կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-04 17:07
Հասարակություն

ԱԻՆ-ում քննարկվել է Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված առկա վիճակը

ԱԻՆ-ում քննարկվել է Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված առկա վիճակը

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ղեկավար կազմի հետ այսօր՝ մարտի 4-ին անցակացրել է խորհրդակցություն՝ քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված առկա վիճակը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Նշվում է՝ նախարարը հանձնարարել է միջգերատեսչական և տեղական ինքնակառավարման մակարդակներում շարունակել սերտ համագործակցությունը, նախարարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ իրականացնել կանխարգելիչ գործողություններ:

Մասնավորապես, իրազեկել քաղաքացիներին կորոնավիրուսից պաշտպանվելու արդյունավետ մեթոդների մասին, ապահովել առավելագույն սանիտարահիգիենիկ-պաշտպանական միջավայր նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում՝ մարդկանց հետ շփումներում խստորեն հետևելով առողջապահության նախարարության նախանշած նորմերին:

Հանդիպման ավարտին նախարարը հորդորել է, վտանգը չարհամարելով, խուճապի չմատնվել և արդյունավետ իրականացնել կանխարգելիչ միջոցառումները:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: