Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 25-ին լրանում է ազատամարտիկ, 2017 թվականի սեպտեմբերի 4-ին Բելգիայում վախճանված ու Զվարթնոցի գերեզմանատան ազատամարտիկներին հատկացված մասում ամփոփված Հայրապետ (Հայկ) Սերգեյի Աբրահամյանի 60-ամյակը:
Ծնվել է 1960 թվականին Ադրբեջանական ՍՍՀ Վարդաշեն քաղաքում: 1981 թ. ավարտել է Լվովի բարձրագույն ռազմական ուսումնարանը և մինչև 1989 թվականը ծառայել Ուլան Ուդե քաղաքում և Պրիմորսկի երկրամասում տեղակայված զորամասերում՝ իբրև գումարտակի հրամանատարի՝ քաղաքական գծով տեղակալ: 1989 թ. կապիտան Աբրահամյանը, հրաժարվելով զինվորական ծառայությունից, շտապում է Հայաստան՝ մասնակցելու իր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի նոր հանգրվանին: Ընտանիքը տեղավորվում է Էջմիածնում ապրող աներոջ տանը: Ինքը շուտով մտնում է Իգոր Մուրադյանի գլխավորած «Միացում» կազմակերպության մեջ, զբաղվում զենքի և զինամթերքի հայթայթմամբ: Հաճախակի լինում է Շահումյանում և Հադրութում, մասնակցում հայկական բնակավայրերի պաշտպանությանը:
1990 թ. գարնանը անդամագրվում է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, զբաղվում ՀՅԴ Էջմիածնի «Ռուբեն Տեր-Մինասյան» (հետագայում «Վաչե Ռոստոմյան») Կոմիտեության ստեղծման աշխատանքներով՝ փաստացի դառնալով Կոմիտեության հիմնադիրը:
Եթե դաշնակցական ընկերների հավաքատեղին Կոմիտեության առաջին անդամներից գինեգործ Անդրանիկ Այնթափյանի աշխատավայրն էր՝ Մայր Աթոռի հարևանությամբ գտնվող «գինու ցեխը», ապա ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպման, զինվորական գործի ուսուցման տեղը, կարելի է ասել՝ շտաբը, Հայրապետ Աբրահամյանի աներոջ առանձնատունն էր: Այս օրերին էր, որ ընկերները նրան սկսեցին կոչել «գեներալ Հայկ»: Պատճառը ընկերների կարծիքով՝ շատ ավելի խստապահանջ լինելն ու զինվորական կարգապահության շատ ավելի խիստ կանոններ սահմանելն էր, քան ենթադրում էին կապիտանի նրա ուսադիրները: Այդ անունը տարածվեց Էջմիածնի սահմաններից հեռու:
Հայրապետ (Հայկ) Աբրահամյանի հրամանատարությամբ ՀՅԴ Էջմիածնի ջոկատը 1991-1992 թթ. պարբերաբար մեկնել է Արցախ և մասնակցել ինքնապաշտպանական կռիվներին, որոնց ընթացքում, ավաղ, ունեցել է նաև կորուստներ. Վաչեն՝ 1991 թ. դեկտեմբերի 17-ին Հասանաբադի մոտ հետախուզության ժամանակ, Նշանն ու Մուրադը՝ 1992 թ. հունիս-օգոստոս ամիսներին Հադրութում, Շուշիի ազատագրման ժամանակ ՀՅԴ Էջմիածնի 30 հոգանոց ջոկատը (Ժ. Սեֆիլյանի վաշտի կազմում) գործել է Զառիսլուի ուղղությամբ:
Հայրապետ Աբրահամյանի վերջին կռիվը 1992 թվականի օգոստոսին Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի պաշտպանական մարտերն էին: Արկի պայթյունից կոնտուզիա է ստանում, որից այդպես էլ չապաքինվեց: Հետագայում հիվանդությունը խորացավ: Այսպես ավարտվեց նվիրյալ հայորդու, կադրային զինվորականի ակտիվ մասնակցությունը հայրենիքի պաշտպանությանը:
Իր նվիրվածությամբ ամուսնուց հետ չէր մնում նրա կինը՝ Վարդուհի Սարգսյանը, որը Հայ Օգնության Միության (ՀՕՄ, այն ժամանակ՝ Հայ Օգնության Խաչ) Էջմիածնի կազմակերպության հիմնադիր անդամներից էր, ակտիվորեն գործեց մինչև 2009 թվականը, երբ ընտանիքը արտագաղթեց Բելգիա:
Երբ հիշատակի այս խոսքը գրելիս փորձեցինք գտնել որևէ լուսանկար, որում Հայրապետ Աբրահամյանը պատկերված կլիներ իր մարտական ընկերների հետ, անհաջողության մատնվեցինք: Մարտական ընկերները՝ Հովհաննես Ալեքսանյանը, Հովհաննես Միրզախանյանը, Սպարտակ Անդրեասյանը, ինչպես նաև «գեներալ Հայկի» այրին՝ հիշեցին նրա մտասևեռումը հատուկ ծառայությունների ամենուր լինելու մասին. արգելում էր լուսանկարվել. «Արցախ ենք գնում հայրենիք պաշտպանելու, կլուսանկարվեք, երբ քեֆի գնաք ազատագրված Արցախ»,- այսպես էր սաստում ընկերներին:
Նա վաղաժամ էր համարում այն որոշումը, երբ խմբերի և Կոմիտեի ժողովների արձանագրություններում դադարեցվեց օգտագործել կուսակցական կեղծանունները:
Տողերիս հեղինակի կյանքում Հայրապետ Աբրահամյանը դերակատարում է ունեցել: Նա պահանջելու պես հորդորեց թողնել պետական աշխատանքն ու զբաղվել ՀՅԴ մամուլի տարածմամբ և թղթակցել այդ մամուլին. «Գո՛րծ արա, որ կարողանաս կռվի դաշտից վերադարձող ընկերներիդ աչքերին նայել…»:
Մնացական Պետրոսյան
ՀՅԴ Էջմիածնի Կոմիտեի ներկայացուցիչ