ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հարցին՝ ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում։
Նա, մասնավորապես, նշել է.
«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ամառային զորակոչի թե նախապատրաստական փուլում, թե բուն զորակոչի ընթացքում կիրականացվեն տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես․
- Զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։
- Անհարկի կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները իրենց ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ կներկայանան փոքր խմբերով։
- Օրվա ընթացքում պարբերաբար կախտահանվեն շենք-շինություններն ու փոխադրամիջոցները։
- Կավելացվի զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցների թիվը, ինչը թույլ կտա տեղափոխումը իրականացնել փոքր խմբերով։
- Քանի որ միշտ մարդաշատ է հատկապես կենտրոնական հավաքակայանը, զորակոչի ընթացքին ծնողները կհետևեն դրսից` տեսակապի միջոցով։
- Հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների և զորակոչը սպասարկող անձնակազմի միջև շփումը։
- Զորակոչիկները հավաքակայան կներկայանան ըստ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումների։
- Վիճակահանության համար կօգտագործվեն բաց տարածքները։
- Մայրաքաղաքին մոտ վայրերից հանրապետական հավաքակայան ժամանած զորակոչիկներն այդտեղ չեն գիշերի և գործընթացի ավարտից հետո կմեկնեն վիճակահանված զորամասեր։
- Ջերմություն ունեցող զորակոչիկները կմեկուսացվեն։
- Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն առանձնացված տեղամասում՝ զորամասի բուժանձնակազմի խիստ բժշկական մշտադիտարկման ներքո, ըստ անհրաժեշտության՝ նաև կթեստավորվեն։
- Զորամասում նորակոչիկների հետ աշխատող անձնակազմը ծառայությունը կիրականացնի զորանոցային ռեժիմով։
- Զորամասում նորակոչիկներին սնունդը կմատուցվի՝ խստորեն պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները»։