կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-25 12:53
Հասարակություն

Բանտի առաստաղի պատկերներով պապս պայուսակներ է գործել․ հետո է հասկացել, որ բանտը Անթափի Ս․ Աստվածածին եկեղեցին է

Բանտի առաստաղի պատկերներով պապս պայուսակներ է գործել․ հետո է հասկացել, որ բանտը Անթափի Ս․ Աստվածածին եկեղեցին է

Պապս իր պատմությունները միշտ սկսում էր նույն հարցով. «Միրոն, Նարեկը քանի՞ տարեկան են»: «Միրոն՝ վեց, Նարեկը՝ հինգ», կամ «Միրոն՝ յոթ, Նարեկը՝ վեց», - պատասխանում էինք: «Հա՜...,- շարունակում էր պապս՝ հայացքը դեռ թոռներին,- կըլլայի իրենց տարիքին կամ չէի ըլլար, երբ արաբները ինձի տարին...»:

Արաբները նրան տարել էին Դեր Զորի անապատից՝ մի աման մածունով հրապուրելով: Դրանից առաջ եկել էին, ուտելիք առաջարկել, բայց հիվանդ քեռին տեսել էր, իրեն ետ կանչել ու սաստել՝ ծեծդ կտամ, եթե գնաս: Մի քանի օրից արաբները նորից էին եկել: Այս անգամ քաղցը հաղթել էր վախին, և վեց-յոթ տարեկան պապս գնացել էր մածունի հետևից: Մինչ ինքը կերել էր մածունը, չէր էլ նկատել, որ կառքը հեռանում է քարավանից և որ հարազատներն արդեն շատ հեռվում են:

«Ադ գիշեր չկրցա քնել,- հիշում էր պապս,- կմտածեի՝ մամաս ի՞նչ եղավ: Ականջիս մեջ դեռ իր ձայնն էր. ինչպե՜ս կբոռար, երբ պզտիկ քրոջս իր ձեռքեն կտանեին:» Թե ինչ եղավ մորը, այդպես էլ չիմացավ: Նրան արդեն կորցրել էր ճանապարհին:

Պապիս որդեգրած ընտանիքը երբ նստել է նամազ անելու, 6-7 տարեկան պապս իր աղոթքն է ասել. իր իմացած միակ աղոթքը իր կարճ կենսագրությունն է եղել, և նա առավոտ-իրիկուն կրկնել է. « Իմ անունը Վռամշապուհ Աշըքյան է: Հորս անունը Կարապետ է, մորս անունը՝ Սիրվարդ: Ես ունեմ մի եղբայր ու մի քույր՝ Միհրան և Արմենուհի: Մենք Պարտիզակից ենք...» Այսպես տարիներ շարունակ, մինչև լեզուն մոռացել է, դեմքերն ու դեպքերը հիշողության մեջ աղոտել են: Միայն իր կենսագրության այս մի քանի տվյալներն են վառ մնացել:

Արաբների մեջ Վռամշապուհը, որ արդեն Իբրահիմ էր, ապրել է 18 տարի: Քանի որ ճարպիկ էր ու խելացի, նրան նույնիսկ ուղարկել են մոլլայի մոտ սովորելու: Բայց մի օր, Հալեպում թե Բեյրութում, խանութի մոտով անցնելիս ծանոթ հնչյուններ է լսել. «Կեցա: Երկու մարդ կխոսեին: Ինքս ինձի ըսի՝ մեր տունին մեջ աս լեզուն կխոսեին»: Խանութպանը նկատել է արաբի հագուստով նիհար երիտասարդին, թողել խոսակցությունն ու կոպիտ հարցրել. «Ի՞նչ է, ինչու՞ ես կանգնել»: Պապս ոչինչ չի ասել: Թողել-գնացել է, բայց արթնացող հիշողություններն արդեն հանգիստ չեն տվել:

Մի անգամ էլ ճանապարհին գերեզմանաքարերի վրա խաչեր է տեսնել: «Մտածեցի, որ հոս ասքան մեռած հայեր կան, հապա ողջեր որքա՜ն պիտ ըլլան»։ Այս անգամ արդեն որոշումը հաստատ է եղել՝ պետք էր գտնել հայերին: Հետաքրքրվել է, փորձել գտնել գերեզմանների տերերին, բայց նորից բախտը չի բերել. զարմացել է, երբ իրեն բարկացած ասել են՝ ի՞նչ է, միայն հայե՞րը խաչ ունեն: Իր տեսած գերեզմանները ասորիներն են եղել:

Մի օր էլ պապիս լուր են տվել, որ մի զինվորական իրեն է հարցրել: «Սա էլ հասցեն ու անունը,- ասել են,- կգնաս՝ կգտնես»։ Երբ պապս գնացել է տեսնելու Մկրտիչ Գայմագամյանին, մտքում շատ հարցեր է ունեցել. «Ո՞վ է, ինչո՞ւ է իրեն փնտրում»։ Մկրտիչն էլ է հարցեր ունենցել. «Ո՞վ է, որտեղի՞ց է»։ Բայց երբ հանդիպել են, ոչինչ չեն հարցրել. իրար գրկել են ու երկար ժամանակ լուռ մնացել:

Մկրտիչ Գայմագամյանը զինվորական է եղել և գործի բերումով բազմաթիվ կորած հայերի է գտել և օգնել: Նրա միջոցով է պապս՝ Վռամշապուհը, մանրամասներ իմացել իր և իր ընտանիքի մասին: Պարզել է, որ իրենց գյուղ Պարտիզակը Իզմիրի շրջանում է, որ մայրը աքսորի ճամփին կորել է Հալեպում, իսկ փոքրիկ եղբայրը մահացել է ճանապարհին: Տարիներ հետո էլ մի նամակ ու լուսանկար է ստացել Կուբայից. պարզվել է՝ հայրը ողջ է: Ջարդի ժամանակ նա ծառայելիս է եղել թուրքական բանակում: Թե ինչպէս է փրկվել, հայտնի չէ. կարճ ժամանակ անց հայր ու որդի նորից կորցրել են իրար:

Վռամշապուհը հետագայում ամուսնացել է Մկրտիչի աղջկա՝ Մարիի հետ, իսկ 1966 թվականին նրանք իրենց յոթ երեխաների հետ տեղափոխվել են Խորհրդային Հայաստան: Նա ապրել է մինչև խոր ծերություն և մահացել 1994 թվականին:

Պապիցս մեզ շատ հուշեր են մնացել՝ սրամիտ կատակներ, մեղմ ժպիտ, հանգիստ շարժուձև: Մնացել է նաև մի փոքրիկ ուլունքաշար պայուսակ: Պապս այն իր ձեռքով է գործել: Երեսունականներին, երբ դեռ արաբների մեջ էր ապրում, մի անգամ Սիրիայից անցել է Թուրքիայի սահմանն ու Այնթափում բանտ ընկել: Ձանձրույթի պահերին երկար նայել է բանտի առաստաղին. դրա զարդանախշերը շատ գեղեցիկ են եղել՝ թռչուններ, ծաղիկներ, խաչեր... Հետո, երբ ավելի է ձանձրացել, այդ պատկերներով պայուսակներ է գործել: Պապս հետո է հասկացել, որ այդ բանտը Այնթափի Սբ. Աստվածածին եկեղեցին է: Եկեղեցին հիմա մզկիթ է: Թե ինչ է մնացել նրա նախշազարդ առաստաղից, չգիտեմ: Բայց դրա մի պատառիկը պապիս ուլունքաշար պայուսակի հետ մեզ հիշատակ է մնացել:

Սաթենիկ Աշիկյան