակրվելու: Օրենքը նաև մի շարք առավելություններ է տալիս կրծքով կերակրող և աշխատող մայրերին` նրանք կարող են մեկ ժամ ավելի ընդմիջում անել, մեկ ժամ շուտ տուն գնալ, հավելյալ արձակուրդային օրեր ունենալ, իսկ գործատուն էլ պարտավոր է տարածք ունենալ, որ եթե երեխային մոր մոտ բերելու և կերակրելու անհրաժեշտություն լինի` կարողանան ապահովել համապատասխան պայմանները:
Ըստ Հարությունյանի` որպեսզի նոր օրենքի դրույթները թղթի վրա չմնան, դիմել են առողջապահության նախարարությանը, որպեսզի կարողանան բոլոր ծննդատներում իրազեկեն բժիշկներին այդ մասին:
«Կարծում եմ` առաջին հերթին պետք է բուժաշխատողներին ծանոթացնել օրենքի դրույթների հետ, որից հետո միայն անցնել պատժամիջոցների կիրառմանը: Օրենքի համաձայն` բուժաշխատողի պարտականությունների մեջ է մտնում հղիներին տեղեկատվություն տրամադրելը, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ արհեստական կերերի օգտագործումը, և որքան օգտակար է մոր և մանկան համար կրծքով սնուցումը: Կաթնախառնուրդ արտադրող ընկերություններին էլ արգելվում է միջամտել, գովազդել իրենց ապրանքը հիվանդանոցներում` ծննդկան կանանց մոտ»,- ասաց Հարությունյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Երևանում գործող 10 ծննդատներից միայն երկուսն են /«Շենգավիթ» բուժկենտրոն, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն/, որտեղ արհեստական կերեր չեն առաջարկվում` «նվիրվում» նոր ծննդաբերած կանանց: