կարևոր
2839 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 16:03
Հասարակություն

Ալի-Արիֆ-Արիսն ու ես

Ալի-Արիֆ-Արիսն ու ես

Արիս Նալջը

Մեր՝ հայերիս անունները, և ավելին՝ մեր թաղամասերի անունները թուրքերի համար միշտ էլ օտար են եղել։ Օրինակ, տարիներ շարունակ կողք-կողքի ապրելով նույնիսկ մի «Մարտիրոս» չեն կարողացել ասել։ Կամ էլ՝ «Հարություն»։

Այս «օտարությունը» անուններով սահմանափակվեր՝ լավ էր։ Սակայն լեզվի մեջ էլ է այն արմատացել․

-Այդ ի՞նչ տեսակ անուն է, սիրելիս:

-Որտեղացի՞ ես:

Մենք այնքան ենք ապրել դրա կլիշեներով, որ այժմ դատապարտված ենք անտեսելու դա:

Հիմա ընթերցողներիցս ոմանք կասեն՝ «Չավարտվե՞ց ձեր զոհ լինելը», ու ինձ նորից կմեղադրեն զոհի լեգենդ տարածելու մեջ։

Սակայն, եղբայր, այս զոհ դարձնող վիճակն էլ չի վերջանում։

Իրականում ամեն ինչ սկսվում է նրանից, որ ովքեր ինձ ասել են՝ «Զոհի վիճակդ չի վերջացել», դա ասելիս անտեսել են մեծ անարդարացիությունը։

Դրա համար, քանի որ «իմ» անարդարությունները չեն երևում, ես էլ ձեր անարդարությունները չեմ կարող տեսնել։

Քանզի այնքան սովոր եմ, որ իմ անունը սխալ արտասանվի, որ այդ փաստն ինձ մղում է, որ ձեր անվան սխալ արտաբերվելու կամ ձեր մայրենի լեզվի և ազգության հանդեպ որևէ անարդարության դեպքում ասեմ՝ «Հա լա՜վ, անցած լինի, բա մեզ ինչեր են ասել»:

Այս շաբաթն էլ անցավ Տարոն Աճեմօղլուի՝ Երկրորդ դարի համագումարում ունեցած ելույթով, ապա նրան քննադատած հեռուստատեսային անգրագետ մեկնաբանների և նրանց ուղղորդողների հետ:

Օրինակ՝ մեկը դուրս եկավ ու համարձակվեց ասել՝ «Փաշինյանի նմանների խաղաքարն է»։ Կամ էլ եղան այնպիսիք, որ «հայ» չասելու համար «օտար» անվանեցին նրան։

Հավատացե՛ք, որ որպես Թուրքիայի քաղաքացի՝ ամաչեցի՝ տեսնելով, որ աշխարհի ամենաբարձր երեք-հինգից մեկի կոչմանն արժանացած Աջեմօղլուն հետ է գալիս ու դեռ նման տգեղ խոսքերի է պատասխանում։

Դա վերևում նշածս անուններից է, որ չեն կարողանում արտասանել։

Իրենց հաճելի անուններն էլ շատ տափակ ու ծամծմված էին: Հաջին, ասենք։

Գիտե՞ք, դա մենք՝ հայերս, շատ լավ գիտենք։ Հետագայում մահմեդական դարձած հայերը սովորաբար նրանց անվանում են Հաջի։ Ինչևէ, հիմա ես Աքիթչիներին այդ ծուղակը չեմ ներքաշի։

Թույլ տվեք ձեզ մի քիչ ծիծաղեցնեմ:

ՀԱՋԻ ԱԲՈՒԶԵՐ

2011 թ․ հետո հաճախ եմ եղել Ուրֆայում։ Պատճառն այն էր, որ մահմեդական հայ եղբայրս այնտեղ պետական ​​մակարդակով աշխատում էր բարձր պաշտոնում։

Ինքնաթիռից վաղ առավոտյան իջանք, որպեսզի մեզ ոչ ոք չտեսնի, և հանդիպեցինք քաղաքից դուրս գտնվող խորտկարանում, և նա ինձ ամբողջ օրը ցույց տվեց Ուրֆայում:

Նպատակը արհեստավորների ու մյուսների հետ ծանոթացնելն էր։

Իհարկե, Ուրֆայում հայտնի հայեր չկան, բայց թաղամասերում շրջելիս մարդիկ ինձ միշտ այդպես էին ներկայանում։

«Բարև, Աբուզերն եմ՝ հորեղբորորդիդ»: Մի այլ փողոց «ողջույն, ես Աբուզերն եմ, քեռորդիդ եմ…»:

Ես չէի կարողանում հիշել, որ երբևէ այսքան հարազատներ ունենայի… Չգիտեի էլ, որ նրա ընտանիքը Ուրֆայից էր։ Բայց հասկանում եք կոդը, չէ՞:

Հետս ձեռք սեղմողները հայ են։ Բայց մահմեդական… Փռվում ենք մզկիթի կողքին գտնվող նստարանին:

«Հիմա նամազից դուրս եկողները կգան մեզ մոտ», – ասում է Աբուզերը … (չեմ հիշում, թե որերորդ):

Մի քիչ դեմքին նայելուց հետո հարցնում եմ․

«Ինչու՞ են բոլորն Աբուզեր։ Դա է՞լ է ծածկանուն»:

«Ոչ, մեր կողմերում այսպես է»,- ասում է նա ու կատակի տալիս։

1980-ականներն է։ Մշտապես զինվորներ էին շրջում ավտոբուսների ու միկրոավտոբուսների մեջ։ Մի օր կանգնեցնում են Գերմուշի կողմից (հին հայկական գյուղ) եկող միկրոավտոբուսներից մեկը, ստուգում են։ Բոլորը պատրաստ են ծեծ ուտելու։

Զինվորը բնականաբար գիտի ծածկաբառը։

«Աբուզեր անունով բոլորը պետք է իջնեն»։

Բոլորն իջնում են։ Ձեռքներն ավտոբուսին հենած՝ խուզարկվում են։

Մի քեռի մնում է ամենավերջի նստարանին։ Զինվորը ներս է գնում․

«Ինչո՞ւ չես իջել քեռի»։

«Որդի՛ս, իմ անունը Հաջի Աբուզեր է…»։

Կատա՞կ է։ Ճի՞շտ է։ Վստահ չեմ. Ես Աբուզերի սուտ տեսակն եմ։

ԻՍԿ ԵԹԵ ՍՈՒՏ ԵՆ ԱՍԵ՞Լ

Մի քանի շաբաթ առաջ Գերմանիայում՝ Համբուրգում, Զապել Եսայանի գրականությանը նվիրված օրեր էին։ Տարիներ շարունակ Համբուրգի մի բուռ թուրք դեմոկրատներ զբաղված են Թուրքիայից իրենց վատ խտրական սովորությունները մաքրելու և իրական պատմության ու իրական մարդկանց ի մի բերելու գործով: Դրա համար վստահ եմ, նրանք անկողին են մտնում «Ինչպե՞ս անենք՝ խաղաղություն լինի» հոգսով։ Նրանցից մեկն է մեր եղբայր Հասան Բուրգուջուօղլուն։ Ուլաշ Կյուրեի ջանքերով գերմանացի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ գերմաներեն ենթագրերով դիտել Բողազիչիի համալսարանի «Զապել» ներկայացումը այս 4-օրյա համաժողովի և թատերական օրերի ընթացքում, որ կազմակերպել էին Interkulturelle Denkfabrik ասոցիացիայի հետ:

Օսման Քյոքերը՝ Bir Zamanlar հրատարակչության հիմնադիրն ու սեփականատերը, Քայուշ Չալըքմանը, ով թարգմանել է Զապելի «Ավերակներուն մեջ» գիրքը, և Քեմալ Յալչընը, ով հավաքել է Ցեղասպանության վերապրածների պատմությունները, երկու օր մասնակցեցին այս համաժողովներին։

Գիտեք, որ Եվրոպայում դեմոկրատների մասնակցությամբ միջոցառումների թիվը մեծ չէ։ Միշտ էլ տեղյակ են, բայց չեն գալիս։ Եկողների միջից էլ միշտ տարբեր ձայներ են դուրս գալիս։

Ահա այս համաժողովներից մեկի ժամանակ դահլիճից հնչած և Քեմալ Յալչընին ուղղված մի դիտարկում բացատրում է վերևում գրածներիս ամեն ինչի պատճառը։

«Որտեղի՞ց գիտեք, որ նա Ձեզ ճշմարտությունն է ասում»:

Յալչընը շատ սառնարյուն կերպով զսպում է եկող ալիքը՝ ասելով «Արցունքները չեն ստում», իսկ հետո ավելացնում, որ հաստատել է մի քանի մարդկանց պատմությունը։

Բայց այդ դահլիճում գտնվող մեր հայ եղբայրներից մեկը ասելով՝ «Իմ ընտանիքն անցել է այս ամենի միջով, դուք դեռ սո՞ւտ եք համարում», ձեռնափայտով դուրս եկավ դահլիճից, և սիրտը վատացավ։

Ահա թե ինչու էին Զապել Եսայանի գրական օրերը կարեւոր։ Քանզի որքան էլ հեռու ենք Թուրքիայից, նրա մտածելակերպը շարունակում է ապրել նաև այստեղ։ Դրա համար է Եվրոպայի դեմոկրատների պայքարն անհրաժեշտ ու տեղին։

Եվ այս անեկդոտը ևս մեկ անգամ ապացուցում է ինձ, թե որքան ճիշտ կարող է լինել Աբուզերի պատմությունը, որը ձեզ պատմեցի վերևում։

Այս երկիրն այնքան անհավանական բաներ է տեսել, ո ովքեր կարծում են, թե կատակ է, որ Աբուզերները իջնում ​​են ավտոբուսներից, իսկ Հաջի Աբուզերները մնում են, օրը գալիս է ու մեր մոտ գալով՝ ասում են «Որտեղի՞ց գիտես, որ նրանք ճշմարտությունն են ասում» կամ «Ձեր զոհի հոգեվիճակը չի վերջացել»:

ԳԱՆՔ ԱՐԻՖԻՆ

Ամբողջ կյանքս՝ մինչև համալսարան, միայն հայկական դպրոցներում եմ սովորել։ Տարրական դպրոցը մեր թաղամասի՝ Ֆերիքյոյի Մերամեթչյան նախակրթարանում, իսկ միջին և ավագ դպրոցը՝ Քարաքյոյում գտնվող Կենտրոնական հայկական վարժարանում։ Այս շաբաթ, երբ մենք նշենք մեր ավարտելու 25-ամյակը, իմ դասընկերները, ինչպես միշտ՝ «Կեցցե Գետրոնագանը» ասելով կենաց են խմելու:

Ես հպարտ եմ նրանց բոլորով էլ, իմ դպրոցներով էլ։

Երբեք չեմ դժգոհել, թե ինչու եմ այդ դպրոցը գնացել կամ ինչու մասնավոր ավագ դպրոց չեմ գնացել։

Ուստի իմ ուսումնառության ամբողջ ընթացքում չեմ հանդիպել դեպքի, որ իմ անունը սխալ արտասանվի։

Մինչև համալսարան։

Դաս առաջին, աջից հաշվում, ուսուցիչ.

– Ահմեթ։

-Ներկա…

-Ալի…

Ձայն չկա։ Բայց ես ստորագրել եմ իմ անվան կողքին։

-Արիֆ…

Ձայն չկա։

– Աաաարրրիիիֆֆֆֆֆֆ

Հըմմ, նա ի՞մ մասին է խոսում։

-ԱԱԱՐՐՐՐԻԻԻԻԻԻՍՍՍՍ

-Ներկա…

– Սխալ են գրել ամեն դեպքում տղաս: Արիֆ է՞ր։

– Ոչ, ուսուցիչ, Արիս:

-Լավ, Արիֆ: Նստի՛ր տեղդ․..

Համալսարանում Արիֆ դարձա։ Չգիտեի էլ՝ ինչպես արձագանքել, քանի որ երբեք չեմ հանդիպել նման իրավիճակի: Այդպես էլ մնաց։

Սակայն իմ կուրսում ինչպիսի տարօրինակ անուններ կային։

Օրինակ՝ Սուլեյման անունով մի կին կար։

Վոլգա, և շատ ավելին…

Նրանք կարող էին գանգատվել։ Ես՝ չէ։

https://artigercek.com/makale/ali-arif-aris-ve-ben-231924?fbclid=IwAR0RUIHUVVmhbIgyJ2iMFq75iLBGcJ0Id8KdUhBJz6f0dFnDPsablko441c

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net