Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2006 թվականի մայիսի 3-ին Երեւան-Սոչի RNV967 չվերթն իրականացնող «Արմավիա» ընկերության Airbus A320-211 օդանավը Սոչիում վայրէջք կատարելիս ափից 6 կմ հեռավորության վրա ընկավ Սեւ ծովը։ Զոհվեցին օդանավի բոլոր 105 ուղեւորներն ու անձնակազմի 8 անդամները։ Օդանավն ամբողջովին կործանվեց եւ նրա մասերը հանգչեցին 514 մետր խորության վրա։ Օդանավում կային Հայաստանի 85 քաղաքացի, որոնցից 8-ը՝ անձնակազմի անդամներ, Ռուսաստանի 26, Ուկրաինայի 1 եւ Վրաստանի 1 քաղաքացիներ։ Օդանավի հրամանատարն էր 40-ամյա օդաչու Գրիգոր Գրիգորյանը։
Ճակատագրական ավիավթարի զոհերի թվում էին «Արմավիա» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Յարալովը, «Comedy Club» հայտնի հումորային շոուի հեղինակներից, ՈՒՀԱ-ի սցենարիստ եւ խաղացող Արթուր Թումասյանը։ Ավիավթարի հետաքննությունն իրականացրեց Միջպետական ավիացիոն կոմիտեն։
Հետաքննության արդյունքների համաձայն, ավիավթարի պատճառը անձնակազմի՝ ինքնաթիռի տվյալ մոդելի թռիչքային շահագործման կանոններին չհամապասխանող չհամաձայնեցված գործողություններն էին, որոնք կատարվել էին կարգավորողի հրահանգով երկրորդ շրջան կատարելու համար բարձրություն հավաքելու ժամանակ։ Վթարից հետո որոշ ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ ողբերգության պատճառը եղել է ինքնաթիռում քրեական տարրերի առկայությունը եւ հրաձգությունը։ Այդ ասեկոսեները պաշտոնապես հերքվել են Միջպետական ավիացիոն կոմիտեի կողմից։ Ողբերգության առիթով մայիսի 5-ին եւ 6-ին Հայաստանում երկօրյա սուգ հայտարարվեց։
А-320 ինքնաթիռը ստեղծվել է Airbus Industrie խոշորագույն եվրոպական կոնցեռնի կողմից 1987 թվականին՝ փոքր եւ միջին հեռավորության ավիաուղիների համար։ Առաջին թռիչքն իրականացվել է 1987-ի փետրվարի 22-ին։ Ինքնաթիռի կոմերցիոն շահագործումը սկսվել է 1988-ի ապրիլին։