կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-16 02:56
Քաղաքական

Կարապետ Ռուբինյանն այլեւս ՀԱԿ-ից չէ

Կարապետ Ռուբինյանն այլեւս ՀԱԿ-ից չէ

Կարապետ Ռուբինյանը դադարեցնում է իր անդամակցությունը ՀԱԿ-ին. այդ մասին նա հայտարարություն է տարածել Facebook սոցիալական ցանցում:

«Սույն հայտարարությունը հրապարակելու պահից դադարեցնում եմ իմ անդամությունը Հայ ազգային կոնգրեսին: Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու է խայթել խիղճս:

Բայց, մյուս կողմից, շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը, այլևս անհնարին ու իմաստազուրկ են դարձնում այդ վերջին կամրջի պահպանումը:

Կոնգրեսից իմ դուրս գալու հանգամանքը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ անկեղծ հիացմունքը` հանուն ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության երկարամյա պայքարում իմ ընկերների վճռականության ու նվիրվածության հանդեպ: Եվ, ինչ խոսք, ասվածը առաջին հերթին վերաբերում է իրենց համոզմունքների համար բանտերում հայտնված մեր ընկերներին: Չի նվազեցնում նաև իմ վճռականությունը` նույնպիսի նվիրումով, որպես Հայաստանի շարքային քաղաքացի, շարունակելու այդ պայքարը:

Հայաստանում ձևավորված ներկայիս մարդատյաց, հակաազգային, հանցավոր ռեժիմը հանդուրժելը հանցագործություն է մեր երկրի ու սերունդների նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ անհատ, որը չի հաշտվում այս ռեժիմի հետ ու պայքարում է, իմ դաշնակիցն ու պայքարի ընկերն է: Ազատություն քաղբանտարկյալներին: Կորչի երկիրը կործանող քրեաօլիգարխիկ ռեժիմը»,- ասվում է Կ. Ռուբինյանի հայտարարության մեջ: