Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի մայիսի 23-ից շրջանառության մեջ է դրել «Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամը։
Դավիթ Բեկը (ծննդյան թիվն անհայտ է, մահացել է 1728 թ. վերջին) հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդ է, զորավար:
Ծառայել է Վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում: Սյունիքի հայերի խնդրանքով իր զորախմբով 1722 թ. սեպտեմբերին մտել է Սիսիան և Կապան ու ղեկավարել օտար զավթիչների դեմ բռնկված ժողովրդական շարժումը:
1722-1725 թթ. ազատագրել է ամբողջ Սյունիքը իրանական զորախմբերից ու մահմեդական զավթիչներից: Կարճ ժամանակահատվածում կազմակերպել է հայկական կանոնավոր զորագնդեր ու կարգավարժ բանակ, վերականգնել հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր՝ հիմնելով հայկական անկախ իշխանապետություն՝ Հալիձոր կենտրոնով:
1725-1727 թթ. օսմանյան բանակը փորձել է գրավել Սյունիքը: 1727 թ. փետրվարի 26-ին Դավիթ Բեկն իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում, հերոսաբար կռվել այն պաշարած թուրքական գերակշիռ զորքերի դեմ, մարտի 4-ին անսպասելի հակագրոհով ջախջախել և փախուստի մատնել նրանց Սյունիքի սահմաններից դուրս: Հալիձորի ճակատամարտում ոչնչացվել է 13000 թուրք ասկյար, թշնամուց առգրավվել է 148 մարտական դրոշ։ Ձեռք բերված հաղթանակը մեծապես նպաստել է Սյունիքի և Արցախի հայ ազատագրական շարժման համախմբմանն ու հայկական զորքերի հետագա հաջողություններին:
Դավիթ Բեկը հայրենասիրության խորհրդանիշ է, հայ ժողովրդի ազատագրական պայքարի ռահվիրա:
Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը, Արմեն Տիգրանյանի համանուն օպերան և Համո Բեկնազարյանի գեղարվեստական կինոնկարը։ Դավիթ Բեկի հուշարձանը կանգնեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում:
Դիմերես՝ Հալիձորի բերդապարիսպը Խուստուփ լեռան ֆոնին, ջահի և թրի պատկերներ:
Դարձերես՝ դրվագ Դավիթ Բեկի հուշարձանից՝ Կապանում (քանդակագործներ՝ Ս. Բաղդասարյան, Մ. Նուրիջանյան, 1978 թ.), ձիու ոտքերի տակ թափված զենքի պատկերներ:
Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 250 հատ
Թողարկման տարեթիվը 2022