կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-25 13:58
Քաղաքական

Ցավում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը ստախոսության ճանապարհն է ընտրել և փորձում է հասարակությանը մոլորեցնել. Արա Զոհրաբյան

Ցավում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը ստախոսության ճանապարհն է ընտրել և փորձում է հասարակությանը մոլորեցնել. Արա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նշել է՝ «չեմ հիշում, որ որևէ անփող, անտեր մեկի համար անվճար խորհրդատվական օգնություն տրամադրվի, այսպես հրապարակայնորեն փաստաբանների խումբ հավաքվի»: Դրանից հետո, կառավարության խորհրդակցական մարմնի՝ հանրային խորհրդի նախագահը իրեն իրավունք է վերապահել անկախ փաստաբանների պալատի փոփոխությունների մասին խոսել՝ շուտ և արտահերթ:

Ցավում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը ստախոսության ճանապարհն է ընտրել և հիշողության կորստի վրա հղում կատարելով փորձում է հասարակությանը մոլորեցնել:

Փաստաբանների պալատը իշխանության ղեկին գտնվող անձանց և ուժերի գոյությունից անկախ, մշտապես իրավաբանական օգնություն է առաջարկել, երբ հանրային միջոցառումների ժամանակ քաղաքացիների իրավունքների սահմանափակումներ կամ խախտումներ են արձանագրվել, կամ կարող էին արձանագրվել:

Հիշեցման կարգով մի քանի դրվագ նախորդ իշխանությունների ժամանակ՝

1. 17.04.2018թ. Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խումբ է ձևավորել:

Հղումներն այստեղ՝
http://advocates.am/news/view/2016.html
https://www.1in.am/2335978.html
https://armenpress.am/arm/news/930736

2. 20.03.2017թ. ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» երթի առնչությամբ ոստիկանության և քաղաքացիների միջև բախումների և քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերով Փաստաբանների պալատը ձևավորել է փաստաբանների խումբ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով:

Հղումներն այստեղ՝
http://advocates.am/news/view/1644.html
https://zham.am/?p=5990&l=am

3. 18.07.2016թ. Փաստաբանների պալատը հայտարարել է, որ կամավոր փաստաբանների միջոցով պատրաստակամ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել ՀՀ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց, քանի որ ՊՊԾ գնդի գրավման հաջորդող օրերին մեծաթիվ քաղաքացիներ բերման էին ենթարկվում:

Հղումներն այստեղ՝
http://advocates.am/news/view/1378.html
http://advocates.am/news/view/1379.html

Չեմ անդրադարձել այլ միջոցառումներին, այդ թվում՝ Էլեկտրիկ-Երևանի ժամանակ փաստաբանների իրավաբանական օգնության, մարզերում իրավաբանական օգնության կազմակերպման և այլ դեպքերին, ինչպես նաև փաստաբանների պալատի դատապարտող հայտարարություններին:

Մի քանի հիշեցում՝
1. Փաստաբանների պալատի նախագահին և խորհրդի անդամներին ընտրում են փաստաբանները և փաստաբաններն էլ կարող են վաղաժամկետ ճանապարհել իրենց կողմից ընտրված անձանց.

2. Փաստաբանությունը չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ.

3. Փաստաբանների պալատում չկան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի փաթեթներ, ինչպես ցինիկաբար ակնարկում է Ստյոպա Սաֆարյանը: Հայտնում եմ, որ Փաստաբանների պալատում չկան նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի փաթեթներ:

Ամփոփելով նշվածը, հայտնում եմ, որ՝ Փաստաբանների պալատը նախկինում էլ կազմակերպել է մարդկանց անվճար իրավաբանական օգնության տրամադրումը և դա կախված չի եղել այն հանգամանքից, կիսում է այդ անձանց գաղափարները, թե՝ ոչ: Յուրաքանչյուր ոք իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունի, իսկ մեծ մասշտաբի միջոցառումների ժամանակ, դրա կարիքն ավելի մեծ է, քանի որ հաճախ մարդու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը մեծ աղմուկի ներքո «խլանում է»»։