Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
27 ՏԱՐԻՆԵՐ…
Արցախյան պատերազմն ի հայտ բերեց հերոսներ, որոնցից մի քանիսի լուսափայլը արեգական է:
Շահեն Զինավորի Մեղրյանի եղերական մահից անցել են քսանյոթ տարիներ` բազմաթիվ իրադարձություններով լի, բայց այդ ժամանակաշրջանն ընկալվում է որպես մի պահ միայն, քանզի հերոսի հիշատակի պայծառությունը բնավ չի խամրում. ավելին այսօր էլ թվում է` նա ողջ` մեզ հետ ապրում է եւ շարունակում ընթացք հաղորդել մեր գործերին:
ԱՆՁԸ
Գյուլիստանցի Շահեն Մեղրյանը Տոհմիկ Հայի նկարագրի տեր անհատականություն է: Տոհմիկ Հայ ասելով` հասկանում ենք մեկի, ով անմիջական ժառանգորդն է Հայկ Նահապետի եւ իրենով արտահայտում է նրա հերոսական ոգին ու հայության հետագա զարգացման նվաճումները: Տոհմիկ Հայերն անօրինակ են իրենց բնույթով, բայց նրանք դառնում են օրինակելի հետագա սերունդների համար:
Շահեն Մեղրյանը (ծն. 1952 թ.) Արցախյան ազատամարտի նշանավոր դեմքերից է, ազգային-ազատագրական պայքարի նախաձեռնող, ազգային բանակ ստեղծող ռազմավար, Գյուլիստան գավառի ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական առաջնորդ, Շահումյանի շրջանում գործող զորքի գլխավոր հրամանատար, հայդուկային պատերազմի նախաձեռնող եւ ղեկավար: Համակողմանի զարգացած հզոր անհատականությունը, հաղորդասեր եւ տիրական, բայց ոչ քմահաճորեն իր կամքը թելադրող, հեշտությամբ էր թափանցում մարդկանց հոգեբանության մեջ, ի բնությունե աչքի էր ընկնում նուրբ դիվանագիտությամբ, միաժամանակ լինելով միանգամայն անկեղծ: Օժտված էր ներհուն խոհականությամբ եւ աշխույժ խառնվածքով, աննկուն էր, ուներ լավատես բնավորություն, նպատակասլաց էր եւ հույժ գործնական: Բոլոր պարագաներին ինքն էր անում այն ամենը, ինչ ուրիշները հաճույքով այլոց վրա կբարդեին: Այս եւ այլ հատկանիշների շնորհիվ կարճ ժամանակում հայտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում եւ, իր կամքից անկախ, կարծես ժառանգաբար հանձն է առնում շրջանի ռազմաքաղաքական առաջնորդությունը, նաեւ` կյանքի տնտեսական կազմակերպումը:
ԳՈՐԾԸ
Շահեն Մեղրյանը, շրջահայաց եւ խորաթափանց մարդ լինելով, ազատագրական պայքարը դիմավորեց մեծ կենսափորձով: Նախկինում նա կատարել էր կուսակցական եւ տնտեսական ղեկավար աշխատանքներ եւ ձեռք բերել այնպիսի իմաստություն, որը եղել է անհասանելի շատ-շատերին: Նա առանց հոգեբանական բարդույթների «հին կարգերից» անցավ նորագույն դարաշրջան` չկորցնելով հոգու խաղաղությունը եւ հասկանալով, որ ազգը հավիտենական է, իսկ պատմական ժամանակաշրջանները անցողիկ են, հասկանալով, որ արդի դարաշրջանը ազգային անկախության, պետականության վերականգնման համար է եւ ոչ թե «դասակարգային» հարցեր լուծելու:
Լինելով բարեպաշտ ընտանիքի զավակ` հասկացավ նաեւ Հայ եկեղեցու դերը ազգային համախմբման եւ մարդու դաստիարակության գործում` կարեւոր ներդրում ունենալով նաեւ այս ասպարեզում` վերականգնելով ընդհանրական եկեղեցին Շահումյանում:
Շահենի մեծահոգությունը եւ նրա անհատական բարեմասնությունները հիմք դարձան ժողովրդի կողմից նրա ճանաչմանը որպես իր առաջնորդի:
Կարճ ժամանակում Շահենն իր բարեկամների եւ ընկերների հետ ստեղծեց ինքնապաշտպանական ջոկատներ, որոնց ղեկավարումն ի վերուստ վերապահված էր իրեն: Շահումյան էին գալիս ոչ միայն Հայաստանից, այլեւ արտասահմանի մեր համազգիները: Արցախի այլ շրջաններում ջոկատային վիճակից զինուժի անցումը կանոնավոր բանակի կատարվեց ավելի ուշ եւ դժվարություններով, այնինչ Շահումյանում բանակային կառույցն արդեն պատրաստ էր 1991 թվի վերջերին` շնորհիվ Շահենի հեռատեսության եւ մի շարք զորականների ջանքերով: Ստեղծվեց բոլոր ուժերը միավորող շտաբ, որի պետը Ֆելիքս Գզողյանն էր, այնուհետեւ` Սերգեյ Չալյանը: Իրենց հիանալի դրսեւորեցին Շահենի բազմաթիվ զինակիցները` Վանիկ Լալայան, Վալերի Ջլավյան, Սեւան Նահապետյան, Յաշա Շելունց, Կամո Հովհաննիսյան, Շուրա Գզիրյան, Շահեն Հովասափյան, Նովիկ Գյուլումյան, Հայկ Շելունց, Փեդո Գզիրյան, Գեղամ Մուրադյան, Արթուր Հակոբյան, Կամո Հարությունյան, Շահեն Սայիլյան, Շահեն Սեյրանյան, Հայկ Վերդյան եւ այլք:
Շահեն Մեղրյանի համար բախտորոշ էին 1992 թվականի` Արցախի նախագահական ընտրությունները, որում Մեղրյանը ՀՅԴ-ի կողմից առաջադրված էր Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու: Արթուր Մկրտչյանի կենսագրությունից գիտենք, թե ՀՀՇ կազմակերպությունն ինչպիսի վերաբերմունք էր դրսեւորում իր քաղաքական հիմնական մրցակցի` Դաշնակցության հանդեպ, եւ իսկապես շուտով ծայր առան սադրանքներ, սպառնալիքներ, արկածախնդիր շարժումներ: Երեւանից «դեսանտ» էին իջել այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպիսիք են Վազգեն Սարգսյանը, Բաբկեն Արարքցյանը, Արա Սահակյանը եւ ուրիշներ: Նրանք մեծ «աշխատանք» տարան, որպեսզի Շահենին դեմ քվեարկեն նույնիսկ մայրաքաղաքում ապրող որոշ դաշնակցականներ: Արդյունքում` Շահեն Մեղրյանը ստացավ 33 ձայն ընդդեմ 23-ի, որը բավարար չեղավ նրան ընտրելու համար: Կրկնակ ընտրություն չեղավ, քանզի Շահումյանի պատգամավորները սադրանքների պատճառով ստիպված էին լքել Գերագույն խորհրդի սրահը:
Մեկ ամիս անց ընկավ Շահումյանը կամ «գցեցին»: Այսպիսով` հայոց պետականությունը Արթուր Մկրտչյանի կորստից հետո ստացավ իր երկրորդ մեծ հարվածը:
Բնավորությամբ լինելով շիտակ և խաղաղ, ունենալով դիվանագետի բնատուր հատկություններ` Շահեն Մեղրյանը Շահումյանի հետ անցավ դժոխքի ճանապարհով` դառնալով նշավակ չարերի համար, որոնց դավաճանության և անճարության պատճառով Շահումյանը թողնվեց թուրքին: Շահումյանը ծախողները հենց Շահենին դարձրին իրենց մեղքերի քավության նոխազ եւ Շահումյանի ժողովրդին փորձում էին ամբոխի վերածել ու ուղղել Շահենի դեմ:
Ինքը` հերոսը, ոչ միայն դիմացավ հայրենի գավառը կորցնելու անհուն ցավին, այլեւ շարունակեց իր պայքարը հայդուկային եղանակով: Նրանց պայքարի շնորհիվ ազատագրվեց Քարվաճառի շրջանը, եւ այնուհետև, կարծես, ոչինչ էր մնում` հաղթական մուտք գործել և ազատագրել շրջանի մնացյալ բնակավայրերը: Շահենենց ներդրած ջանքերով հանգիստ կերպով կարելի էր ետ գրավել Շահումյանը, որտեղ անասելի դժվարին պայմաններում գործում էին հայդուկ-պարտիզանները: Բայց դա չարեցին պատերազմի ձեւաչափողները եւ կանգնեցրին հայոց զորքի առաջընթացը: Շահենն արդեն զոհված էր, եւ Շահումյանի ազատագրումը մնաց առկախ:
ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՎԱՐՏԸ
Խորհրդային բռնատիրության փլուզման ընթացքում եւ դրանից հետ էլ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միակ կազմակերպությունն էր, որը բարձրացել, ճեղքել էր կուսակցականության նեղ շրջանակները եւ դարձել համազգային ու համաժողովրդական զորավոր ուժ` ընդունակ լուծելու երկրի առջև ծառացող բոլոր խնդիրները: Այդ ուժը միակն էր, որ կարող էր մրցակցել իշխանությունների հետ եւ նրանց ձեռքից արդարացիորեն վերցնել երկրի կառավարման ղեկը: Ուստի իշխող կուսակցությունը մեր ազատագրական պայքարի սկզբից էր հասկացել դա եւ մեթոդաբար շարքից հանում էր ազգային երեւելի գործիչներին, ովքեր կա՛մ Դաշնակցության դրոշի տակ են հանդես եկել, կա՛մ այդպիսին էին ըստ էության, առանց ձևականորեն մաս կազմելու նրան: Անակնկալ կերպով զոհվում էին ազգային գործիչները, որոնց թվում Արթուր Մկրտչյանն էր: Եկավ ժամանակ, երբ իշխանությունների թիրախը դարձավ Շահեն Մեղրյանը:
Շահեն Մեղրյանն այնքան էր նույնականացած իր հայրենի երկրին, իր հողին ու ժողովրդին, որ նրան չէին կարող երկրի վրա որեւէ վնաս տալ, մնում էր մերձավոր երկինքը, որն ավելի հասանելի էր չարերի համար, եւ նրանք օգտագործեցին իրենց հնարավորությունը: Մեծ բան չէր դիվերսիոն մի խմբի համար մի ուղղաթիռի կործանումը որեւէ մութ տեղից արձակված մի հրթիռով, եւ դա արեցին: Դա արեցին ընտանի թշնամիները, որովհետեւ այդ տարածքը թուրքերին հասանելի չէր:
Երբ կնքվեց զինադադար եւ այլեւս կարիք չկար «դաշնակներին» օգտագործելու ռազմադաշտում, եւ երբ շատ էր մեծացել ՀՅԴ հեղինակությունը, ՀՀՇ-ն ձեռնակեց իր վերջին դավաճանական քայլը` Դաշնակցությունը հայտարարելով իբրեւ օրենքից դուրս գործող ահաբեկիչ մի կազմակերպություն:
Վարագույրը փակվեց, բայց այն արդեն իսկ պատռված էր, եւ խելամիտ հայ ժողովուրդը հասկացել էր, թե ինչ է իրականում կատարվել, եւ որքան դեռեւս հեռու ենք անկախ, ազատ պետություն ունենալուց:
Հայրենիքը կորուսյալ է, երբ ազգի հոգում տիրում է խավարը, եւ նա այլևս չի տենչում նրա ազատագրումը: Շահեն Մեղրյանի եւ իր հավատարիմ կուսակիցների ու ընկերների ներգործական զորությունն այնքան զգալի է, որ Շահումյանի անկումը չի նշանակում նրա իսպառ կորուստ: Համոզված ենք, որ մեր հոգում եւ մեր ոգով կենդանի ենք պահելու մեր Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանը` մինչեւ նրա վերջնական ազատագրումը:
Աշոտ Պետրոսյան