կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-30 16:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի հետևում մարդիկ են, ովքեր առնչվում են ապօրինի գույքի մասին օրենքին. Մակունց

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցածի հետևում այն մարդիկ են, որոնք մտահոգություններ ունեն ԱԺ-ի` օրերս ընդունած ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավման մասին օրենքի առնչությամբ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում։

«Ապօրինի ձեռք բերված գույքի մասին օրենքի ընդունումն ու այդ օրենքի մասին Ալեն Սիմոնյանի ելույթները կապված են երեկվա դեպքի հետ։ Այսինքն` ինչ-որ մարդիկ կան այս ամենի հետևում` նրանք, ովքեր ապօրինի գույք են ձեռք բերել և որոշակի մտահոգություններ ունեն։ Այս ամենը փոխկապակցված է»,–ասաց Մակունցը։

Նա համոզված է, որ Սիմոնյանի և Դանիելյանի միջև տեղի ունեցածի առնչությամբ իրավական գործընթաց կսկսվի։ Մակունցի խոսքով` այս միջադեպը չպետք է դիտարկվի որպես առանձին դեպք` այն հետևանք է սեռական բնույթի հայհոյանքների, բռնության կոչերի, հանրային սպառնալիքների, մարդու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունների, որոնք առցանց տիրույթից տեղափոխվել են իրական կյանք։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց` այնպես չէ, որ արդարացնում են որևէ մեկին, ի վերջո, կատարվածի վերջնական գնահատականն իրավապահները կտան, սակայն տեղի ունեցածն, ըստ Մակունցի, ՀՀ քաղաքացու արժանապատվության և անվտանգության հարց է։

Նշենք, որ միջադեպի մասին երեկ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքի իր էջում էր գրել, տեղեկացնելով, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փողոցում հարձակվել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վրա՝ հրապարակելով վերջինիս` արյունոտ դեմքով լուսանկարը։ Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Արթուր Դանիելյանին ապրիլի 29–ին հանդիպել է տուն գնալու ճանապարհին, բարևել նրան, ի պատասխան սեռական բնույթի հայհոյանք ստացել, դրա համար էլ գլխով հարվածել ու ջարդել է նրա քիթը։ Սիմոնյանը հայտարարեց, որ չի զղջում արածի համար, և որ ցանկացած հայ տղամարդ, որն ունի արժանապատվություն, այդ իրավիճակում նույնկերպ կվարվեր։

Դարձյալ Ալեն Սիմոնյանի անվան շուրջ Ազգային ժողովում թեժացած կրքերին անդրադառնալով, երբ նա վիրավորեց կին պատգամավորին և անհարգալից արտահայտվեց ԼՀԿ ղեկավարի հասցեին, իշխող խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում քննարկում են ԱԺ-ում տեղի ունեցող դեպքերը և դրանցից հետևություններ անում։

«Սիմոնյանն արդեն իսկ արձագանքել է Սամսոնյանին ուղղված մեկնաբանության առնչությամբ` նրանից ներողություն խնդրելով։ Կարծում եմ` այդքանով այս թեման կարելի է փակված համարել։ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արժանապատիվ է գործել, երբ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից ներողություն է խնդրել»,-ասաց Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում Անի Սամսոնյանն ասել էր, թե Ալեն Սիմոնյանին նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն վերաբերվում, ուր մնաց իրենք և ժողովուրդը լուրջ ընդունեն։ Սիմոնյանն էլ, պատասխանելով Սամսոնյանին, նշել էր, թե ամուսնացած է և առաջարկում է իր մասին ավելի քիչ խոսել, քանի որ դա տգեղ է դիտվում։ Բազմաթիվ քննադատություններ հնչեցին Սիմոնյանի հասցեին, որից հետո ԱԺ փոխխոսնակը ներողություն խնդրեց Սամսոնյանից։

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս անդրադարձավ միջադեպին՝ հայտարարելով, որ կնոջ սեռը թիրախավորելով` նրան վիրավորելը բացարձակ մերժելի երևույթ է:

Մանրամասն՝ տեսանյութում․