Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մի քանի օր առաջ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը սկսեց տարօրինակ դինամիկա ցուցաբերել, որը նկատելի է հարևան Վրաստանի և Ադրբեջանի հետ համեմատության մեջ: Այնտեղ արդեն հիվանդացության գագաթնակետը հաղթահարված է, թվում էր` Հայաստանում էլ է այդպես, մինչև չսկսվեց վարակվածների թվի աճ: Դիտենք գրաֆիկները:
Նկար 1. Հիվանդների թվի օրական դինամիկան (Worldometers.info)
Հաջորդ գրաֆիկում երեք երկրների համադրված տվյալներն են:
Նկար 2. Հիվանդների թվի օրական դինամիկան` տվյալների հայտարարման օրվա դրությամբ
Ի՞նչ ենք տեսնում գրաֆիկում: Նախ` հետաքրքիր է Ադրբեջանի կորը: Ակնհայտորեն երևում է վարակման դեպքերի նվազում, գրաֆիկը նման է նորմալ բաշխման` աջից երկար պոչով, ինչպես և պետք է լինի ավարտվող համաճարակի երկրներում: Վրաստանում աճի տեմպերը հնարավոր է եղել նվազեցնել, սակայն վարակման դեպքերը կասեցնել դեռևս չի ստացվում, այսինքն` համաճարակի գագաթնակետին դեռ չեն հասել: Իսկ ահա Հայաստանում ապրիլի 6-ից վարակվածների թվի կայունացման միտում էր նկատվում, հետո ապրիլի կեսից թիվը սկսեց նվազել, իսկ վերջին օրերին աճի կայուն միտում ենք տեսնում: Ապրիլի 30-ին գրանցվել է 134 նոր դեպք:
Նշենք, որ կարանտինն ամեն տեղ միատեսակ չի պահպանվում, Հայաստանում այն պահպանվում է ամենաքիչը, որի արդյունքն էլ երևում է գրաֆիկում:
Հիմա տեսնենք, թե ինչպիսին են ավարտվող համաճարակի գրաֆիկներն այլ երկրներում:
Նկար 3. Համավարակի հաղթահարման տարբեր փուլերում գտնվող երկրներում վարակվածների թվի համեմատական գրաֆիկները(Worldometers.info)
Փաստորեն, Ադրբեջանի գրաֆիկը համապատասխանում է համավարակի հաղթահարման միտումներին: Քանի որ Ադրբեջանը բազմիցս վիճակագրությունը չափազանցնելու հակումներ է դրսևորել, այդ տվյալները չենք շտապի հավաստի համարել: Իսկ Հայաստանի պարագայում դե ֆակտո սկսվում է երկրորդ ալիքը: Պատկերավորության համար դիտարկենք մի քանի միտումներ:
Նկար 4. Վարակվածների թվի աճի տեմպերը` ամբողջ ընթացքում հիվանդացածների թվի համեմատ (%, աղբյուրը` ncdc.am)
Տեսնում ենք, որ աճի տեմպերը դանդաղ նվազում են վիրուսի տարածման առաջին շաբաթվա ընթացքում, և օրական տեմպերն ամենացածր ցուցանիշին են հասել ապրիլի 6-ին: Եռօրյա տեմպերն ամենացածր կետին են հասել ապրիլի 8-ին, մեկ շաբաթվա տեմպերը` ապրիլի 12-ին, երկու շաբաթվանը` ապրիլի 19-ին: Ինչը զարմանալի չէ, այսինքն` ամեն ինչ տեղի էր ունենում սեփական մինիմումից հետ ընկնելով: Ապրիլի 23-ի կտրուկ նվազումը վիճակագրական արտեֆակտ է, Նիկոլ Փաշինյանի երեկոյան հրապարակման արդյունք, որից հետո առավոտյան տվյալները պարզապես կրկնեցին: Իսկ հաջորդ օրը ցատկ եղավ: Այդ պատճառով եռօրյա տվյալներն ամենաադեկվատն են` բացառում են այս կամ այն հանգամանքով պայմանավորված օրական տատանումները, նաև չեն հասցնում հնանալ, ինչպես երկու շաբաթ առաջվա թրենդները: Սակայն այս տեմպերը հաշվի չեն առնում հանգամանքը, որ որոշ մարդիկ արդեն դուրս են գրվել կամ մահացել, այդ պատճառով վարակիչ չեն: Նրանց համեմատ աճ հաշվելն այնքան էլ ադեկվատ չէ, եթե, իհարկե, չենք փորձում որոշել` համաճարակում ներգրավված է ամբո՞ղջ պոպուլյացիան (իսկ դրան դեռ չենք հասել): Այդ պատճառով բացառենք աճի հաշվարկից այն դեպքերը, որոնք արդեն ավարտվել են, և դիտարկենք միայն ակտիվ դեպքերի աճը` նկար 5 (%):
Տեսնում ենք, որ միտումները համարյա նույնն են, բայց, ի տարբերություն նախորդ գրաֆիկի, երկրորդ կեսում կա աճ, որը բավականին կայուն է և արձանագրվում է ապրիլի 6-ից հետո: Եթե համարենք, որ գրանցումը կատարվում է հիվանդության փաստից ուշ, կարող ենք ենթադրել, որ ապրիլի 6-ից հետո գրանցվել են նոր դեպքեր, որոնք իրականում ավելի վաղ են եղել:
Այդ հարցին դեռ կվերադառնանք, իսկ հիմա քննարկենք Հարավային Կովկասի երկրներում աճի տեմպերը, որ համեմատենք դրանք (նկար 6):
Ըստ գրաֆիկի` եթե ապրիլի 3-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում աճի տեմպերն ամենացածրն էին, ապա ապրիլի 19-ից սկսած` դարձել են ամենաբարձրը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում տեղի է ունեցել բեկում: Այն զգալի չէ (հնարավոր է` դեռևս), սակայն որակական բնույթ ունի:
Արդեն մի քանի անգամ կողմնակիորեն խոսել ենք երկրորդ ալիքի մասին: Այժմ վիզուալ դիտարկենք` երեք տարբերակ քննարկելով: Առաջինը` ենթադրենք, որ ապրիլի 13-ից հետո Հայաստանում ոչ մի նոր դեպք չի եղել, երկրորդ` ապրիլի 7-ից հետո եռօրյա միջին տեմպերը կայունացել են և սկսել դանդաղ նվազել` այսօր հասնելով 1 տոկոսի ապրիլի 7-ի 2,3 տոկոսի համեմատ: Երրորդ` ապրիլի 19-ից սկսած` նոր դեպքերի աճի տեմպերը կայունացել են նախորդ շաբաթվա (12-18 ապրիլ) միջին արժեքի վրա ու դանդաղ նվազել 3.5 տոկոսից 2.2 տոկոս:
Նկար 7. Հայաստանում «երկրորդ ալիքի» պատկերը
Տեսնում ենք, որ նույնիսկ ամենապահպանողական սցենարը` ապրիլի 19-ից տեմպերի կայունացումն ու դանդաղ նվազումը, պետք է տար դեպքերի թվի կայունացում, սակայն ոչ` աճ, որը գրանցվում է վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Իրականում, ելնելով գագաթնակետն անցած երկրների գրաֆիկներից, կարող ենք եզրակացնել, որ 2-րդ սցենարն էլ բավականաչափ պահպանողական է: Իմաստն այն է, որ համաճարակը պետք էր «ճնշել» և դրանից հետո նվազեցնել կարանտինի ինտենսիվությունը: Դա չարվեց, այդ պատճառով կա աճ:
Հիմա պարզենք` ինչպիսին է այդ աճը:
Նկար 8. Հայաստանում կորոնավիրուսի ենթադրյալ երկրորդ ալիքի պատկերը (2-րդ սցենարից ելնելով)
Ինչպես տեսնում ենք, ներկայիս դեպքերի զգալի մասը վերաբերում է երկրորդ ալիքին: Ենթադրյալ կրճատման տեմպերից դատելով` առաջին ալիքի ակտիվ դեպքերի թիվը 253 է, երկրորդինը` 852: Այսպիսով` դեպքերի 77 տոկոսը երկրորդ ալիքն է (և ամբողջությամբ վիրուսի ներքին տարածման հետևանք): Կարծիք կա, թե դա կարող է կապված լինել թեստավորման ինտենսիվացման հետ, որի հետևանքով ավելի շատ նոր դեպքեր են հայտնաբերվում: Սակայն գրանցվածներից ավելի մեծ թիվ Հայաստանում չի կարող լինել. յուրաքանչյուր վարակված միջինը երեք օրը մեկ կարող է վարակել մեկ մարդու, այսինքն` եթե չգրանցված վարակակիրների թիվը ապրիլի 7-ին հավասար լիներ գրանցվածների թվին, ապա այսօր վարակված կլիներ բնակչության 12 տոկոսը, ինչը անհեթեթություն է, սակայն նույնիսկ եթե համարենք, որ կարանտինային միջոցառումների արդյունքում այդ թիվը զգալիորեն փոքր է, կունենայինք 1 տոկոս վարակված, և դա էլ չի համապատասխանում դիտարկվող պատկերին:
Գործնականում վարակվածների իրական թիվը այնքան էլ չի տարբերվում պաշտոնապես գրանցված թվից, և տարբերությունը չի աճում:
Ունենք նաև տվյալներ անցկացված թեստերի թվերի վերաբերյալ. եթե մարտի 3-ին օրական 100 թեստ է արվել, վերջին երեք շաբաթներին` մոտ 1000: Հետաքրքիր է դրական արդյունքների և թեստերի ընդհանուր թվի հարաբերակցությունը, այսինքն` բոլոր թեստավորվածների մեջ վարակվածների բաժինը:
Նկար 9. Թեստավորման դինամիկան բնութագրող պարամետրերը (թեստերի անցկացման օրը)
Վերջին 30 օրվա ընթացքում միջին հարաբերակցությունը եղել է 11.7, ինչը քիչ չէ, հատկապես եթե նպատակաուղղված թետավորում իրականացվի վարակվածների շփման շրջանակում, սակայն դա բավարար չէ բոլոր հիվանդներին հայտնաբերելու, մեկուսացնելու և այդպիսով հիվանդության տարածում կանխելու համար: Կան մի շարք երկրներ, որտեղ հնարավոր է եղել ամբողջ ծավալով դա իրականացնել, և այնտեղ հարաբերակցությունը բարձր է: Մասնավորապես` Հարավային Կորեայում գրանցված 1 վարակակրին բաժին է ընկնում 56.6 բացասական արդյունք, Նոր Զելանդիայում` 90.2, Սլովակիայում `60.5, Լիտվայում `89.7, իսկ Իսլանդիայում բավարար է եղել 25.9-ը: Այսինքն` Հայաստանում թեստավորման ինտենսիվությունն ավելացել է ամենաքիչը 2.5 անգամ: Դա թանկ հաճույք է, սակայն տնտեսությանը հասցված վնասի կասեցման տեսանկյունից` ձեռնտու:
Կարծիք կա նաև, որ վարակման դեպքերն ուշացումով են գրանցվում: Դա իրականում այդպես է, ոչ մի երկրում հնարավոր չէ գրանցել վարակման դեպքը հենց վարակվելու օրը, թեկուզ այն պատճառով, որ հակամարմինները վայրկյանապես ի հայտ չեն գալիս: Այնուամենայնիվ, այդ ուշացումը կարող է տարբեր լինել: Ուհանում 12 օր էր, Հայաստանում` ապրիլի սկզբին` 8 oր, կեսին ու վերջին` 7: Գրանցված հիվանդների վարակման ամսաթվերը չեն հրապարակվում, սակայն կարելի է հաշվարկել ապաքինվածների ու մահացածների թվի հիման վրա: Գնահատականը կազմվել է մահացածների թվի (ախտանշանների հայտնաբերումից հետո 17, 8 օր շեղմամբ) և ապաքինվածների թվի (22,6 օր շեղմամբ) համադրման հիման վրա (ըստ չինական տվյալների): Գաղտնի շրջանը միջինը 5,1 օր է: Այդպիսով` միջին շեղումը մահացածների համար 23 օր է, ապաքինվածների համար` 28 օր: Հարկ է հաշվի առնել, որ գրաֆիկի «վարակման ամսաթիվ»-ում միայն այն դեպքերն են, որոնք գրանցվել են:
Նկար 10. Հիվանդների գրանցման ամսաթվի և վարակման իրական ամսաթվի համադրումը
Այս թվերից ելնելով` կարելի է ասել, որ վարակման դեպքերի գրանցումը ուշացել է` մարտի 11-ին` 16 օրով, մարտի 15-ին` 9 օրով, մարտի 18-ին` 8.1 օրով, մարտի 25-ին`8.2 օրով, ապրիլի 1-ին` 7.2 օրով: Ավելի թարմ տվյալներ չկան, քանի որ վարակման դեպքերը, որոնք ապրիլի 29-ով ավարտվել են ապաքինմամբ, տեղի են ունեցել միջինը ապրիլի 1-ին:
Գիտենք, որ առաջին գրանցված վարակակիրը Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին, հետագայում նրա հետ շփում ունեցած 30 մեկուսացված անձանցից նվազագույնը երկուսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, այսինքն` տեղային փոխանցումը սկսվել է փետրվարի 28-ից: Սակայն տեսականորեն դա կարող էր տեղի ունենալ ավելի վաղ, եթե ենթադրենք, որ Իտալիայից ավելի վաղ ժամանածների թվում էլ եղել են վարակակիրներ, բայց չեն գրանցվել:
Հարկ է նաև հաշվի առնել մեկ հանգամանք ևս. մարտի 10-ին, երբ Հայաստանում համարում էին, որ ընդամենը մեկ դեպք կա, դրանց թիվն արդեն 113 էր (ավելի ուշ գրանցվածները), որոնցից 40-50-ի մոտ գաղտնի շրջան էր: Իսկ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ գրանցվել էր 45 վարակաիր, մինչդեռ այդ թիվն արդեն մոտ 260 էր: Բայց հետագայում վարակակիրների գրանցման ուշացումը հնարավոր եղավ մեղմել:
Հրանտ Միքայելյան