կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-09 11:30
Հասարակություն

Բա որ գնաք, էլ ո՞ւմ համար եմ սահմանը պահելու. զոհված փոխգնդապետը թույլ չի տվել ընտանիքին հեռանալ Մարտակերտից

Մարտակերտ, Մատաղիս, Տոնաշեն, Թալիշ… Փոխգնդապետ, «Մարտական խաչ»-ի արժանացած Արամ Առուշանյանն ապրիլյան մարտերի ժամանակ ամենաթեժ կետերում էր: Հրետանու գնդի հրամանատարը թեև անցել էր զինվորական թոշակի, սակայն հակառակորդի ակտիվությունից հետո անմիջապես մեկնեց առաջնագիծ: Արամի կինը` 35-ամյա Էլլադան, գրադարանավարուհի է: Ապրիլյան այդ օրերին Մարտակերտում էր` տանը, 4 երեխաների հետ:

«Ապրիլի 2-ին փոքր որդուս ծննդյան օրն էր, 5 տարեկան դարձավ, որոշել էինք նշել, բայց… Թուրքերը կրակոցներով «շնորհավորեցին» տղայիս ծնունդը: Երբ Մարտակերտի վրա էին կրակում` խուճապի էի մատնվել, նա ասում էր` բան չկա, առաջին անգա՞մ ես լսում կրակոցներ, որ տենց անես` երեխեքն էլ կվախենան»,- պատմում է կինն ու հիշում չդադարող գնդակոծության մասին:- «Մարտակերտում երբ կրակում էին, զանգում, ասում էի` ի՞նչ անենք, ասում էր` դուռը փակեք, սպասեք, մենք էստեղ ենք, բան չի լինի, հանգիստ եղեք: Հետո եկավ, մեզ տարավ Հաթերք` իր հայրական տուն, ու գնաց, հետո հետ եկանք Մարտակերտ: Ասում էի` Արա'մ, սաղ հեռանում են Մարտակերտից, ես 4 երեխու հետ ի՞նչ անեմ, ասում էր` բա որ դուք գնաք, բա ես էլ խի՞ եմ գնում սահման, ո՞ւմ եմ պաշտպանելու, որ դուք չլինեք, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»:

Էլլադայի խոսքով` ամուսինը հայրենասիրությունն ամեն ինչից վեր էր դասում: «Ասում էի` բա ընտանիքը, երեխեքը, ասում էր` եթե հայրենասեր չլինես, երբեք երեխաներիդ չես կարող սիրել, ճիշտ դաստիարակել: Միշտ ինձ սովորեցնում էր, որ առաջին տեղում հայրենիքն է, դրա մեջ մտնում են և' կինը, և' ընտանիքը, և' երեխաները: Մի երգ կար, շատ էր սիրում բառերը, անընդհատ երգում էր. «Կյանքս կտամ հայրենիքիս» (խմբ. Նկատի ունի Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմ» երգը): Ինձ էլ ասում էր` երեխաներին անպայման դա սովորեցրու, ես էլ ասում էի` էնքան կասես` կյանքս կտամ հայրենիքիս, վերջում կտաս: Չէի հասկանում` ինչ եմ ասում, վերջում էդպես էլ եղավ…»,- պատմեց նա:

Կնոջ խոսքով` Արամն իր զինվորներին շատ էր սիրում, հպարտանում էր նրանց սխրանքներով: «Հարցնում էի զինվորների հետ ի՞նչ ես խոսում, ասում էր` դուխ եմ տալիս, դուխ, որ իրանք դուխը չկորցնեն, որ իմանան իրանք են մեր հողի տերը, չվախենան: Հպարտանում էր մեր զինվորներով, ասում էր` մեր հողն, իրոք, արժանի զավակներ ունի»,- ասաց Էլլադան:

Հաթերքում, հարևան գյուղերում, Մատաղիսում, Թալիշում, Մարտակերտում Արամ Առուշանյանի անունն այլ կերպ է հնչում, նրան բոլորն են ճանաչում... Հրետանու զոհված հրամանատարի քաջությունների մասին դեռ երկար կխոսեն, թեև նա երբեք չի խոսել իր արածների մասին ու չի հպարտացել տասնյակ մեդալներով: Հրամանատարը երբեք կարևորություն չի տվել պարգևներին, իսկ զոհվածի այրին չի հաշվել մեդալների հարգը: Արամ Առուշանյանը մարտի դաշտում և առհասարակ առաջնորդվում էր այն խոսքով, որը երկու տասնամյակ առաջ ասել էր Արցախյան ազատամարտի նվիրյալ հերոսներից մեկը՝ Լեոնիդ Ազգալդյանը. «Սա Հայաստանն է, և վերջ»:

Արամն էլ ասում էր. «Սա Ղարաբաղն է, և վերջ, մենք պետք է մեր հողը պաշտպանենք մինչև վերջ»:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: