կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 23:31
Քաղաքական

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել ցեղասպանության հրահրումը քրեականցնող նախագիծ

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել ցեղասպանության հրահրումը քրեականցնող նախագիծ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ապրիլի 23-ին շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է  քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր շրջանառության մեջ է դրվել իմ և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք՝ քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը:

Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, քրեականացնելով ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը, ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը՝ միաժամանակ ապահովելով Կոնվենցիայի շարունակական իրացվելիությունը: Նախագծի ընդունմամբ ՀՀ-ն կկատարի Կոնվենցիայից բխող պարտավորությունը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արարքների պատժելիության տեսանկյունից և կլրացվի այն բացը, որն այսօր առկա է ՀՀ քրեական օրենսգրքում:

Մարդկայնության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»,- ասվում է գրառման մեջ: