կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-10 18:33
Հասարակություն

Ուզում ենք մարդկանց մոտ պահել ազգային արժեքներին. Գյումրիում ծածանվեց Արցախի դրոշը

Ուզում ենք մարդկանց մոտ պահել ազգային արժեքներին. Գյումրիում ծածանվեց Արցախի դրոշը

«Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» կարգախոսի ներքո գյումրեցիները քայլերթ են արել։

Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հայտարարած հանուն Արցախի և Հայաստանի պայքարին արձագանքել է նաև ՀՀ Շիրակի մարզը։
 
Գյումրեցիները «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» կարգախոսի ներքո քայլերթ են կազմակերպել «Խաղաղության օղակ» պուրակից մինչև Զորավար Անդրանիկի պուրակ։
 
Sputnik Արմենիայի հետ զրույցում նախաձեռնության անդամները շեշտեցին` թեև վստահում են գյումրեցիների «թասիբին», բայց պատրաստ են նաև շուրջօրյա հսկողություն սահմանել։
 
Նշենք, որ օրերս Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները ներկել էին, իսկ Վանաձորում և Արտաշատում անհայտ անձինք հանել էին։ Բոլոր դրոշները կրկին վերականգնվել են։
 
ՀՅԴ Գյումրու կոմիտեի անդամ Արա Նախշքարյանն ընդգծեց` դրոշի տեղադրմամբ ցանկանում են հասարակությանը մի փոքր մոտ պահել ազգային արժեքներին։
 
«Պետականության կայացման գործում մարդ պետք է ունենա իր սեփական մտածելակերպը։ Վստահ եմ` բացի նրանից, որ դրոշները տեղադրվում են քաղաքում, առաջիկայում կտեսնեք պատշգամբներից կախված, խանութների, ինչպես նաև տարբեր այլ հիմնարկությունների պատերին»,– ասաց Նախշքարյանը։

Ազատամարտիկ, գրող Մնացական Մուրադյանն էլ շեշտեց` այս միջոցառումն իր մեջ խորհուրդ է կրում, որն իրենք փոխանցում են հասարակությանը։
 
«Տա Աստված, որ մեր միասնությունը ավելի տարածվի ու վարակիչ դառնա։ Սա շատ կարևոր միջոցառում է, և կարծում եմ, որ բացի այս քայլերից, որոշակի այլ քայլերով մենք մեր կորցրածը հետ կբերենք»,– ասաց ազատամարտիկը։
 
Հիշեցնենք` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել։ Այնուհետև նրանք 1 ժամով փակեցին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, և այնտեղ Արցախի դրոշը բարձրացվեց։
 
Դրոշը տեղադրվել է նաև Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերում։
 
Աղբյուրը՝  Sputnik Արմենիա