Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բանկային գաղտնիքը առանց դատարանի որոշման որեւէ պետական մարմնին հասանելի դարձնելը համարում եմ մասնավոր շահի կոպիտ ոտնահարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով բանկային գաղտնիքին եւ դրա պետական մարմիններին հասանելի դարձնելու հանգամանքին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Վերջին ժամանակահատվածում մենք ականատես ենք լինում Հայաստանում բանկային գաղտնիքի ինստիտուտի հետեւողական եւ հաստատուն քայլերով թուլացման գործընթացին:
Ողջունելով ՊԵԿ-ի հայտարարությունը՝ բանկային գաղտնիքին հասանելիություն ստանալու վերաբերյալ վերջինիս նախագծերը հետ կանչելու մասին, այդուհանդերձ ուզում եմ անդրադառնալ այս թեմային՝ հետագայում նմանատիպ նախագծերը հնարավորինս կանխելու նպատակով:
1.Բանկային գաղտնիքի ինստիտուտը բանկային համակարգի արդյունավետ գործունեության, ֆինանսական համակարգի կայունության եւ բանկային գործառնություններից օգտվող անձանց մասնավոր շահերի պաշտպանության կարեւոր երաշխիքներից մեկն է:
2.Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պետական մարմիններին եւ պաշտոնատար անձանց կարող են տրամադրվել միայն այն սահմաններում եւ չափով, որքանով դա անհրաժեշտ է հանրային շահի ապահովման համար` պայմանով, որ նախատեսված են մասնավոր անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության գործուն երաշխիքներ:
3. Կարծում եմ՝ պետք է բացառվի դրա երաշխավորման պահանջից ցանկացած կամայական նահանջ:
4.Հետեւաբար բանկային գաղտնիքին հասանելիությունը առհասարակ պետք է տրվի միայն ու միայն շատ խիստ սահմանափակ դեպքերում, դատարանի որոշման հիման վրա, օրենքով սահմանված
կարգով, որպեսզի այն չազդի ավանդատուների վարքագծի վրա եւ չառաջացնի ֆինանսական կայունության ռիսկ:
5.Ցանկացած նախագծով արտոնվող հասանելիությունը՝ առանց դատարանի որոշման, համարում եմ մասնավոր շահի կոպիտ ոտնահարում:
6.Նախագծով սահմանված չեն մասնավոր անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության գործուն երաշխիքներ:
7.Նախագիծը ՊԵԿ-ին տալիս է հաշիվներ ուսումնասիրելու լայն հնարավորություն, ինչպես նաեւ հասանելիություն՝ հնարավոր հանցագործության կամ իրավախախտման հետ կապ չունեցող տեղեկատվությանը:
8.Նախագծի ընդունման արդյունքում կարող է ի հայտ գալ անձանց վարքագծի փոփոխության ռիսկ:
9.Սա նախ եւ առաջ վերաբերվում է հատկապես օտարերկրյա ավանդատուներին, եւ ոչ միայն, ովքեր մեր բանկերում ավանդ են դրել՝ իմանալով մեր երկրում ավելի քան 20 տարի բանկային գաղտնիքի ռեժիմի պահպանման մասին:
10.Միեւնույն ժամանակ կարելի է ակնկալել, որ շատ գործարքներ կիրականացվեն՝ պարզապես շրջանցելով բանկային համակարգը: Մինչդեռ բանկերում գոնե գործում է փողերի լվացման դեմ պայքարի համակարգը, որը եւս կարեւոր կանխարգելիչ գործիք է:
11.Հարկ է նշել նաեւ, որ շատ երկրներ ստիպված են եղել գնալ բանկային գաղտնիքի ռեժիմի ազատականացման՝ գերտերությունների պահանջով՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:
12.Եվ այդ երկրներն արդեն իսկ ունեցել են ձեւավորված, պրոֆեսիոնալ, անաչառ եւ վստահելի ինստիտուտներ, որոնց նկատմամբ առկա է եղել հանրային լիակատար վստահություն:
13.Վերջում, ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ բանկային գաղտնիքի ինստիտուտը միշտ պետք է դիտարկել ֆինանսական կայունության ապահովման համատեքստում:
14.Եվ խոսքը ոչ միայն ՀՀ բանկային համակարգի նկամամբ վստահության, մեր քաղաքացիների, այդ թվում՝ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների խնայողությունները մեր բանկերում պահելու, այլ առհասարակ ՀՀ-ում ներդրումային միջավայրի մասին է»,-ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրում է Խաչատրյանը: