կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-25 21:30
Քաղաքական

Քաղաքապետի կինը սրբում է պրոֆեսիոնալներին․ թիրախն այս անգամ Արմեն Բեգոյանն է

Քաղաքապետի կինը սրբում է պրոֆեսիոնալներին․ թիրախն այս անգամ Արմեն Բեգոյանն է

Եթե քաղաքապետի կինը իրեն իրավունք է վերապահում ինձ կանչի և իմ տեղակալի ու մյուս աշխատակցի ներկայությամբ նման ոճով խոսի և պահանջի հեռանալ, դա ինձ համար անընդունելի է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը։

«Նա այլևս ինձ չի ուզում տեսնել այդ պաշտոնում և այս ամբողջ մրցույթների ցիրկը կապված է նրա հետ, որ օր առաջ ինձ ազատեն այդ պաշտոնից, քանի որ այն ձևով՝ ինչ ձևով որ ինձ են տեղեկացրել, որ չեն ուզում տեսնել այդ պաշտոնին, այդ ձևն ինձ համար անընդունելի է»,-ասաց Արմեն Բեգոյանը։

Երևանի քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանը, պարզվում է, Արմեն Բեգոյանին՝ տեղակալի ու աշխատակցի հետ, կանչել է մեկ այլ աշխատասենյակ՝ այս սպառնալիքը հնչեցնելու համար։ Նրանից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել։ ՀՈԱԿ-ի տնօրենը դա չի արել։

«Խնդիրն այստեղ իմ պաշտոնի մեջ չէ, ոչ էլ այն է, որ ես ուզում եմ մնալ այդ պաշտոնին, ավելին, ինձ խնդրել են ժամանակին, որ գամ այդ պաշտոնին, խնդիրը գործելաոճի մեջ է»,-ասաց Արմեն Բեգոյանը։

Նրան այդ պաշտոնին հրավիրել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։ Ինչպես գիտենք՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը քաղաքապետարանի միակ ստորաբաժանումն է, որը 2019 թ-ին 100 տոկոսով կատարել է համայնքի բյուջեն։ Նոր ստեղծվող՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին նրան հրավիրել են նաև այս հանգամանքը հաշվի անելով։ Բայց ընդունվելուց մեկ ամիս էլ չանցած՝ առաջարկել են քաղաքապետի կնոջ ընկերուհուն նշանակել իբրև փոխտնօրեն։ Այդ կինը՝ Քրիստինե Վարդանյանը, քաղաքապետի կնոջ հետ բժշկական համալսարանում է աշխատում։ Բեգոյանը, ամենայն հարգանքով հանդերձ այդ կնոջ հանդեպ, հաշվի է առել, որ նա տվյալ գործի մասնագետը չէ և հրաժարվել է ընդունել։ Այստեղից էլ սկսվել են քարկոծումները։

«Հարաբերությունները իրենց կողմից տարվել է շատ անձնական դաշտ, ես չեմ ուզում իջնել այդ դաշտ, ես աշխատող եմ, ես էլ ունեմ աշխատողներ, որոնց կարող եմ չսիրել, բայց եթե այդ աշխատողն իր պարտականությունը լավ է կատարում, ես սիրում եմ նրան, թե չեմ սիրում՝ հետը հաճույքով աշխատում եմ։ Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, վաղուց ինքը՝ քաղաքապետը, դրա որակի մասին ասել է՝ փայլուն, գերազանց»,-ասաց Արմեն Բեգոյանը։

Հաջորդ երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, մրցույթ է հայտարարված «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար, որի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Բեգոյանը։ Նա այդ մրցույթին մասնակցելու համար չի դիմել, քանի որ մրցույթը համարում է անօրինական։ Բանն այն է որ մարտի 13-ին էր մրցույթ հայտարարված նույն պաշտոնի համար, բայց վարչական դատարանն այն կասեցրեց, քանի որ ընթացակարգերը պահպանված չէին։ Այդ մրցույթին Բեգոյանը մասնակցում էր։ Հիմա դատական առաջին նիստը նշանակված է հունիսի 16-ին, իսկ մինչև դատական գործընթացի ավարտը նույն պաշտոնի համար նոր մրցույթ հայտարարելու իրավունք չունեին, այս պատճառով էլ Բեգոյանը չի մասնակցում ապօրինի գործընթացին։

Քաղաքապետարանում նա ապօրինության օրինակ է համարում թեկուզ հենց այս միցույթը, երբ չի հարգվում դատարանի որոշումը։ Նրան վրդովեցնում է, որ ամենաանլուրջ պատճառաբանություններով քաղաքապետը հրատապ մրցույթներ է հայտարարում, որի հիմնավորումները աշխատակիցներին ծիծաղելի են թվում։

«Ես պայքարում եմ հիմա ոչ թե այդ աթոռի համար, ես պայքարում եմ, որ մարդկանց ճակատագրերը ոչ ոք իրավունք չունի խեղելու նման ձևով, նման ամբիցիաներով, նման իրականության հետ չհամապատասխանող բաներով․․․ ասելուն էլ ձև կա»,-ասաց Արմեն Բեգոյանը։

Հայկ Մարությանի կնոջը Արմեն Բեգոյանը հանդիպել է այդ պաշտոնին նշանակվելուն պես․ Իվա Մարությանը ժողովներ է արել, կոորդինացրել աշխատանքը, խորհուրդներ տվել՝ ինչպես աշխատեն։

«Մտքեր է առաջարկել․ օրինակ, ինքը էկոլոգ է, էկոլոգիական խնդիրներից բավականին հասկանում է, այդ էկոլոգիական խնդիրներով եղել է, որ մտքեր է առաջարկել։ Բայց ես չեմ ուզում իր մասին խոսել, ես ուզում եմ խոսել քաղաքապետարանում ամենաթողության մասին, մարդկանց հանդեպ վերաբերմունքի մասին, քաղաքապետարանի՝ օրենքները խախտելու մասին, քաղաքապետարանի խայտառակ գործելաոճի մասին»,-ասաց նա։

Բեգոյանի մոտ հարցեր չեն առաջացել՝ ի՞նչ կապ ունի պաշտոնյայի կինը նրա ղեկավարած հաստատության հետ և ինչու է նա որոշումներ կայացնում․ ամեն ինչ եղել է բնական՝ կարծես այդպես էլ պիտի լիներ։ Շատ անգամ Իվա Մարությանը հեռախոսով է հանձնարարություններ տվել։ Շատ խորհուրդներ անգամ օգտակար են եղել։

Այս պատմության մեջ, սակայն, ամենաանհասկանալին ապօրինության ու ամենաթողության այս բնականությունն է․ Երևանի քաղաքապետը ընտրված պաշոնյա է, հանրությունը, որքան էլ տուրք տալով վարչապետի հեղինակությանը, բայց անձամբ նրան է ընտրել Երևան համայնքը կառավարելու համար։ Ինչպես գիտենք, կնոջ մասին որևէ խոսք չի եղել։

Որքան էլ Հայկ Մարությանը պնդի, որ իր կինը միայն օգնում է՝ ինչով կարողանում է, քաղաքապետարանի ստորաբաժանումների տնօրենների աշխատանքային պայմանագրերում գրված չէ, որ պարտավոր են ենթարկվել քաղաքապետի կնոջը․ նրա միջամտությունը հիմնարկի աշխատանքին միանգամայն ապօրինի է և սա քննարկման ենթակա չէ։

Օրինականությունը վերականգնելուց և կոռուպցիայի դեմ պայքարից խոսող թավշյա իշխանությունների համար, փաստորեն, միանգամայն բնական է նման ապօրինությունն ու կամայականությունը հենց իրենց քթի տակ՝ իրենց երաշխավորած պաշտոնյայի կաբինետում։

Պաշտոնյաների կանանց միջամտություններ ամուսինների աշխատանքին նախկինում էլ եղել են։ Ամենաբարձր մակարդակի մենամարտը, որն անգամ ռուսական մամուլ մտավ, Սերժ Սարգսյանի ու Սեյրան Օհանյանի կանանց պատերազմն էր։ Երկիրը դրանից հաստատ չշահեց։

Նոր իշխանավորներից շատերը, փաստորեն, ավելի խորն են թաքնված կանանց փեշերի ետևում։ Եվ եթե իրենց տներում դա աշխատող տարբերակ է, ապա երկիրն ունի Սահմանադրություն և օրենքներ, որոնք չեն սահմանում զույգով կառավարելու մեխանիզմը։ Ավելին, ինչպես տեսնում ենք, դրա հետևանքով պրոֆեսիոնալ կադրերը սրբվում են կառավարման համակարգից․ երկիրը, դրանից, հաստատ չի շահում։

Աննա Բալյան