կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-27 21:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դրության պահանջները գրեթե չեն կիրառվում Երևանում. ՀՅԴ Երևանի ՔԿ անդամ

Երեւանում արտակարգ դրության պահանջները՝ հիմնականում քաղաքացիների երթևեկության, տեղաշարժի սահմանափակումն ու սոցիալական հեռավորության պահպանումը չեն կիրառվում, եւ մենք մտահոգ ենք՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Դրո Բազիկյանը։

Սա ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի երրորդ զգուշացումն է քաղաքապետարանին։ Առաջին կոչը հնչեցրել են արտակարգ դրության հայտարարումից առաջ, որում անդրադարձել են իրավիճակի լրջությանը և, որպես ՀՅԴ Երևանի կառույց, իրենց պատրաստակամությունը հայտնել՝ գործակցելու քաղաքային իշխանությունների հետ։

Երկրորդ ելույթով մտահոգություն են արտահայտել, որ քաղաքապետարանը համավարակի պայմաններում իր գործառույթները չի կատարում եւ քաղաքացիների առօրյայից բացակայում է քաղաքապետը, ով պիտի Պարետատան մաս կազմեր։ Ի վերջո, Հայաստանի բնակչության մեկ երրորդն ապրում է Երեւանում և Երեւանի քաղաքապետը չէր կարող երկրի բնակչության մեկ երրորդի առօրյան արտահերթ պայմաններում կարգավորելու գործընթացին մասնակցելուց անմասն մնալ։

Երրորդ կոչով ՀՅԴ Քաղաքային կոմիտեն մտահոգություն հայտնեց ՀՀ յուրաքանչյուր համաքաղաքացու առողջության պահպանման և ապահովման առնչությամբ։

«Այս ելույթները քաղաքական դիվիդենտներ չեն հետապնդում։ Համավարակի շրջանում չկան կենտրոնական, ՏԻՄ իշխանությունների, ընդդիմության կամ իշխանության խնդիրներ․ կա մեկ խնդիր, որին առնչվել ենք ամբողջ հանրապետությունով։ Մենք, որպես ՀՅԴ երևանյան կառույց պետք է հորդորենք, որ միավորվենք, այս խնդիրը միացյալ ուժերով հաղթահարենք և պատվով դուրս գանք այս ճակատամարտից, որովհետև սա իր տեսակով յուրօրինակ ճակատամարտ է, որից պետք է հաղթանակած դուրս գանք»,- ասաց Դրո Բազիկյանը։   

Առաջին խնդիրը, որ տեսնում է ՀՅԴ Երևանի քաղաքային կառույցը, արտակարգ դրության պահանջները մանրակրկիտորեն կիրառելու վերահսկողությունն ուժեղացնելն է։

«Առաջին մի քանի օրերի զգուշավորությունից հետո մեծապես թուլացել է արտակարգ դրության պարտադրումը։ Քաղաքում օր-օրի աճում է երթևեկությունը, բանկերի դիմաց կուտակումներ են, սուպերմարկետների դիմաց նույնպես մեքենաների եւ քաղաքացիների աշխույժ եռուզեռ է, իսկ բացօթյա շուկաներում իրավիճակը լրիվ անվերահսկելի է․ մարդիկ կողք-կողքի նստած, գնորդները խռնված, ոմանք պաշտպանիչ դիմակ ու ձեռնոցով, ուրիշները՝ առանց այդ բոլորի»,- նշեց Դրո Բազիկյանը։

Հակառակ այս ամենի, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության հայտարարություններից հետո, քաղաքապետը ի հայտ է եկել և, տպավորություն է, որ նախընտրական PR-ի մեջ է՝ փոխանակ այս տագնապալի օրերում երևանցիների առօրյա հոգսերով զբաղելու։

«Մեկ հրապարակում է, որ 500 վերելակներ են փոխվելու քաղաքում, մեկ Հալաբյան փողոցի վրա հինգ նոր շենքերի շինարարության ծրագիր է հրապարակում, մեկ տրանսպորտի հետ կապված մեծ-մեծ հայտարարություններ է անում»,-ասաց նա։

Արտակարգ դրության պայմանների վերահսկողությունը քաղաքապետի գործառույթը չէ՝ տարակուսանքին, Դրո Բազիկյանը հակադարձեց՝ եթե իշխանությունները, պարետը դա չեն վերահսկում, ոստիկանությունը թուլացել է, կառավարությունը այնպիսի որոշումներ է կայացնում, որ մարդիկ ստիպված կուտակվում են բանկերի դիմաց, որպեսզի կարողանան մի քանի հազար դրամ օժանդակությունը ստանան, ո՞վ է երևանցիներին տիրություն անելու։

«Չէ՞ որ քաղաքապետը երևանցիների մեծամասնության կողմից ընտրված է, նա պետք է այս քաղաքով ու բնակիչներով զբաղվի։ Մեր կարծիքով, նա պարտավոր է նախ՝ իջնել փողոց, ականատես լինել այն ամենին, որ մենք բոլորս տեսնում ենք ու անձամբ միջամտել կենտրոնական իշխանության բոլո՛ր օղակների աշխատանքին, պարետատան աշխատանքին և բոլորից պահանջել, որ իրենց պատասխանատվություններին տեր կանգնեն։ Պահանջել իրավապահ մարմիններից՝ իրենց գործը անել եւ մարդկանց պարտադրել տեղաշարժի սահմանափակումը, գործելու իրավունք ունեցող հիմնարկների տեր ու տնօրեններից պահանջել, որ ավելի լավ կանոնավորեն իրենց աշխատանքը, որպեսզի սոցիալական հեռավորությունները պահպանվեն»,-ասաց նա։

Դրո Բազիկյանի հիշեցրեց դատարանի՝ օրերս կայացրած վճիռը, որի համաձայն՝ քաղաքապետարանում որոշ պաշտոնյաներ օրենքի խախտումով են նշանակվել։

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն այդ փաստը արձանագրել է, բայց նրանց նպատակը այս առիթով քաղաքական խնդիրներ արծարծելով քաղաքապետի դիմաց դիվիդենտներ շահելը չէ։

«Հարցի քաղաքական երեսին կանդրադառնանք ավելի ուշ։ Մեր խնդիրը այսօր մեր համաքաղաքացիների ապահովությունն է։ Տեսեք, այսօր Երևանում շարունակում են աշխատել կանաչապատման խմբերը՝ կողք-կողքի կանգնած, առանց պաշտպանիչ ձեռնոցի կամ դիմակի, առանց նախազգուշության միջոցների որդեգրման նույն գործիքները օգտագործելով․․․ ո՞վ է պատասխանատուն, որ այդ մարդիկ շարունակեն աշխատել, բայց իրենց հատկացվեն ապահով մնալու նվազագույն միջոցները։ Երիտասարդ տղամարդը ո՛չ ձեռնոց, ո՛չ դիմակ, ոչ մի բան, մերկ ձեռքերով դատարկում է մայթերի աղբամանը ու մեկ էլ նույն ձեռքով ճակտի քրտինքը սրբում։ Որտե՞ղ են քաղաքապետարանի աղբահանության աշխատողների վերահսկիչները, որտե՞ղ են այդ վերահսկիչների պատասխանատուները, ո՞ւր են քաղաքապետն ու քաղաքապետարանի վարչական պատասխանատուները»,-ասաց Դրո Բազիկյանը։

Նա խոսքն ամփոփեց ՀՅԴ Քաղաքային կոմիտեի պատրաստակամությամբ՝ գործակցելու քաղաքային իշխանությունների հետ համավարակի դեմ պայքարելու համար ու կոչ արեց քաղաքապետին եւ քաղաքային իշխանություններին՝ տեր կանգնելու իրենց պատասխանատվություններին ու ձեռնամուխ լինելու երևանցիների առողջությունն ու ապահովությունը երաշխավորող բոլոր քայլերին։

Մանրամասն՝ տեսանյութում․