կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 11:30
Տնտեսական

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա կլինի կարճաժամկետ. ԿԲ

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա կլինի կարճաժամկետ. ԿԲ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ 

ՀՀ Կենտրոնական բանկն  «Արմենպրես»-ին տրամադրել է մեկնաբանությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Այնուամենայնիվ Կենտրոնական բանկը մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, ֆինանսական և ապրանքահումքային շուկաների զարգացումները և գնահատում է այն կարճաժամկետ ազդեցությունները, որոնք կարող են գրանցվել ՀՀ տնտեսության վրա։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է արձագանքել՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում»։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 9-ի ժամը 09.03-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 110.041 դեպք, որից 3825-ը՝ մահվան, և 61.982-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: