կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 20:46
Հասարակություն

Պատմական Անիի դիմաց 24 մետր բարձրությամբ ձողի վրա ծածանվեց հայոց հսկա եռագույնը

Պատմական Անիի դիմաց 24 մետր բարձրությամբ ձողի վրա ծածանվեց հայոց հսկա եռագույնը

Շիրակի մարզի եւ Գյումրիի վարչական ղեկավարներն այցելել են Անիի ավերակներին սահմանակից գյուղ եւ մասնակցել հայկական հսկա եռագույնի բարձրացման միջոցառմանը:

Մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ նրանց ուղեկիցները եղել են Անի մայրաքաղաքի ավերակներից ընդամենը մեկ կիրճով բաժանող Խարկով գյուղ: Այստեղ ռուսաստանաբնակ 3 ընկերների նախաձեռնությամբ ծածանվել է 5 մետր լայնությամբ, 10 մետր երկարությամբ Հայոց եռագույնն ու տեղադրվել է հիշատակի խաչքար։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ուղիղ եթեր է մտել  Խարկով գյուղից ու  հայտարարել. «Գտնվում ենք Անի պատմական մայրաքաղաքի դիմաց, այսօր շատ խորհրդանշական, շատ կարևոր օր է, օրվա խորհուրդը Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն է, բայց այդ հիշատակի հավերժացման շատ լավ արարողություն կա։ Այսօր Ասլանյանների, Գրիգորյանների և Խռանյանների ընտանիքի անմիջական ջանքերով հենց Անիի դիմաց ծածանվում է 5 մետր լայնությամբ հայկական եռագույնը։ Այս եռագույնն ու հուշատախտակները, որ դրվել են, մեծ խորհրդանիշ ունեն են՝ «Եղել ենք , կանք, կլինենք»: Սահմանները, որոնք տարիներ շարունակ շատ ավելի թույլ, ավելի լքված, հայ շնչի պակասով են եղել, իրենք այդ շունչը պիտի ստեղծեն»: Ռուսաստանաբնակ երեք ընկերներն այցելել են հայ-թուրքական սահմանին գտնվող Խարկով գյուղ ու տեսնելով, որ հայկական դրոշը փոքր է, թուրքականն ավելի մեծ, նախաձեռնել են խաչքարերի ու 24 մետր բարձրության ձողի տեղադրում, որի վրա այսօր ծածանվեց Հայոց Եռագույնը։ Նրանք այս ամենը նախաձեռնել են շատ կարճ ժամանակահատվածում՝ 3-4 օրում։

«Որտեղ էլ լինենք, որտեղ էլ ապրենք, որ հողի վրա էլ, մենք պահանջատեր ենք, պիտի հիշենք մեր հողերի մասին»,-ասել է ընկերներից մեկը։

Տեղի ունեցավ խաչքարերի օծման արարողություն, ՀՀ ժողովրդական երգիչ Մուրադ Մալխասյանը կատարել է «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը։

Մինչեւ այդ՝ մարզային պաշտոնյաները Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ այցելել են Հերհերի կամ Ջարդի ձոր ու ծաղիկներ խոնարհել ի հիշատակ Եղեռնի զոհերի։  Գյումրիի Բարեկամության այգում, որտեղ կանգնեցված է անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հիշատակի կարգ է կատարվել։