կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-27 14:09
Հասարակություն

Հայկազունք արի արանց. Կարապետ ավագ քահանա Գալֆայան

Հայկազունք արի արանց. Կարապետ ավագ քահանա Գալֆայան

Yerkir.am-ը ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի` 1965 թվականի Բ-Դ համարում տպագրված` Կարապետ ավագ քահանա Գալֆայանի հոդվածը, որում ներկայացվում է Կեսարիայի հայերի նահատակության մի դրվագ:

Կեսարիո հայության ապրիլյան եղեռնի նահատակաց պատմությունը մեծ մասամբ գրված է մեր հմուտ բանասեր Արշակ Ալպոյաճյանի կողմեն, երկու մեծահատոր «Պատմություն հայ Կեսարիո» գրքին մեջ։ Առհավետ երախտապարտ կմնանք իրեն։

Ուրիշ գրողներ ալ տակավին կփորձեն լրացնել զայն, որոնք ևս արժանի են գնահատման։ Եu ինքս ալ իմ համեստ կարողու­թյամբ, իմ ծննդավայրս Չոմախլու գյուղի եւ ապա «Գիրք ելից հայոց» գրքերու հրատարակությամբ, ջանացեր եմ հայ եղեռնի ականատեսի վկայություններով, արի արանց Հայկազյանց անմար կանթեղին մեջ կաթիլ մը յուղ ձոնել, հիշատակ անմոռացության։

Այսօր, մեր այդ միլիոնավոր նահատակաց հիսնամյակին, մեր Վեհափառի շնորհալի պատգամին հետևելով, համարձակիմ, Կեսարիո առաջին մարտիրոսացած Ինճեսուի նախասարկավագ հովիվ, քաջ Տեր Ատոմի և իր համայնքին նահատակությունը ամփոփել, սրտամորմոք, հակիրճ հուշերով։

1914-1918-ի աշխարհավեր պատերազմի սև օրերուն, 18-են մինչև հիսուն տարիքը ունեցող հայ երիտասարդները, որպես Թուրքիո քաղաքացիներ զինվորագրված, բայց անզեն, բահ ու բրիչով, հոս ու հոն ցրված, ճամբաներ կշտկեին։ Ես ինքս ալ այդ բանվոր զինվորներու վեցերորդ վաշտին մեջն էի՝ Արգեոսի մոտ։

Մենք քաղաքացիական պարտականություն կկատարեինք հավատարմորեն և ահա մեր հավատարմությունը ինչպես գնահատվեցավ երիտասարդ թուրքերու կողմեն։

Լսեցինք, որ 1915 մարտ 15-ին Կեսարիո կոմիսեր Ահմեդ բեյր չորս ոստիկաններով կիջևանի Ինջեսուի գյուղապետ Վարդան Բարսեղյանի սենյակը, և կհրամայե անմիջապես հանձնել հայ կուսակցություններու զենքերը։

- Ես տեղեկություն չունիմ, որ հոս կու­սակցություններ կան և զենք ունին,- կըսե Բարսեղյան։- Բայց ունինք քանի մը որսի հինումին հրացաններ, ինչ որ պատրաստ եմ հավաքել և ձեզ հանձնել։

- Խային գյավուր,- կսաստև կոմիսերը,- չե՞ս գիտեր, որ հնչակյանները հոս բերած են 100 մարթին և սնդուկներով փամ­փուշտ։ Հիմա եթե ադոնք շուտով չհանձնեք մեզի, դուք դավաճաններ եք և ձեր արժանի պատիժը պիտի կրեք...

Հետո կոմիսերր կհրամայե ոստիկաննե­րուն, որ երթան հավաքեն գյուղին էրիկ մարդիկը և հոն բերեն։ Ոստիկանները զինյալ կմտնեն տուները և մեկ ժամվան մեջ հազիվ տասը հոգի կրնան հավաքել, որոնց մեջ են գյուղին հովիվը՝ Տեր Ատոմ Անչիկյան և սար­կավագ Միհրան Դավիթյան, և գյուղին հա­րուստը` Փանոս Օհանյան։ Արդեն գյուղին երիտասարդները բոլորը զինվոր էին։

Աոաջին հարցուփորձին Օհանյան ծունկի կուգա կոմիսերին առաջ, վաթսուն դեղին ոս­կի նվիրելով։ «Բեյիմ,- կըսե,- մենք` գյու­ղացիներս, ոչինչ գիտենք, թե ի՞նչ է հնչակը և ի՞նչ է դաշնակը։ Մենք կհետևինք մեր տերտերին և մեր տիրացուի քարոզնե­րուն. ..»։

- Պառկեցուցեք ուրեմն սա ղարաբաշը և գանակոծեցե՛ք։

Այդ միջոցին Օհանյան և Բաղդասարյան, աչքի արցունքով կոմիսերին ոտքը կհամբու­րեն և կազատեն հովիվը։ Հոս միջանկյալ հի­շենք, որ այդ սև օրերուն մեր գյուղաքաղաք Էվերեկի տեղակալը ապագայի ոճրագործ Զեքին էր: Կոմիսերը անշուշտ կաշառքէն խելքի եկած, կհրամայե, որ գյուղեն անմիջապես հավաքեն որսի չախմախլը հրացանները և զանոնք, Տեր Ատոմն ալ միասին, ոստիկան­ներուն հետ կտանի կհանձնե Էվերեկի տեղա­կալին և կմեկնի Կեսարիա։

Զեքին անշուշտ հուսախաբ, կհրամայե որ ղարաբաշը բանտարկեն։

Ամիս մը բանտի տառապանքէն ետք, Զե­քին իր մոտ կբերե Տեր Ատոմը և կըսե. «Խընզըր գյավուր, չոջո՞ւգ մը ալդադիյորսուն, յոխսա զանն էդիյորսուն բենիմ խաբերիմ յո՞գ մու... Յաթըրըն շու խընզըրը, վուրուն, գեբերսին» («Սատկեցուցեք այս խոզը»)։

Տեր Ատոմին այդ պատժի մասին, ակա­նատեսներու վկայությամբ, կգրե Թեոդիկ 1925-ի տարեցույցի մեջ. «Տեղակալ Զեքին կհրամայե պառկեցնել զայն և ֆալախան անցնել ոտքերուն։ Խոշոր բիրի մը հարյուրավոր անխնա բաշխումներուն տակ երբ արյունը կսկսի ժայթքիլ անոր մորթահերձ ներբաններէն, հարվածները կդադրին, մինչ գայմագամը՝ անգութ Զեքին, կրկին կստիպե հայտնել պատկանած կու­սակցության թուղթերուն ու զենքերուն թաքստոցը... Եվ իր հարցումին բացասական արդյունքեն ավելի զայրացած, կհրամայե նորեն պառկեցնել խոստովանելու համառու­թյունը գործող այս քոմիթաճին։ Այս անգամ ահռելի ճիչերու մեջ դարձյալ ծեծը կսկսի ահռելի կերպով։ Հարվածները կտեղան թի­կունքին, իրանին, կողերուն ու կողոփոցներուն, մինչև որ Տեր Ատոմ նվաղած կփռվի գետին...։ Եվ ահա խոշտանգումի նոր գյուտ մը կընե Զեքին-խելքին՝ չարափոխյալ աստ­վածը։ Երկու ճոկաններ կզետեղեն ծունկերուն ետև և սրունքները վրան ծալլելով կնստեցնեն, մինչ երկու հոգի ուսերուն վրա կդնեն արջու թաթերնին` մարմինն ուժգնակի ճնշելով վար։ Հոդոսկրի ու ձգաններու ցավագին ճարճար մը լսելի կըլլա հանկարծ, ընդհանուր լռության մեջ...: Հարամուտքը կխախտի, և Տեր Ատոմ կփլի ինքն իր վրա...։

Ոստիկանին մեկը` նույն պահուն «նարկիլե»-ի մը կաշեփողին շամբը` կմխե դեպի Տեր հոր սրբանը, մյուս ծայրեն փչելով։ Որովայնը կսկսի ուռիլ ե առթել սայրասուր խիթեր...։ Քովի խշտյակէն (ֆենեսեցի ուսուցիչ) Գաբրիել Բագվորյանը արցունք կթափե... մինչև որ կարգը կուգա եղունգները քաշելու անգթության և աքցանին բիրտ խա ծատումով մատներուն ծայրեն կարմիր արյունը կկաթկթի...»։ (Այսչափը բավ է կարծեմ, ընթերցող)։

Հաջորդ օրը, մայիս 20-ին, Զեքի կհրամայե ղարաբաշը կապել իշու մը վրա, ինքն ալ (երկու մատնիչները) միասին` կառնե քսան զինյալ ոստիկաններ և կուգա ուղղակի Տեր Ատոմին տունը, ուր կհավաքվին թուրք աղաներ ալ։ Սենյակը վար-վեր կխուզարկեն կուսակցական թուղթեր գտնելու համար, բայց ոչինչ կար, վասնզի Տեր Ատոմ իր ձերբակալութենեն առաջ ամեն բան այրած էր։ Ասոր վրա Զեքին կկատղի և կհրամայե գա­նակոծել Տեր հոր ծնողքը և երեցկինը. «Պառ­կեցուցե՛ք և սատկեցուցե՛ք այդ շուներն ալ...»:

Ճիշտ այդ պահուն, Տեր Ատոմ «Յա Սուրբ Աստվածածին» կըսե և ակռաները կրճտելով կհարձակի ոստիկաններուն վրան։ Եվ ան­հավասար կոիվներու միջոցին, ոստիկաննե­րէն սրահար կիյնա իր կնոջ և ծնողքին մարմիններուն վրա շնչահեղձ։

Ապա հոդ կբերեն և թոպահար կսպաննեն սարկավագ Միհրան Դավթյանը՝ որպես հնչակ ատենադպիր: Հետո կարգավ սրահար կըսպաննեն Բաղտասար Գասպարյանը, Հովակիմ քեհան Պողոսը, Պենտիյան Գևորգը, Այտնյան Սարգիսը, Հաճավագյան Հակոբը, Աբրահամ Ուստաքելմկրտչյանը: Եվ ապա անոնց մարմինները էշերու պոչին կապած, քաշկռտելով կտանին մոտի լեռը.... Եվ քովերնին մեյ-մեկ հրացան դնելով, իբր գնդակահար հեղափոխականներ, Պոլիս կտեղեկագրեն մայիս 23-ին: Շաբաթ օր Ինճեսուն ամբողջությամբ կքշեն սարուձոր: