Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սև ծովում՝ Ղրիմի ափից 15 մղոն հեռավորության վրա, հայտնաբերվել է 1941 թվականին գերմանական օդուժի ռմբակոծությունից խորտակված «Արմենիա» ջերմանավը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ջերմանավի խորտակումը պատմության մեջ ամենախոշոր ծովային աղետներից է, որի վրա, տարբեր հաշվարկների համաձայն, մոտ 6-10 հազար փախստական և վիրավոր է գտնվել։ 1500 մ խորության վրա գտնվող օբյեկտի ուսումնասիրության համար ռուսական արտադրության ՌՏ սերիայի ստորջրյա հեռակառավարվող սարք է օգտագործվել, որի միջոցով հնարավոր է եղել առաջին տեսակադրերը ստանալ։
Ռուսական աշխարհագրական ընկերության տվյալներով՝ նավի մի մասը պատված է տիղմի շերտով, սակայն դրա վրա ակնհայտ ճեղքվածքներ չկան, ինչը բացառում է տորպեդայով նավի խոցման հնարավորությունը, որի մասին ասվում էր օբյեկտի խորտակման պաշտոնական վարկածում։
«Միևնույն ժամանակ, տախտակամածի վրա ավերման ակնառու և սարսափելի հետքեր կան․ վանդակապատերն ու ուղղահայաց բոլոր տարրերը դուրս են պտտված, ինչն, ամենայն հավանականությամբ, գոյացել է ավիացիոն ռումբերից։ Հիմնական վնասները հասցվել են ձախ նավակողի մոտակա վերնաշինվածքի մեջտեղի և քթային հատվածներին, ինչը կարող է վկայել այն մասին, որ ավիացիոն ռմբակոծությունը տեղի է ունեցել նավի ընթացքի ուղղությամբ, այսինքն՝ ֆաշիստական օդանավերը նավի հետևի մասից են հարձակում գործել»,- պատմել է Ռուսաստանի աշխարհագրական ընկերության ստորջրյա հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Սերգեյ Ֆոկինը։
Խորտակված ջերմանավի որոնողական աշխատանքներն առավել ակտիվորեն անցկացվել են վերջին 20 տարում։ Այդ ընթացքում ավելի քան 300 քառակուսի կմ տարածք է հետազոտվել։ Դրանցով զբաղվել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Արմենիա»-ն Սև ծովի համար նախատեսված խորհրդային «Աջարիա» դասի ջերմանավերից մեկն էր, որն արտադրվել էր 1928 թ. Լենինգրադի Բալթյան նավաշինարանում։ 1941 թ. նոյեմբերի 6-ի երեկոյան Սեվաստոպոլում գտնվող «Արմենիա» ջերմանավ է բարձրացել մի քանի հազար մարդ՝ քաղաքի բնակիչները, պացիենտներ, բժիշկներ և այլք։ Որոշ հրապարակումների տվյալներով՝ «Արմենիա»-ն դուրս է եկել Սեվաստոպոլի նավահանգստից, մտել Բալակլավա և Յալտա։ Նոյեմբերի 7-ին ջերմանավը ուղևորվել է դեպի Տուապսե և մի քանի ժամից ռմբակոծության է ենթարկվել գերմանական օդուժի կողմից և 4 րոպեում խորտակվել է։ Բոլոր ուղևորներից փրկվել էր մի քանի հոգի։