Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թեւակոխել ենք բնութեան գեղեցկագոյն վերափոխման` գարնան թարմ ու ջինջ շնչով վերածնւած տեսնելու բոլոր երեւոյթներն ու յատկապէս մեր մէջ, որպէս մարդ-էակներ՝ վերաիմաստաւորւած համարելու անհատական, ընտանեկան, հասարակական ու յատկապէս ազգային մեր լինելութեան ու դեռ այդ բոլորում առաջընթացի գրաւականները ամրակայող պատասխանատու եւ յանձնառու պարտաւորութիւնների արժանավայել կենսաւորումը զգալու:
…Հայոց համար, որպէս ժողովրդային թէ՛ ազգային հասկացութիւններ, որպէս մարդկային անվիճելի օրինաչափութիւն, լինելութեան ու յարատեւման գրաւականները պարփակւում են ամբողջութեամբ` Հայրենի երկրի ազատութեան, ինքնիշխանութեան-անկախութեան եւ անկաշկանդ ու անվտանգ գոյակցութեան մէջ: Մէկ խօսքով` մարդու անհատական, ընտանեկան, հասարակական (մեր դէպքում` Սփիւռքեան-համայնքային) եւ գլխաւորը՝ ԱԶԳԱՅԻՆ տեսլականները փուչ են ու անիմաստ, եթէ դրանք Հայրենի, բնատուր եւ հարազատ օջախներում ու օրրաններում չեն կատարելագործւում:
Բարեբախտաբար, 20-րդ դարավերջին հայ ժողովուրդը 1991 թւականին Արցախեան ազատատենչ ոգու առկայծումով վաստակեց ինչպէս հայրենական, այնպէս էլ ազգային ու պետական անկախութեան պատմակերտ արժէքները` նպատակադրելով որպէս ժողովրդից`ազգային ուրոյն միաւոր, եւ վարչական-կառավարական կախեալ ու սահմանափակ կարգավիճակից` պետական անկախ սուբիեկտի վերածւելու-կայանալու` տասնամեակների-դարերի իր երազանքը իրականացւած տեսնելու համար:
Ռազմա-քաղաքական ու բարոյական-արժէքային մեծ ու պանծալի յաղթանակից յետոյ, Հայաստան աշխարհը սկսեց ու հիմքը դրեց նաեւ պետական անկախ ու ինքնիշխան ինստիտուտ-հիմնասիւների ձեւաւորման ու կատարելագործման, յար եւ նման յետ-սովետ-միութեան միւս եւ յատկապէս հարաւկովկասեան անկախացած հանրապետութիւնների: Հայաստանի Հանրապետութեան պետական, ազգային, ներքին թէ արտաքին տնտեսա-քաղաքական յետ-անկախութեան վիթխարի ու հազար ու մի լաւ ու վատ, դրական ու բացասական հանգամանքների երկարաշունչ՝ 27-ամեայ պրոցես ապրեցինք Հայաստանով ու արդէն անինքնանպատակ ու նորացւած Սփիւռքով, խորքում դէպի աւելի արժանավայել պետութիւն ու դրա երաշխիքներ՝ հզօր բանակ, տնտեսութիւն եւ սոցիալական արդարութիւն թեւակոխել-կայացնելու նպատակով: Ամփոփենք լոկ մէկ նախադասութեամբ.- վերոգրեալ ձգտումը իրացւեց եւ որպէս դրա կենսագործման ծանրակշիռ գործօն, ստեղծւեց, ձեւաւորւեց ու շատ առումներով կայացաւ «Հայաստան-Արցախ-Սփիւռք» եռամիսանութիւնը: Գոնէ արտաքին աշխարհի տեսանկիւնից հայն ու Հայաստանը այլեւս դիտարկւում էին որպէս` իրենց սեփական իրաւունքները` պատմական-պահանջատիրականից մինչեւ Արցախեան հիմնահարց արժանավայել կերպով պաշտպանել՝ իրացնելու համար, հիմքում որպէս ժողովուրդ ու պետութիւն ամենաիրական տեսլական՝ Ազգային գաղափարախօսութիւնը:
Ահա, եւ…
27-ամեայ պետական կեանքում ընդհանրական ու իրական դրական երեւոյթները (զորօրինակ` հզօր ու տարածաշրջանի ամենամարտունակ բանակի եւ համազգային միասնականութեան զգալի առաջընթացը…) քայլ առ քայլ զիջեցին իրենց առաջնայնութիւնը` սոցիալ-տնտեսական ու հասարակական արդարութեան առօրեայ, տեսանելի ու ժողովրդի գոյապրուստի վրայ բացասական ու ընդվզեցուցիչ հիմքեր ստեղծելու միանգամայն արդարացուցիչ հանգամանքներին, որոնք էլ մինչայդ տարբեր բողոքի դրսեւորումներ էին գտել Հայաստանում, սոցիալապէս խոցելի խաւերի ու մշտապէս նորին ձգտող երիտասարդութեան կողմից տարբեր առիթներով:
2018-ին, ահա Հայաշխարհը` Հայաստանով ու Սփիւռքով ականատեսը դարձաւ «թաւշեայ յեղափոխութեան», եւ պէտք է խոստովանել, որ բովանդակ հայութիւնը դրական արձագանգեց` պետական թէկուզ մինչայդ Հայաստան աշխարհի ձեռքբերումներին, սակայն, այդ դրականները փափագեց ընդլայնւած տեսնել նաեւ ու մանաւանդ սոցիալական ապահովութեան եւ աւելի արդար կեանքի ձեւաւորմամբ…
Ահաւասիկ…
5 տարի: Յարգելի ընթերցող, ոչ մի անհրաժեշտութիւն էլ չկայ թւարկել Հայաշխարհում տիրող իրավիճակի վերջին 5-ամեայ իրողութիւնների մասին: Չենք էլ կրկնում մէջբերել ու թւարկել հազար ու մի արդէն իսկ ակնբախ երեւոյթներ, որոնք տարբեր վերլուծութիւնների առկայութեամբ, փաստել ու փաստում են, որ ներքին իրաւացի խմորումներին եկան աւելանալու արտաքին միջամտութիւնները, որոնք վերոգրեալ մեծ ու փոքր խմորումները պատրւակ դաձրին, ոչ թէ դրանք բարելաւելու, այլեւ այդ կերպ խոցել-հարւածելու ազգովի ձեռքբերւած միւս՝ քաղաքական, դիւանագիտական, պահանջատիրական, անվտանգային ու պաշտպանական համազգային արժէքները:
«Թաւիշով» եկան ու արդէն 5 տարի…
-Միայն ու միայն` մեղադրել են հինն ու նախկինը, դատի տւել (յաճախ աբսուրդի հասնող ու ապարդիւն), բանտարկել էք, վարկաբեկել էք, կոռուպցիա եւ.…, կարծես թէ՝ լոկ եկել են իշխանութեան, որպէսզի միմիայն պախարակեն, հայհոյեն, մեղադրեն ամենքին, բացի իրենց...:
-Արդիւնքն այսօր՝ ձեր թաւիշի.- Ազգային ժողովի նախագահի 2 հարիւր հազար դոլարանոց մեքենայ եւ հարիւրաւոր թաւշամոլների նմանատիպ եւ մինչ պաշտօնավարելը երազում իսկ չտեսած տարբեր տրամաչափերի ու գների շարժական ու անշարժ գոյքեր: Ոչ մի չափանիշերի մէջ չտեղաւորւող անյարկի պարգեւավճարներ: Այս «ժողովրդանւէր» գործընթացներում ամենայատկանշականը՝ հէնց օրերս պարզւեց պաշտպանութեան նախարարի «վաստակած» հարստութիւնը` աւելի քան 400.000 դոլարի բնակարան: Այս թաւշականը մինչ պաշտօնների անցնելը, նախքան 2018 թ., եղել է ոչ խերով-բարով «պատմութեան ուսուցիչ», իսկ այժմ` «ՀՀ-ի պետական, ազգային, տարածքային եւ առհասարակ երկրի անվտանգութեան թիւ 1 երաշխիք` Հայոց արդէն ջախջախած Բանակի ղեկավարը».…: Ողբա՜մ զքեզ Հայոց աշխարհ...
…Բաւարարւենք միմիայն այս երկու օրինակով, լոկ սոց. արդարութեան ոլորտում, ու դատողութիւնը թողնենք գիտակից ընթերցողին, որպէսզի ինքն պատասխանի` ո՜ւր ենք հասել ազգովի եւ ո՞ւր են տանում Հայաստանը հարցումին…:
Մնացեալ օրինակներն, ինչպէս ասւեց, ընթերցողը արդէն մեզանից աւելի լաւ գիտի…
-Ներքաղաքական պառակտւածութիւն, որն նաեւ նախապէս ծրագրածի համաձայն՝ տարածւեց հէնց 2018-2019 թ.-ից՝ Սփիւռքեան գաղթօջախ-համայնքներում:
-Արտաքին քաղաքականութեան ու յատկապէս ձախորդ ու դիտաւորեալ անգրագէտ դիւանագիտութեան բերումով՝ հիասթափւած ինչպէս շրջանի, այնպէս էլ միջազգային դաշնակից ու բարեկամ երկրների կողմից:
-Նոյն ձախորդ ու թուլամորթ կեցւածքով (որն ամենահեշտ ճանապարհն է արտաքին դաւերի) անամօթաբար յայտարարում էին դիւանագիտական նոր ու զրօ կուրսով Արցախը ինքնորոշելու մասին: Արդիւնքում բերեցին՝ պատերազմ, տարածքային եւ ամենաահաւորը՝ անվերադարձ-խեղւած մարդկային (երիտասարդ մատաղ սերունդի մեծագոյն հարստութեան) կորուստներ՝ շուրջ 15000 նահատակ-հաշմանդամներով…
Այստեղ էլ սրանցով լոկ բաւարարւենք, ու թողնենք ընթերցողների խղճին, թէ ո՞ւր բերին-հասցրին 5000-ամեայ ժողովրդի արժէքային համակարգերը՝ Հայոց Առաքելական Եկեղեցու հաւատոյ հանգանակը՝ Հայի սրտում, մտքում ու հոգում: Ինչպէ՞ս խեղեցին ու ծաղրեցին ազգակերտութեան մեր բոլոր ռեսուրսները՝ ազգայինը՝ պատմական յիշողութիւնը, բոլոր ժամանակների անհատականութիւններն ու ազգի ռահվիրաները…:
Սիրելի ընթերցող, ցաւօք, այս բոլորի դէմն առնելու աւելի քան 4-ամեայ ընդվզում-բողոքները չեն արդիւնաւորւել: Նոյնիսկ որպէս պատերազմում պարտւած իշխանութիւն, կրկին անգամ (անշուշտ աճպարարութիւններով, լկտի ստերով, ամբոխավարութեամբ, մոլորեցնող քարոզչամիջոցներով եւ կարեւորը՝ յուսաբեկւած ու յոգնած-զզւած ժողովրդին վախեցնելով, որ ընդդիմադիրների ընտրութեամբ կրկին պատերազմ է լինելու) յաջողեցին (ի զարմանս աշխարհի, բայց ի ուրախութիւն սորոս-անգլօ-սաքսոնների եւ իհարկէ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի), 2021-ին վերընտրւել որպէս իշխանութիւն, ունենալու համար այն, ինչ ունենք բոլորս՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի:
3 Փաստեր
ա-Վերջին տարիներին Հայաստանեան եւ սփիւռքեան նաեւ ոչ-հայ, բայց հայամէտ ու մեր ճակատագրով մտահոգ՝ պատմաբաններ, փորձագէտ, մասնագէտ, քաղաքագէտ, դիւանագէտ յայտնի ու հեղինակաւոր գործիչներ, ինչու ոչ նաեւ հասարակագէտներ, հոգեբաններ, քաղաքական ակտիւիստներ, կուսակցութիւնների նախկին ու ներկայ պատասխանատուներ եւ հազարաւոր անհատ-սրտցաւ ու հայրենիքի ճակատագրով մտահոգներ, արդէն խոստովանել ու ահազանգում են Հայաստան երկրի գլխին ճօճւող Դամոկլեան սուրի օրէօր վտանգի առարկայացմամբ՝ պետականութեան կործանման եւ ո՜վ զարմանք՝ արդէն իսկ Հայրենիքի հայաթափման ու ցեղասպանւելու (21-րդ դարում, այո՛) հեռանկարների մասին: Հաւատո՞ւմ էինք, արդեօք, այսպիսի՜ հասկացութիւններ, թէ՞ դրանք մենք ամենքս լսում, տեսնում, կարդում էինք լոկ պատմութեան դասագրքերում, Րաֆֆիների պատմավէպերում ու Սիամանթօ-Վարուժան ու դեռ շատ ռահվիրաների մարգարէանման պատգամ-գրառումներում:
բ-Գրեթէ վերոգրեալ բոլոր մասնագէտները միակարծիք են այն իրողութեամբ, որ ՀՀ-ի, Արցախի եւ ինչու ոչ՝ սփիւռքահայութեան պետական ու ազգային-հասարակական նշմարւող աղէտը դիմագրաւելու-յաղթահարելու բոլոր օրինաչափ ստանդարտների կիրառումը՝ (խորհրդարանական, արտախորհրդարանական պայքարներ, ցոյց-հանրահաւաքներ՝ այն էլ իշխանութիւնների ֆէյք համակարգերի կողմից ամենօրեայ հրամցւող մոլորութեան տանող քարոզչութեան առկայութեամբ) բողոք-նամակ-կոչերի տեսքով մնացել են ապարդիւն, յատկապէս, որ անգլօ-սաքսոնական հայադաւ կառոյցները իրենց Հայաստանեան դեսպանատներով ու ԵՄ-ի ներկայացուցչութիւններով, բարձրաձայնում են «Թաւշեայ» իշխանութիւնների «ժողովրդավարութեան ու խաղաղասիրութեան» օգտին, որոնք յատկապէս որպէս «գլխացաւանքներ»՝ ոտնատակ են տւել արդէն Արցախի, հայոց պահանջատիրութեան ու Հայ Դատի հայապահպան ու հայաստանանպաստ օրակարգներն ու հիմնահարցերը:
գ-Ի՞նչ անել: Առաջարկ.
Նոր պատերազմի, նոր կապիտուլիացիայի, տարածքային (Արցախ, Սիւնիք եւ բուն ՀՀ-ում) նոր կորուստներից խուսափելու եւ մէկ խօսքով հայրենակործան ու պետականակործան համազգային վտանգը կարելի է չէզոքացնել արտակարգ եւ ոչ օրախնդիր անպտուղ, բայցեւ՝ բեկումնային (անշուշտ խաղաղ) միջոցի կիրառմամբ: Դա ոչ այլ ինչ է՝ եթէ ոչ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ եւ այդկերպ պարտւած ու վարկաբեկւած իշխանութիւնից մէկանգամընդմիշտ ազատագրւելը: Սակայն, որպէսզի նոյն սորոս-սաքսոնական ու թաւշամոլ հայադաւները դա չբնութագրեն ընդդիմադիրների «իշխանափոխութեան հերթական արկածախնդրութիւն», անհրաժեշտ է, որպէսզի համախմբումը իրացւի Հայոց Առաքելական եւ ազգային եկեղեցու զոյգ ու համընթաց ղեկավարութեան, այսինքն՝ Ամենայն Հայոց ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս-գահակալների կողքին ու թիկունքին՝ Հայաստանում եւ նոյնինքն հայոց հաւատոյ անխախտ հանգանակ՝ Ս. Էջմիածնի խորանների շուրջ բոլորը, յար եւ նման՝ Խրիմեան Հայրիկների ու 1918-եան Գէորգ 5-րդ կաթողիկոսների ազգափրկիչ զանգերի ղօղանջներով: Ահաեւ՝ մերօրեայ սերունդների իրենք իրենց վերաճանաչելու գրաւականը՝ Հայրենիքը կործանումից փրկելու այլեւս անյետաձգելի հրամայականը:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի վերջին 20 տարիների գլխաւոր խմբագիր
Պատմական գիտութիւնների թեկնածու