Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունավետությանը: Այդ համատեքստում պատասխանատուները զեկուցել են կատարված աշխատանքների, աջակցության հասցեականության ապահովման մասին:
Նշվել է, որ տնտեսական բնույթի ծրագրերը գնահատվել են արդյունավետ, որոնցից օգտվել են ճգնաժամի ընթացքում առավել տուժած ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները: Կառավարության օժանդակության գործիքներից օգտվել են զբոսաշրջության, մշակող արդյունաբերության, սպասարկման, ծառայությունների մատուցման, շինարարության, առողջապահության և այլ ոլորտների ընկերությունները: Պատասխանատուներն ընդգծել են, որ հաշվի առնելով արդեն վերջին օրերին նկատվող միտումները՝ հատկապես տնտեսությունում իրացվելիության ապահովման խնդիրը կարելի է համարել լուծված:
Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ իրականացված միջոցառումների հասցեականությունը գնահատվում է բարձր, ծրագրերից օգտվողների թիվը նույնպես մեծ է եղել: Դրա վկայությունն է այն, որ ծրագրերից օգտվելու հայտերի թիվը կտրուկ նվազել է:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին: Մասնավորապես, քննարկվել են մշակվող հողատարածքների ավելացման ուղղությամբ միջոցառումների խթանմանը, այդ հարցում համապատասխան մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը վերաբերող հարցեր: