կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 17:46
Քաղաքական

Հող է նախապատրաստվում «օրենքի տառին համապատասխան» ներխուժելու այս հեռուստաալիքներ. մի հրապարակման արձագանքներ

Հող է նախապատրաստվում «օրենքի տառին համապատասխան» ներխուժելու այս հեռուստաալիքներ. մի հրապարակման արձագանքներ

ՀՀ վարչապետի ընտանեկան «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքէջում այսօր կրկին զետեղվել է «լավատեղյակ աղբյուրներից» «ճշտված» մի «հրատապ լուր», ըստ որի՝ «Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով ուղերձի տեխնիկական կադրերի սկանդալային արտահոսքն իրականացվել է ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից»: Փաշինյանի քնհամաճույքները տարածող ընտանեկան կայքն այնհուհետև ավելացնում է, որ «ըստ լրատվական դաշտում շրջանառվող լուրերի՝ «Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով»:

Թե որոնք են ընտանեկան կայքի «լավատեղյակ աղբյուրները» կամ այդ ո՞ր «լրատվական դաշտում են» շրջանառվել այդ լուրերը՝ այդպես էլ չի մանրամասնվում։ Դեղին մամուլի վերածված կայքէջի նշված հրապարակման մեջ պարզորոշ երևում են «գայլի ականջները», և շատ ջանք պետք չէ թափել՝ կռահելու, թե ում էժանագին քայլի արդյունքն է սա։ 

Անդրադառնալով հրապարակմանը՝ «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը գրել է  «Սովորություն չունեմ և երբեք լրագրողական համայնքի ներկայացուցիչների դեմ չեմ գրել, ավելին՝ երբեք դատական հայցով հանդես չեմ եկել: Դա իմ տեսակը չէ, և այն անհեթեթությունը, որ գրել է վարչապետի ընտանիքին պատկանող թերթը, դիտարկում եմ ՖԱՍ հրահանգի շրջանակում: Կարելի է հայհոյել, նույնիսկ տղայական ոճով «քֆուր դնել», բայց դրանք այլ որակների դեպքում է լինում, իսկ այդ դեպքում՝ ՖԱՍ և միայն՝ ՖԱՍ:
Մարդ չդարձաք, հո զոռով չի»:

Հրապարակմանն անդրադարձել է նաև «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը. «Այսօր մի հիմար իբր լուր է տարածվել, որում կա նաև իմ անունը։ Ցավում եմ, որ լրագրությունը հասցրել են այս մակարդակի, երբ նույնիսկ լրագրողական պարկեշտություն չեն ունեցել՝ զանգահարել ու ճշտել լուրի իսկությունը։ Այս հարցին ու ընդհանրապես արտահոսք կոչված այդ հիմարությանը կանդրադառնամ իմ երեկոյան «Անկեղծ ասած» ծրագրումս»։ Գեղամ Մանուկյանը նշյալ հրապարակմանը նույն որակումն է տվել նաև Politik.am հետ զրույցում«Կարճ ասում եմ՝ հիմարություն։ Այնքան անգրագետ են, որ անգամ մեկնաբանության համար նախապես չեն էլ զանգահարել։ Իրենց պատկերացրած լրագրությունը սա է, ցավոք սրտի»։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն էլ հստակ միտում  և նախատեսվող գործողություններ է տեսնում այս ամենի մեջ։ Նա գրել է.  

«Լուրը տարածողը Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական խոսափողն է, սրանից բխող բոլոր հետևանքներով։ Ու ես, ճիշտն ասած, այստեղ լրիվ ուրիշ երանգներ եմ տեսնում։ Օրինակ, որ հող է նախապատրաստվում այս հեռուստաալիքներ «օրենքի տառին համապատասխան ներխուժելու»։

Խնդիրները փնտրեք անձամբ ձեր, ձեր երբեք որևէ խնդիր չլուծած թիմի, ճշմարտությունը ձեզ ներկայացնել վախեցող «պրոֆեսիոնալների», նվիրյալ լինել չցանկացող հեղափոխականների մեջ ու մեզ ազատեք այս չստացված շոուները դիտելու պարտադրանքից»։