Փոխարժեքներ
05 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր հայ լեգենդար զորահրամանատար, Արցախի հերոս, պետական-ռազմական գործիչ, ՀՅԴ անդամ Շահեն Մեղրյանը կդառնար 73 տարեկան։
Շահեն Մեղրյանը ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում: Ընտանիքի 9-րդ երախան էր, ուներ 6 եղբայր, 4 քույր: Գերազանց ավարտելով միջնակարգ դպրոցը` 1969թ. ընդունվել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետ: 1975 թ. ավարտել է համալսարանը և վերադարձել Շահումյանի շրջան: Սկզբից աշխատել է որպես տնտեսագետ, ապա շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղար: 1981-1988 թթ. եղել է շրջանի պահածոների գործարանի տնօրեն, 1988-1991 թթ.` Ագրոարդյունաբերության վարչության պետ: 1991-1992 թթ.` մինչև շրջանի անկումը` շրջանի գործկոմի նախագահ և կուսշրջկոմի առաջին քարտուղար: Կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ է կազմավորել և հանդիսեցել շրջանի ինքնապաշտպանության փաստացի ղեկավարը։ Կապ է ունեցել Արցախյան շարժման ՀՀ և ԼՂՀ գործիչների հետ, հարկ եղած դեպքում բողոքի հեռագրեր ուղարկել ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին և ՌԽՖՍՀ նախագահ Բ. Ելցինին։
Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվել է 1988թ.: Այն ժամանակ Շահենը առաջիններից էր, որ զգաց՝ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը և սկսեց կազմակերպել զինված ջոկատներ: Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի է ունեցել Մանաշիդ գյուղում՝ 1990 թվականի հունվարի 12-13-ին, երբ ադրբեջանցի զինյալները փորձել են գյուղի բնակիչներին տեղահանել. շրջանի կամավորականների նորաստեղծ խմբերը հետ են շպրտել նրանց գյուղի սահմաններից։ Թշնամին մեծ կորուստներ տվեց այդ մարտում: Շահենը Շահումյանի շրջանի և Գետաշեն-Մարտունաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր: 1991 թ., երբ տխրահռչակ «Կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ: 1991 թ. հունիսին ադրբեջանցիները գրավեցին շրջանի 3 գյուղերը` Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ: 1991 թ. Շահենն իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը: Այդ օպերացիան առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան գրավված տարածքները ազատագրել:
1991 թվականի նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ ճնշվեցին Թոդան ադրբեջանական գյուղի կրակակետերը։
Մինչև շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով եղել են ընդհարումներ: 1992 թվականի հունիսի 13-ի բռնի տեղահանումից հետո Շահեն Մեղրյանի նախաձեռնությամբ Հաթերք գյուղում 25 կամավորից բաղկացած խումբ ձևավորվեց՝ «Եղնիկներ» ջոկատը, որը թշնամու թիկունք է ներթափանցում․ այդպես է սկսվել հայդուկային շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում։ Նրանց են միանում Շահումյանում գտնվող տարբեր ջոկատների («Արաբո», «Տիգրան Մեծ», Պռոշյանի ջոկատ, Հոկտեմբերյանի տղաներ) մարտիկներ, որոնցից 1993թ. ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։ Ջոկատի անմիջական օգնությամբ ազատագրվել են Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը։
Օպերատոր Նևզորովը նկարահանել է Գերանբոյի գնդի պարտությունը Սարսանգի ջրամբարի մոտ, ադրբեջանցիների խուճապահար փախուստը և ցուցադրել ՌԴ հեռուստաալիքներով («Геранбойский батальон» ռեպորտաժ): Այդ հաղթանակը Շահենինն էր ու իր հայդուկներինը: 1993 թ. ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը, և գրավվեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները: Շահեն Մեղրյանն իր հայդուկական ջոկատով փառավոր ուղի է անցել՝ թշնամուն էական վնաս պատճառելով (1992թ. օգոստոսի 28-ին Վարարակն գետի ակունքներում գտնվող ադրբեջանցի թալանչիների վրանային «քաղաքի» ոչնչացումը. գործողության ընթացքում ոչնչացվել է 40 ադրբեջանցի թալանչի: 1992թ. սեպտեմբերի 20-ին Գյուլիստանի գործողությունը. ոչնչացվել է 11 ավտոմեքենա և 54 ադրբեջանցի զինյալ; 1992թ. հոկտեմբերի 21-ին Սարսանգ-Հաթերք ճանապարհի վրա ոչնչացվել է վառելիք փոխադրող չորս բեռնատար, սպանվել է հակառակորդի 9 զինվոր; 1992թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ոչնչացվել են ադրբեջանական 4 ուղեկալ, 8 ռազմական մեքենա և մի քանի տասնյակ զինծառայողներ):
Շահեն Մեղրյանը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել Շահումյանի շրջանը, բայց ավա՜ղ, 1993թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումյանից Երևան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփվեց «Շահումյանի արծիվ» Շահեն Մեղրյանին ու նրա 7 մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը։ Բոլորը զոհվեցին՝ Շահեն Մեղրյանը, 17-ամյա Հայկ Մեղրյանը, Արտակ Խաչատրյանը, Գրիգոր Գրիգորյանը, Պողոս Սիմոնյանը, Ռաֆիկ Բադալյանը, Արմեն Բազյանը և Ալեքսանդր Մեժունցը, ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Ջանբուլադ Մուրադյանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորյանը և բորտմեխանիկ Իոսիֆ Միքայելյանը: Նրանք հանգչում են կողք կողքի անմահների զորագնդում՝ Եռաբլուրում: Պարտիզանական պայքարը սկսել են 25 հոգով, հետո նրանց միանում են Շահումյանում գտնվող տարբեր ջոկատների («Արաբո», «Տիգրան Մեծ», Պռոշյանի ջոկատ, Հոկտեմբերյանի տղաներ) մարտիկներ, որոնցից 1993թ. ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը: 1993թ. հունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիվ 314 հրամանով զորամասն անվանակոչվեց «Շահեն Մեղրյան» հատուկ նշանակության ջոկատ: Հարազատ հողի ազատագրման պայքարը, Շահեն Մեղրյանը մղել է, հանդիսանալով Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ և Շահումյանի ՀՅԴ կազմակերպության ղեկավար գործիչ
2014 թվականի հոկտեմբերի 24-ին Շահեն Մեղրյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը: